Առուշ Առուշանյանից բացի, սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել․ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ է հայտ ներկայացրել՝ առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու, ընդ որում՝ ՔՊ ցուցակով:
Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ի Մեղրիի տարածքային խորհուրդը «Քաղպայմանագրի» վարչությանը երեք թեկնածու է ներկայացրել, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է, մյուս երկուսը՝ գործող համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը եւ գործարար Սերգո Գալստյանը:
Մխիթար Զաքարյանը, հիշեցնենք, հայտնի «սյունյաց ողջույնների» հեղինակներից էր եւ Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա հրապարակավ ներողություն խնդրել, որից հետո հեռացել էր քաղաքական դաշտից եւ վերադարձել բիզնես դաշտ։ Մի քանի տարվա լռությունից հետո նա Մեղրիի իշխանական շրջանակների հետ «շոկոլադնի հարաբերություններ» է ստեղծել եւ անգամ, ասում են, նոր հանք է շահագործում ու, ըստ այդմ, կրկին հավակնում է քաղաքապետ դառնալ։
Մենք գրել էինք, որ ՔՊ վարչությունն է ընտրում տարածքային խորհուրդների ներկայացրած թեկնածուներին, որոնք պետք է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին՝ որպես համայնքապետերի եւ ավագանու իշխանական անդամների թեկնածուներ։ Նախ տեղերի ՔՊ-ականներն են նախնական քասթինգ անցկացնում, ցանկ կազմում ու ներկայացնում վարչություն, ապա կուսակցական վերնախավը վերջնական ընտրություն է կատարում։
Մեզ տարածքային խորհրդից էին հայտնել, որ նաեւ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն է ներկայացվել։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Փաշինյանը միանգամից մերժել է նրա թեկնածությունը եւ նույնիսկ նախատել կուսակիցներին՝ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ցանկում ընդգրկելու համար։
Ավելին, մեր աղբյուրները հայտնեցին, որ «Հրապարակի» հոդվածից է Փաշինյանը տեղեկացել, որ ՔՊ Մեղրիի կառույցը Զաքարյանի թեկնածությունն է առաջադրել, եւ զայրացել է Մեղրիի կառույցի վրա։ ՔՊ-ում ասում են, որ Առուշին ներել է, բայց Մխիթար Զաքարյանին չի պատրաստվում ներել, առավել եւս՝ պաշտոն շնորհել։
Իբր՝ Առուշ Առուշանյանի պարագան ուրիշ է։ Սյունիքի ՔՊ կուսակցական վերնախավին թվացել է՝ եթե Առուշին կարելի է, ուրեմն կարելի է նաեւ Մխոյին, ու որոշել են Գորիսի մոդելը կիրառել՝ դաշինք կազմել հեղինակավոր մարդու հետ, որի շնորհիվ հնարավոր կլինի հաղթել այս ընտրություններում, մանավանդ՝ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից հետո։ Չի ստացվել։
Հիմա որոշել են նմանատիպ դաշինք կազմել գործարար Սերգո Գալստյանի հետ, որը նույն՝ «Բիզնես» կուսակցությունն է ներկայացնում։ Ցուցակի առաջին համարը կլինի անկուսակցական Սերգո Գալստյանը, ապա կհաջորդի մեկ ՔՊ-ական, եւ այսպես հավասար համամասնությամբ։ Ցուցակը 45 հոգանոց է, իսկ ինչ վերաբերում է Մխիթար Զաքարյանին, ապա որոշվել է, որ կաշխատի ՔՊ-ի համար։
Գործարար Գալստյանը, ըստ մեր աղբյուրի, Մեղրիում հարգված մարդ է, բայց ոչ այնքան, որքան Առուշը Գորիսում, ուստի բոլորը պետք է լծվեն գործին, որ ՔՊ-ն Մեղրիում հաղթանակ տոնի։ Ի դեպ, վերջին քննարկումների ժամանակ, երբ Գորիսի ՔՊ կառույցի ղեկավար Արմեն Խաչատրյանը Փաշինյանին ասել է, թե ամեն բան կանենք, որ Առուշը հաղթի, Փաշինյանն արհամարհական նետել է, թե ոչ մեկդ Առուշի հաղթանակը ձեզ վրա չքաշեք, Առուշն իր ռեսուրսներով է հաղթելու։
ՀԳ․ Ի դեպ, մենք օգոստոսի 29-ին գրել էինք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու նաեւ «ԶՊՄԿ-ից երկու տարի առաջ ազատված գնումների բաժնի պետ Սերգո Գալստյանը, որին մեղադրում էին ինչ-ինչ ֆինանսական կեղծիքների մեջ»։ Նա սեփական կուսակցությունն է բացում՝ «Խաղաղության խաչմերուկ» անունով։
Նա օգոստոսի 30-ին մեզ նամակ էր գրել՝ հիմնականում հաստատելով իր առաջադրման մասին տեղեկությունը եւ նշելով․ «Ես աշխատել եմ ոչ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, այլ նաեւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, եւ երկու գործատուների հետ էլ իմ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են բացառապես իմ դիմումի համաձայն փոխադարձ համաձայնությամբ, այլ ոչ թե այդ կազմակերպությունների նախաձեռնությամբ իմ կողմից թույլ տրված ֆինանսական կեղծիքների կամ որեւէ այլ պատճառով»։
Ի դեպ, մենք տեղեկացանք, որ «Խաղաղության խաչմերուկ» կուսակցությունը չի գրանցվել, եւ Գալստյանն առաջադրվելու է Առուշի «Բիզնես» կուսակցության ցուցակով․ ՔՊ-ի հետ դաշինքի կողմը Մեղրիում էլ է «Բիզնեսը» լինելու։

Բաց մի թողեք
Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է
Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ
Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից