Վերաքննիչ վարչական դատարանի սեպտեմբերի 11-ի որոշումը կրկին բացում է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքի պատմությունը՝ ինչպես հանրային նշանակության տարածքը քայլ առ քայլ դուրս եկավ պաշտպանական ռեժիմից, օտարվեց մասնավոր ընկերությանը և վերջում գրանցվեց որպես սեփականություն։
Դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո Ազատության պողոտա 2/5 հասցեի 10 հազար քառակուսի մետր հողատարածքը կվերադարձվի պետությանը։ Բայց այս գործի իրական նշանակությունը միայն վերադարձով չի ավարտվում։ Փաստաթղթերը վերականգնում են պետական որոշումների այն ամբողջ ընթացքը, որի արդյունքում հանրային նշանակության հողատարածքը անցել էր մասնավոր սեփականության։
2005 թվականի Երևանի գլխավոր հատակագծով 10 հազար քառակուսի մետրանոց հողամասը ներառված էր հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում և գտնվում էր Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման սահմանափակումների տակ։ 2007 թվականի դեկտեմբերին հողատարածքը «Գոլդեն Փելիսին» տրամադրվեց կառուցապատման իրավունքով։
Մի քանի ամիս անց՝ 2008 թվականի մարտի 12-ին, «Հաղթանակ» զբոսայգու սահմանների վերաճշտման արդյունքում այն դուրս մնաց զբոսայգու նոր հատակագծից։ Արդեն ապրիլի 8-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի թիվ 1619-Ա որոշմամբ 10 հազար քառակուսի մետրը ուղղակի վաճառքով փոխանցվեց ընկերությանը՝ 164 միլիոն 760 հազար դրամով, այսինքն՝ մեկ քառակուսի մետրը՝ 16 հազար 476 դրամ։
Պատմությունը դրանով չավարտվեց։ Կադաստրի տարածքային ստորաբաժանումը սկզբում հրաժարվեց գրանցել սեփականության իրավունքը։ Օգոստոսի 21-ին քաղաքապետը փոխեց հողամասի գործառնական նշանակությունը՝ այն սահմանելով հասարակական կառուցապատման տարածք։ Սեպտեմբերի 19-ին փոփոխվեց նաև ապրիլի 8-ի որոշումը։ Հոկտեմբերի 2-ին սեփականության իրավունքն արդեն գրանցվեց։ Այս ժամանակագրությունը հետագայում բառացիորեն հայտնվեց Վճռաբեկ դատարանի հրապարակված որոշման մեջ։
Այս գործի ամենաուշագրավ մասը հենց գործընթացն է։ Հանրային տարածքը մեկ որոշմամբ չի վերածվել մասնավոր սեփականության։ Դրան նախորդել է որոշումների ամբողջ հերթականություն՝ հատակագծի փոփոխություն, ուղղակի վաճառք, գործառնական նշանակության վերաձևակերպում, լրացուցիչ որոշումներ և վերջնական պետական գրանցում։ Արդյունքում օրենքով պաշտպանված հողատարածքը փուլ առ փուլ դուրս է բերվել իր նախկին կարգավիճակից և դարձել մասնավոր ակտիվ։
Ապրիլի 8-ի ամսաթիվն ունի նաև քաղաքական համատեքստ։ Հաջորդ օրը՝ 2008 թվականի ապրիլի 9-ին, տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, և ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը։ «Գոլդեն Փելիսի» երևանյան հյուրանոցի բացմանը դեռ 2005-ին մասնակցել էր հենց Քոչարյանը։ Ժամանակի մամուլը հյուրանոցի կառուցումը կապում էր այն ժամանակ Մաքսային պետական կոմիտեն ղեկավարող Արմեն Ավետիսյանի հետ։
ԱԱԾ-ն 2018 թվականին քրեական գործ էր հարուցել նախկին մաքսային ղեկավարի նկատմամբ և նախնական քննության տվյալներով պնդում էր, որ Երևանի «Գոլդեն Փելիսի» շինարարությունը նա և իր հետ գործարար հարաբերություններ ունեցող անձինք հիմնականում կանխիկ միջոցներով են ֆինանսավորել՝ կիպրական Riverhill Holdings ընկերությունը ներկայացնելով որպես օտարերկրյա ներդրող։
ԱԱԾ-ն նաև պնդում էր, որ Ավետիսյանը պաշտոնավարման ընթացքում անձամբ վերահսկել է շինարարությունը և առանձին խնդիրներ լուծել իր պաշտոնեական դիրքի օգնությամբ։ Ներկայիս պետական ռեգիստրում «Գոլդեն Փելիս» հյուրանոցի իրական շահառու է նշված նրա որդին՝ Արտաշես Ավետիսյանը։
Երվանդ Զախարյանի նկատմամբ ևս 2019-ին քրեական հետապնդում էր սկսվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով։ Հատուկ քննչական ծառայությունը նույն հողամասի դուրսբերումն ու վաճառքը ներկայացրել էր որպես պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանք։ Հետապնդումը 2020-ին դադարեցվեց վաղեմության ժամկետի անցնելու հիմքով։
Հատկապես խոսուն է հողի հետագա ճակատագիրը։ 2015-ին այն գրավադրվեց առևտրային բանկում՝ 2.8 միլիոն դոլարի վարկի դիմաց։ Հետագա փոփոխություններով վարկային պարտավորության չափը հասավ 12 միլիարդ դրամի՝ մոտ 70 անգամ գերազանցելով ձեռք բերված հողի գինը։ Հանրային այգուց վերցված տարածքն այդ պահին արդեն լիարժեք ֆինանսական ակտիվ էր՝ սեփականության վկայականով, գրավով և միլիարդավոր դրամների վարկային արժեքով։
Ու սա միայն 10 հազար քառակուսի մետրի պատմություն չէ։ Նույն «Հաղթանակ» զբոսայգուց «Գոլդեն Փելիսին» 2006 թվականին ուղղակի վաճառքով օտարվել էր ևս 17,077.6 քառակուսի մետր։ 2023 թվականին Վարչական դատարանը այդ օտարումը ևս անվավեր ճանաչեց՝ Դատախազության հայցով։
Այս գործը ամբողջությամբ բացահայտում է 2000-ականների պետական կառավարման ողջ պատկերը։ Հանրային սեփականությունը կարող էր փուլ առ փուլ դուրս բերվել իր նախկին կարգավիճակից կայացված որոշումների և իրավական ձևակերպումների միջոցով, իսկ տարիներ անց նույն պետությունը ստիպված էր դատարանների միջոցով վերադարձնել նախկինում օտարված գույքը։
Հիմա 10 հազար քառակուսի մետրը վերադառնում է պետությանը։ Սակայն այս պատմության իրական արժեքը մի հողակտորի վերադարձից մեծ է։ Այն փաստաթղթավորված օրինակ է, թե պետական որոշումների համակարգը ինչպես կարող է հանրային տարածքը վերածել մասնավոր ակտիվի, և որքան երկար ճանապարհ է պահանջվում այդ որոշումների հետևանքները հետ շրջելու համար։

Բաց մի թողեք
Այդ դեպքում «կխաբեն», «կպատժեն» կամ «կփրկեն» բառերը կկորցնեն իրենց ուժը
Արմենի հայրենիքն իր ղեկավարը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան
Էրդողանը Հայաստանի մասին հնչեղ հայտարարություն է արել ՄԱԿ-ի ամբիոնից