25/09/2026

EU – Armenia

Բանակի արդիականացման ամենակարևոր չափանիշը առօրյա ծառայության որակն է

Պաշտպանության նախարարը ճանապարհ է ընկնում զորամաս, ստուգում է վերկացը, շարային պատրաստությունը, առավոտյան մարմնամարզությունը, սնունդը, կարգապահությունը, մարտական պատրաստության վիճակը։ Վերջին շաբաթներին Սուրեն Պապիկյանի նման անակնկալ այցերը դարձել են գրեթե կանոնավոր։

Նախարարն ինքն էլ բացատրել է դրանց նպատակը։ Նրա խոսքով, այդ այցերը բացահայտում են խնդիրներ, որոնք սովորական այցելությունների ժամանակ տեսանելի չեն, քանի որ ստորաբաժանումները նախապես պատրաստվում են նախարարի գալուն։

Եթե բանակի առօրյայի վիճակը պարզելու համար նախարարին անհրաժեշտ է լուսաբացին անակնկալ հայտնվել զորամասում, կառավարման ամբողջ շղթայի արդյունավետության հարց է առաջանում։ Նախարարը կարող է և երբեմն պարտավոր է անձամբ ստուգել համակարգը, սակայն նախարարի անձնական վերահսկողությունը չի կարող դառնալ համակարգի բնականոն աշխատանքի մշտական փոխարինող։

Ժամանակակից բանակը հսկայական կազմակերպություն է։ Նրա կայունությունը կառուցվում է հրամանատարական պատասխանատվության, տեսչական վերահսկողության, ռազմական ոստիկանության, հակահետախուզական աշխատանքի, ներքին աուդիտի, անձնակազմի կառավարման և վստահելի տեղեկատվության վրա։ Քաղաքական ղեկավարի գլխավոր պատասխանատվությունը արդյունավետ համակարգ կառուցելն է՝ հստակ նպատակներով, բավարար ռեսուրսներով, պատասխանատվության աշխատող շղթայով և չափելի արդյունքներով։

ԱՄՆ բանակում այս գործառույթը կատարում է գլխավոր տեսչությունը՝ անկախ գնահատելով կարգապահությունը, պատրաստությունն ու կառավարման վիճակը։ Այն բանակի ղեկավարության «աչքերն ու ականջներն» է՝ խնդիրները բացահայտելով մինչև դրանք նախարարի անձնական միջամտության կարիք կստանան։

Հայաստանի պաշտպանության համակարգում նման գործառույթներ նույնպես կան։ Ռազմական ոստիկանության լիազորությունները վերջին տարիներին նույնիսկ ընդլայնվել են։ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդեն իրականացնում է ռազմական կրթության լայն վերափոխում։ 2025-ին ՆԱՏՕ-ն արձանագրել էր նոր ռազմական կրթության հայեցակարգի և նոր դոկտրինալ հիմքի մշակումը, սերժանտական համակարգի զարգացումը, Ռազմական ակադեմիայում էլեկտրոնային ուսուցման կենտրոնի ստեղծումը և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կարողությունների ամրապնդումը։

Բարեփոխման հաջորդ և ամենադժվար քննությունը զորամասի առօրյան է։ Ռազմական ակադեմիայի նոր ծրագիրը, նոր դոկտրինը կամ սպառազինության գնումը քիչ բան են փոխում, եթե ստորաբաժանման ներսում շարունակում են գործել հին հարաբերությունները, ոչ պաշտոնական հիերարխիաները և պատասխանատվությունից խուսափելու մշակույթը։

Այստեղ խնդիրը վաղ առավոտյան չկատարված վերկացից կամ վատ կազմակերպված մարմնամարզությունից շատ ավելի խորն է։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի համաձայն՝ 2024 թվականին արձանագրվել է ոչ կանոնադրային փոխհարաբերությունների 328 դեպք, որոնց հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 312 զինծառայող։

Նույն փաստաթուղթը զինված ուժերում մահվան մի շարք դեպքեր կապում է ոչ կանոնադրային հարաբերությունների և դրանց կանխման մեխանիզմների անբավարար արդյունավետության հետ։ Եվրոպայի խորհուրդը քրեական ենթամշակույթը Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների արմատական պատճառներից է համարել և հայ զինվորականների համար մշակել դրա վաղ հայտնաբերման ու կանխման հատուկ մեթոդաբանություն։

Սրանք կարգապահական վիճակագրության սովորական թվեր չեն։ Դրանք բանակի ներքին մշակույթի ցուցիչներ են։ Մարտունակ բանակում հրամանատարի հեղինակությունը ձևավորվում է մասնագիտական կարողությունից, արդարությունից, պատասխանատվությունից և զինվորի վստահությունից։ Քրեական ենթամշակույթը խարխլում է այդ հիմքը՝ ստեղծելով սեփական հեղինակություններ, չգրված կանոններ և պատժի ոչ պաշտոնական մեխանիզմներ։

Զորամասում նման համակարգի յուրաքանչյուր դրսևորում թուլացնում է հրամանատարական շղթան և կասկածի տակ դնում պետական կարգապահության բացառիկությունը։ Զինծառայողի վարքը պետք է կարգավորեն կանոնադրությունը, հրամանատարությունը և օրենքը։ Բանակի ներսում ցանկացած ոչ պաշտոնական հիերարխիա թուլացնում է հրամանատարության հեղինակությունը և խաթարում պետական վերահսկողության ամբողջականությունը։

Եվրոպայի խորհուրդը տարիներ շարունակ Հայաստանի հետ աշխատանքում հենց այս շերտի վրա է ուշադրություն դարձրել՝ բռնության, նվաստացման, ոչ մարտական մահերի, «դեդավշչինայի» և քրեական ենթամշակույթի կանխարգելումը կապելով հրամանատարական միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Բանակի արդիականացումը այս պատճառով կրթական նախագիծ է նաև։ Ֆիզիկական պատրաստությունը զինվորական ծառայության բնական մասն է։ Քսանմեկերորդ դարի պատերազմը դրան ավելացրել է գիտելիքի շատ ավելի մեծ պահանջ։ Անօդաչու համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքար, անվտանգ կապ, արբանյակային և թվային քարտեզագրություն, տվյալների վերլուծություն, կիբեռպաշտպանություն, մարտական բժշկություն, օտար լեզուներ, ծրագրային համակարգեր, տեխնիկական սպասարկում։ Ժամանակակից զինվորը գնալով ավելի շատ է աշխատում տեղեկատվության, սենսորի, համակարգչի և բարդ սարքավորման հետ։

Փոքր պետության համար սա կենսական նշանակություն ունի։ Մարդկային կապիտալը նույնքան պաշտպանական ռեսուրս է, որքան զինանոցը։ Էստոնիան զորակոչային ծառայությունը վաղուց կապել է տեխնոլոգիական պատրաստության հետ։ Կիբեռուղղությամբ ընտրված զինծառայողները հիմնական ռազմական ուսուցումից հետո անցնում են մասնագիտական պատրաստություն և աշխատում կապի, տեղեկատվական համակարգերի ու կիբեռանվտանգության ոլորտներում։ Ծառայության ընթացքում ձեռք բերած հմտությունները հետագայում կիրառելի են նաև քաղաքացիական տնտեսությունում։

Սինգապուրն այդ մոտեցումը կապել է նաև բարձրագույն կրթության և աշխատաշուկայի հետ։ Զինծառայողները կարող են ուսումնասիրել ծրագրավորում, տվյալագիտություն, արհեստական բանականություն ու կիբեռանվտանգություն և ստանալ համալսարանական կրեդիտներ։ Նոր Career and Skills Passport համակարգը ծառայության ընթացքում ձեռք բերված մասնագիտական հմտություններն ու վկայականները դարձնում է գործատուների համար ճանաչելի որակավորում։

Հայաստանի համար այս մոտեցումը առանձնահատուկ կարևորություն ունի։ Պետությունը երիտասարդից վերցնում է նրա կյանքի ամենաակտիվ տարիներից զգալի ժամանակ։ Այդ ժամանակը պետք է վերածվի նաև կրթության, մասնագիտության և հասունացման շրջանի։

Զինծառայության ավարտին երիտասարդը բանակից պետք է դուրս գա ոչ միայն ռազմական պատրաստությամբ, այլ նաև քաղաքացիական կյանքում կիրառելի կարողություններով՝ տեխնիկական մասնագիտությամբ, օտար լեզվով, թվային հմտություններով, առաջին բուժօգնության գիտելիքով, կառավարման փորձով կամ պետականորեն ճանաչված մասնագիտական որակավորմամբ։

Այս մոտեցումը փոխում է նաև պաշտպանական ծախսի տնտեսական տրամաբանությունը։ Զինվորի կրթության վրա կատարված ներդրումը ծառայության ավարտով չի սպառվում։ Այն վերադառնում է տնտեսություն՝ արդեն պատրաստված մարդու տեսքով։ Զորացրված կապավորը կարող է աշխատել հեռահաղորդակցության ոլորտում, անօդաչու համակարգերի օպերատորը՝ տեխնոլոգիական արտադրությունում, մեխանիկը՝ արդյունաբերությունում, բուժակը՝ առողջապահության համակարգում, կիբեռմասնագետը՝ թվային տնտեսությունում։

Այսպիսով բանակը կարող է միաժամանակ ուժեղացնել երկրի պաշտպանությունը և մեծացնել նրա մարդկային կապիտալը։ Սահմանափակ մարդկային ռեսուրս ունեցող պետությունը յուրաքանչյուր զինծառայողի ծառայության ժամանակը պետք է վերածի մարտունակության, գիտելիքի և ապագա մասնագիտական կարողության։

Յուրաքանչյուր զորակոչ պետք է միաժամանակ բարձրացնի բանակի մարտունակությունը, պահեստազորի որակը և երկրի մասնագիտական ներուժը։ Այս դիտանկյունից Սուրեն Պապիկյանի անակնկալ այցերը կարող են օգտակար լինել որպես համակարգի վիճակը հասկանալու միջոց։ Սակայն դրանց հաճախականությունը նաև կառավարման որակի մասին հարց է բարձրացնում։ Տասնյակ հազարավոր մարդկանց համակարգում նախարարը չի կարող անձամբ ստուգել վերկացը, սնունդը, հերթապահությունը, կարգապահությունն ու ստորաբաժանումների բարոյահոգեբանական վիճակը։

Դրա համար գոյություն ունեն ինստիտուտները։ Գլխավոր ռազմական տեսչությունը պետք է նախարարին տա անկախ և ամբողջական պատկեր ստորաբաժանումների պատրաստության, կարգապահության ու հրամանատարական միջավայրի մասին։ Ռազմական ոստիկանությունը պետք է կարողանա վաղ հայտնաբերել բռնությունը, ոչ կանոնադրային հարաբերությունները և քրեական ենթամշակույթի դրսևորումները։ Զինծառայողը պետք է ունենա անվտանգ և վստահելի կոմունիկացիայի մեխանիզմ, իսկ հրամանատարական կազմը՝ մշտական, չափելի և բազմակողմ գնահատման համակարգ։ Նախարարը պետք է ամեն օր ստանա ամբողջական պատկեր զորամասերի վիճակի մասին՝ մինչև խնդիրները հասնեն այն փուլին, երբ դրանք հնարավոր է տեսնել միայն անձնական ստուգայցով։

Բանակի արդիականացման ամենակարևոր չափանիշը առօրյա ծառայության որակն է։ Զորամասի կարգապահությունը պետք է ապահովվի կայուն ինստիտուցիոնալ մեխանիզմներով և չդառնա նախարարի անձնական ներկայությունից կախված։ Ծառայության ավարտին պետությունը պետք է ստանա պատրաստված պահեստազորային, իսկ հասարակությունը՝ ավելի կրթված, տեխնոլոգիապես գրագետ, կարգապահ և տնտեսության մեջ պահանջված երիտասարդ։ Այդպիսի բանակը դառնում է ոչ միայն անվտանգության համակարգ, այլև պետության մարդկային կապիտալը ձևավորող առանցքային ինստիտուտ։