28/09/2026

EU – Armenia

«Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանի լարման տրանսֆորմատորը 1969 թվականի արտադրության էր. Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհին:

«ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանի մասին.

Ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. իրականացվում է նախաքննություն։

ՀԷՑ-ի պատվիրակմամբ մեկնարկել և իրականացվում է նաև անկախ համալիր փորձաքննություն։

ՀԷՑ-ի անվտանգության և վերահսկողության տնօրենությունում, զուգահեռաբար նաև տեխնիկական տնօրենությունում տեղի են ունենում երկու ծառայողական քննություններ։

Հ.Գ. Նկարում հրդեհված 40 հազար կՎԱ հզորության, 110/6 կՎ լարման տրանսֆորմատորի պիտակն է. այն 1969 թվականի արտադրության էր»,- ասվում է Պետրոսյանի տարածած հրապարակման մեջ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:

Նաև հայտնել է, որ հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել բազմաթիվ հասցեներում: Ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է։

Հրդեհի հետևանքով հոսանքազրկված գրեթե բոլոր ուղղություններում ժամը 22:30-ի դրությամբ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, իրականացվում է ծառայողական քննություն:

Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):