30/09/2026

EU – Armenia

Opel-ի առեղծվածն ու Կարեն Համբարձումյանի էկզոտիկ զանգը

Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկումը մի պահ ընդհատվել է զավեշտալի միջադեպի պատճառով։

Նիստի ընթացքում հանկարծ հեռախոս է սկսել զանգել։ Մի քանի վայրկյան շարունակ նիստին ներկա պատգամավորները չեն հասկացել, թե ում հեռախոսն է զանգում, ինչի հետևանքով ներկաներից ոմանք սկսել են միմյանց նայել։

Իրավիճակին արձագանքել է ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ զանգող հեռախոսն իրենը չէ և զուր են նիստի մասնակիցները նայում իր կողմը։

Մի քանի վայրկյան անց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հասկացել է, որ զանգող հեռախոսը հենց իրենն է։ Նա գրպանից հանել է հեռախոսը, սակայն միաժամանակ պնդել է, թե այդ երաժշտությամբ զանգ դրված չէ իր հեռախոսին:

«Շատ էկզոտիկ զանգ ունեք»,- ասել է Մանուկյանը՝ դիմելով Համբարձումյանին:

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր եղբոր «Opel» մակնիշի ավտոմեքենայի՝ 2 մլն դրամով վարձակալության վերաբերյալ հրապարակումներին։

Պատգամավորի խոսքով՝ նշված 2 մլն դրամը մեկ տարվա համար նախատեսված գումարն է։ Նրա հաշվարկով՝ դա ամսական մոտ 150 հազար, իսկ օրական՝ շուրջ 5 հազար դրամ է։

Համբարձումյանը նշել է, որ մեքենայի վարձակալության գործընթացն իրականացվել է մրցույթի միջոցով, և եթե որևէ անձ կամ ընկերություն ցանկանար նույն ծառայությունը մատուցել օրական 5 հազար դրամով, կարող էր մասնակցել մրցույթին։

Նա ընդգծել է, որ մրցույթը բաց է եղել, և առաջարկը պայմանավորված է եղել համայնքի ու դպրոցի կարիքների համար ծառայություն ապահովելու նպատակով։

Պատգամավորի խոսքով՝ եթե որևէ մեկի համար օրական 5 հազար դրամով այդ ծառայությունը մատուցելը շահավետ էր, ապա կարող էր մասնակցել մրցույթին և ներկայացնել իր առաջարկը։