«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ ճնշումների դեպքերին՝ նշելով, որ այդ հարցը հանրային ուշադրության կենտրոնում պահելու ակնկալիք ունեն։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իրենց գործընկեր Անդրանիկ Գևորգյանը տեսանյութով ներկայացրել է այն քաղաքացիներին, որոնք, ըստ ներկայացված տեղեկությունների, աշխատանքից ազատվել են կամ ճնշումների են ենթարկվել Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու և բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։
Աբրահամյանի խոսքով՝ Գևորգյանը հրապարակել է համապատասխան լուսանկարներն ու ներկայացրել քաղաքացիների ինքնությունը՝ մանրամասն անդրադառնալով տեղի ունեցածին։ Նա ընդգծել է, որ ակնկալում են պատասխանատուների արձագանքը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը և հարցին, թե արդյոք ընդդիմությունը կհետևի նրա հորդորին ու նման իրավիճակներում բողոքի ակցիաներ կանցկացնի, Աբրահամյանը քննադատել է իշխանությունների մոտեցումը։
Նրա դիտարկմամբ՝ երբ քաղաքացիները բարձրաձայնում են իրենց խնդիրները կամ խոսում ընտրական գործընթացներում հնարավոր խախտումների մասին, նրանց հաճախ առաջարկում են բողոքի ակցիաներ կազմակերպել կամ հեղափոխության դիմել։ Մինչդեռ, ըստ նրա, նախկինում՝ 2012 և 2017 թվականների ընտրական գործընթացների ընթացքում, ինչպես նաև ավելի վաղ, նման իրավիճակներում հեղափոխության կոչեր չեն հնչել։
Աբրահամյանը կարևորել է իրավապահ մարմինների կողմից կոնկրետ գործողությունների իրականացումը՝ նշելով, որ խնդիրների լուծումը չպետք է պայմանավորվի քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչերով։ Նրա կարծիքով՝ կառավարության ղեկավարի կողմից նման հորդորներ հնչեցնելը պատշաճ մոտեցում չէ։
Պատգամավորը նաև պնդել է, որ իրավապահ համակարգը պետք է կենտրոնանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա, մինչդեռ, իր գնահատմամբ, ներկայումս դրա գործունեության զգալի մասը կապված է ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների հետ։

Բաց մի թողեք
Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի
Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան