21/10/2026

EU – Armenia

Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ ինքնիշխանության երաշխիքների մասին․ ի՞նչ է նախատեսում համաձայնագիրը

ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում Հայաստանի տարածքում գործող ենթակառուցվածքների և ձևավորվող հարաբերությունների հիմքում լինելու են երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները։

Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Նախարարի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանկացած գործընթաց և գործարկվող ենթակառուցվածք պետք է համապատասխանի այդ հիմնարար սկզբունքներին։

Միրզոյանը, անդրադառնալով ինքնիշխանության վերաբերյալ հնարավոր մտահոգություններին, նշել է, որ փաստաթղթում այդ հասկացությանը հատուկ անդրադարձ է կատարվում։ Նրա ներկայացմամբ՝ ենթակառուցվածքների վերաբերյալ դրույթներում «ինքնիշխանություն» բառը կիրառվում է ութ անգամ՝ ընդգծելով Հայաստանի վերահսկողությունը սեփական տարածքում իրականացվող գործընթացների նկատմամբ։

Արտաքին գործերի նախարարի հավաստմամբ՝ Հայաստանը պահպանելու է լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը երկրի սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ։

Միաժամանակ, ըստ Միրզոյանի, հայկական կողմը պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում, իսկ Հայաստանի իրավասու մարմինները պահպանելու են ֆիզիկապես ներկա լինելու իրավունքը սահմանային հսկողության բոլոր կետերում։