05/11/2026

EU – Armenia

Իշխանության ամենամոլի աջակիցներն են գիտակցում անգամ, թե իրականում ինչ է կատարվում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, կուսակցության խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և նրանց թիմակիցների բնակարաններում իրականացված խուզարկությունները, ինչպես նաև Սամվել Կարապետյանի կալանավորումը միտված էին ընդդիմադիր ուժերի նախատեսած հավաքը խափանելուն։

Այս մասին դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների գործադրած ջանքերին հակառակ՝ ընդդիմադիր ուժերի հանդիպումը, այնուամենայնիվ, կայացել է։ Աբրահամյանը նաև նշել է, որ առաջիկայում այդ ուղղությամբ նոր քաղաքական գործողություններ են սպասվում։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հավաքը տեղի էր ունեցել նախօրեին՝ այն ժամանակ, երբ դատարանը քննում էր Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Հավաքի մասնակից ուժերը հանդես էին եկել միասնական հայտարարությամբ։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին՝ Աբրահամյանը այն որակել է շինծու՝ պնդելով, որ դրա իրական շարժառիթները քողարկված չեն։

«Կարծում եմ՝ չկա մեկը, որը չի հասկանում, թե ինչ նպատակով են այս գործողություններն իրականացվում։ Նույնիսկ իշխանության ամենամոլի աջակիցներն են գիտակցում, թե իրականում ինչ է կատարվում»,- նշել է պատգամավորը։