Հայաստանում աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը եւ նոյեմբերի 29-ը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռեւս ընտրություններին մասնակցելու ձեւաչափի եւ թեկնածուների վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել։
Թեմայի շուրջ Հրապարակ թերթը զրուցել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։
– Առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» մասնակցելո՞ւ է, եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով։
– Կուսակցությունը շատ շուտով հանդես կգա հայտարարությամբ, թե որտեղ ենք մասնակցում կամ որտեղ որ թեկնածուին ենք աջակցում։
– Բոլոր համայնքներում թեկնածուներ ունենալո՞ւ եք։
– Անպայման մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին, բայց հիմա վերջնականացման փուլում է գտնվում, թե որ համայնքներում ենք մասնակցելու։ Այս պահին համայնքների մասով տեղեկատվություն չեմ կարող տալ, դեռ հստակեցված չէ։
– Տեղեկություն ունեինք, որ «Ուժեղ Հայաստան»-ը համայնքներում թեկնածուներ գտնելու խնդիր ունի, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ կուսակցության մեծ թվով անդամներ քրեական հետապնդումների ենթարկվեցին, ձերբակալվեցին, եւ շատերը խուսափում են առաջադրվել։ Նման խնդիր ո՞ւնի կուսակցությունը։
– Ճիշտ նկատեցիք, որ նախորդ ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների եւ վստահված անձանց նկատմամբ մեծ արշավ էր սկսվել, եւ մասնավորապես ընտրություններից մի քանի օր առաջ հարյուրավոր մեր վստահված անձինք եւ աջակիցներ ձերբակալվել էին։ Չնայած այդ ճնշումներին, որեւիցե խնդիր, դրա հետ կապված, չունենք։ Ինչպես խորհրդարանական ընտրության, այնպես էլ ՏԻՄ ընտրության ժամանակ կուսակցությունն այն տեղերում, որտեղ որ մասնակցելու է, բավական լուրջ ներկայացվածություն է ունենալու։
– Ազգային ժողովի ընտրություններից հետո եղե՞լ են մարդիկ, որոնք հեռացել են կուսակցությունից։
– Ավելի շատ եղել են մարդիկ, ովքեր միացել են մեր կուսակցությանը։ Եթե նայում ենք հունիսի՝ կուսակցության անդամների քանակը եւ համեմատում ենք, օրինակ, օգոստոսի հետ, տեսնում ենք, որ թիվն ավելացել է, ընդ որում՝ էականորեն աճ է գրանցել։

Բաց մի թողեք
Դիմակայունության ծրագրով ամֆիթատրոն են կառուցել
Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է
Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ