Եվրահանձնաժողովի նախագահն առաջին անգամ հստակորեն առաջարկեց կիրառել արհեստական բանականության (ԱԲ) գործիքներ՝ վարչական բեռը նվազեցնելու նպատակով։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկուշաբթի օրը հանդես եկավ արհեստական բանականության կիրառման առաջարկով՝ նպատակ ունենալով պարզեցնել եվրոպական բիզնեսների վարչական ընթացակարգերը։ Սա առևտուրը դյուրացնելու և ԵՄ-ի մրցունակությունը բարձրացնելուն ուղղված ավելի լայն նախաձեռնության մաս է կազմում։
Հոկտեմբերի 12-ին Սիցիլիայի Տաորմինա քաղաքում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության փակ հանդիպման ժամանակ ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Հանձնաժողովը ներդնելու է բիզնեսի հաշվետվությունների ներկայացման «միայն մեկ անգամ» (only once) սկզբունքը։ Սա թույլ կտա ընկերություններին տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ, իսկ ԱԲ-ն կօգնի պետական մարմիններին՝ օգտագործել այդ տվյալները։
Ֆոն դեր Լայենը նշեց, որ եվրոպական ընկերությունները ստիպված են պարբերաբար նույն տեղեկատվությունը ներկայացնել պետական մարմիններին՝ վատնելով ժամանակ, որը բիզնեսը (և Եվրոպան) իրեն թույլ տալ չի կարող. այս մասին ասվում է նրա ելույթի տեքստում։
«Ահա թե ինչու մենք կներդնենք «միայն մեկ անգամ» սկզբունքը՝ տվյալները միայն մեկ անգամ ներկայացնելու համար, իսկ ԱԲ-ի օգնությամբ վարչական մարմինները կապահովեն դրանց արդյունավետ օգտագործումը», – ասաց նա։
Սա առաջին դեպքն է, երբ ֆոն դեր Լայենը հստակորեն առաջարկում է կիրառել ԱԲ-ն հատկապես բիզնեսի վարչական ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։
«Միայն մեկ անգամ» սկզբունքն ինքնին նորություն չէ։ Հանձնաժողովն այն արդեն ներառել էր 2026 թվականի մարտին ներկայացված «EU Inc.» նախաձեռնության մեջ, որի նպատակն է ստեղծել կորպորատիվ գործունեության կարգավորման միասնական շրջանակ՝ թույլ տալով ընկերություններին ավելի հեշտությամբ հիմնել և վարել բիզնես ԵՄ տարածքում։
«EU Inc.»-ի առաջարկի համաձայն՝ ընկերությունները կարող են տեղեկատվությունը մեկ անգամ ներկայացնել ԵՄ մակարդակի թվային հարթակի միջոցով, իսկ համապատասխան տվյալները պետական մարմինների միջև կփոխանցվեն ավտոմատ կերպով։ Այնուամենայնիվ, առաջարկը հատուկ չի նախատեսում արհեստական բանականության (ԱԲ) կիրառումն այդ գործընթացն իրականացնելու համար։
Ֆոն դեր Լայենը մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե ինչպես է գործելու ԱԲ-ի աջակցությամբ համակարգը, արդյոք այն կվերաբերի բոլոր ձեռնարկություններին, և թե երբ է Հանձնաժողովը մտադիր այն ներդնել։
Իր ելույթում Հանձնաժողովի նախագահը նաև կոչ է արել կառավարություններին միանալ գործընթացների պարզեցման ջանքերին՝ ստորագրելով համաձայնագիր, որով պարտավորվում են լրացուցիչ պահանջներ չսահմանել ԵՄ օրենսդրությունը ազգային կանոնակարգերի մաս դարձնելիս։
Հիմնական սկզբունքը, ինչպես նշված է ԵՄ ղեկավարներին հոկտեմբերի 12-ին ուղարկված նամակում, այն է, որ «եվրոպական մակարդակով համաձայնեցված կանոնը չի կարող ավելի բարդանալ ազգային մակարդակով ներդրման կամ կիրառման ընթացքում»։
Առաջարկվող համաձայնագրի համաձայն՝ անդամ պետությունները պետք է բացահայտեն և հիմնավորեն ԵՄ օրենսդրությունից դուրս գտնվող լրացուցիչ ազգային պահանջները՝ ներառյալ դրանց ազդեցության գնահատումը ձեռնարկությունների և միասնական շուկայի վրա։

Բաց մի թողեք
Եվրոպան կոշտացնում է դիրքորոշումը Ռուսաստանի հարցում՝ խորացնելով Թրամփի հետ տարաձայնությունները
Ինչպես Ռուսաստանի պատերազմը փոխեց քաղաքային դիվանագիտությունը Եվրոպայում
ԵՄ-ին պակասում են ազդեցիկ դեմքեր․ առաջնորդների գագաթնաժողովին բովանդակություն ստեղծողներ չեն լինի