Մինչ Մոդիի այցը՝ ԵՄ անդամ երկրների կառավարությունները դեռ պետք է հավանություն տան այս կարևորագույն համաձայնագրին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դեկտեմբերի 16-ին նախատեսում է այցելել Բրյուսել, որտեղ ԵՄ-ն և Հնդկաստանը, ըստ ակնկալիքների, կստորագրեն ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ այս տարվա սկզբին։
Երեքշաբթի օրը՝ «Առևտրային քաղաքականության օրվա» (Trade Policy Day) շրջանակներում ելույթ ունենալիս, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առևտրային հարցերով խորհրդական Թոմաս Բաերտը հայտնեց, որ այցը նախատեսված է դեկտեմբերի 17-18-ը Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից մեկ օր առաջ։
Ակնկալվում է, որ այցը հնարավորություն կընձեռի պաշտոնապես ստորագրելու Բրյուսելի և Նյու Դելիի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններն ավարտվել էին հունվարին, իսկ փաստաթուղթը պաշտոնապես ներկայացվել էր ԵՄ Խորհրդին անցած ամիս։
Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրները դեռևս պետք է Եվրահանձնաժողովին թույլտվություն տան համաձայնագիրը ստորագրելու համար. այդ որոշումը պահանջում է որակյալ մեծամասնության համաձայնությունը։
ԵՄ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ դեսպանների և նախարարների կողմից համաձայնագրի ստորագրումը հաստատելու համար դեռևս կոնկրետ ամսաթիվ սահմանված չէ, սակայն հավանությունը կարող է տրվել դեկտեմբերի սկզբին՝ Մոդիի այցից առաջ։
Համաձայնագիրը չի նախատեսում զգայուն գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ կաթնամթերքի, շաքարի, տավարի մսի և բրնձի շուկաների ազատականացում ո՛չ մեկ, ո՛չ էլ մյուս կողմի համար։ Գործարքից մեծ մասամբ դուրս են մնացել նաև էներգետիկան, հումքային ռեսուրսները և պետական գնումները։
Առևտրին և կայուն զարգացմանը վերաբերող դրույթները նույնպես ավելի համեստ են, քան ԵՄ-ի կողմից կնքված այլ առևտրային համաձայնագրերում։ Հատկանշական է, որ Փարիզյան համաձայնագիրը ներառված չէ որպես գործարքի էական տարր. սա նշանակում է, որ առևտրային համաձայնագիրը չի կարող կասեցվել միայն այն պատճառով, որ կողմերից մեկը դուրս է գալիս կլիմայական համաձայնագրից։

Բաց մի թողեք
Ուկրաինան հայտարարում է՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար կա՛մ հիմա է, կա՛մ երբեք
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է անում խիստ միգրացիոն միջոցառումներ ձեռնարկել
ԵՄ-ն Ուկրաինայի համար բացել է ևս երկու բանակցային խումբ․ Մարթա Կոս