Հայաստանի մարզերից հնչող ահազանգերը վկայում են իշխանության ներսում նախկին համակարգի բարքերի վերադարձի վտանգի մասին։
Հեղափոխության շնորհիվ իշխանության եկած քաղաքական ուժի տեղական կառույցներում կրկին արմատավորվում են նախկին իշխանության գործելակերպն ու վարչական բարքերը։
Կուսակցական պատկանելությունը փոխվել է, պաշտոնյաների մի մասի մտածողությունը՝ մնացել նույնը․ իշխանությունը շարունակում են ընկալել որպես սեփական ազդեցությունն ու դիրքերը պահպանելու միջոց։
Հոկտեմբերի 19-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգեց, որ Հայաստանի մարզերում ՔՊ որոշ ներկայացուցիչներ վարչական լծակներով ճնշում են ընդդիմադիր և հավանական թեկնածուներին՝ փորձելով ՏԻՄ ընտրություններում ապահովել իրենց հաղթանակն առանց իրական մրցակցության։ Առավել մտահոգիչ է Իոաննիսյանի դիտարկումը․ նախկին համակարգի ներկայացուցիչները, տեղավորվելով ՔՊ-ում, շարունակում են գործել հին մեթոդներով՝ իշխանության ներսում վերակենդանացնելով այն բարքերը, որոնց դեմ ուղղված էր 2018 թվականի հեղափոխությունը։
Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ։ Վարչապետը ճնշումների ենթարկված թեկնածուներին ու ընտրողներին առաջարկեց անձամբ դիմել իրեն՝ հրապարակայնորեն պարտավորվելով հիմնավորված դեպքերի համար պատժել ցանկացած պաշտոնյայի։
Այս հրապարակային խոստումով վարչապետն անձամբ ստանձնեց դրա կատարման քաղաքական պատասխանատվությունը։ Խնդիրն առնչվում է 2018 թվականի հեղափոխության հիմնարար խոստումներից մեկին՝ քաղաքացուն իշխանության հանդեպ վախից ազատելուն։ Նախկին համակարգում համայնքապետը, մարզպետը, դպրոցի տնօրենն ու պետական հիմնարկի ղեկավարը քաղաքական վերահսկողության միասնական շղթայի օղակներ էին։
Վարչական ճնշումներով հաճախ խաթարվում էր ընտրողի ազատ կամարտահայտությունը։ Աշխատանքը կորցնելու, սոցիալական աջակցությունից զրկվելու, ընտանիքի համար խնդիրներ ստեղծելու վախը դարձել էր քաղաքական հնազանդություն պարտադրելու գործիք։
Հեղափոխությունը պետք է վերջ դներ այդ մշակույթին։ Ութ տարի անց դրա հնարավոր վերարտադրության մասին ահազանգերն արդեն իսկ լուրջ քաղաքական գնահատականի հիմք են։
Երկիրն արտաքին քաղաքական վերակողմնորոշման վճռորոշ փուլում է։ Եվրոպական ինտեգրումը, Արևմուտքի հետ ռազմավարական հարաբերությունների խորացումը և ռուսական ազդեցությունից աստիճանական ազատագրումը պահանջում են վստահելի պետական ինստիտուտներ։ Ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը դրանց կարևորագույն հենարաններից է։
Եվրոպական ժողովրդավարական ընտանիքի մաս դառնալու հավակնությունը չափվում է նաև Արթիկում, Ախուրյանում, Ամասիայում ու Հայաստանի մյուս համայնքներում ընդդիմադիր թեկնածուի ազատ գործելու հնարավորությամբ։ Այդ ազատությունը երկրի միջազգային հեղինակության, քաղաքական կայունության և ներդրումային միջավայրի անբաժանելի մասն է։ Վարչական կամայականությունը խաթարում է քաղաքացու վստահությունը պետության հանդեպ, իսկ այդ անվստահությունը վաղ թե ուշ վերածվում է քաղաքական ու տնտեսական գնի։
Փաշինյանի առաջարկած անձնական էլեկտրոնային հասցեն կարող է օգնել արձանագրել կոնկրետ դեպքերը։ Սակայն պետությունն ունի իրավապահ մարմիններ, ընտրական հանձնաժողովներ և օրենքով սահմանված ընթացակարգեր։ Դրանք պարտավոր են գործել ինքնուրույն։ Ճնշումների մասին ահազանգող մարդը պետք է պաշտպանված լինի նաև հետագա հնարավոր հաշվեհարդարից։ Անկախ քննությունը, մեղավորների իրավական պատասխանատվությունը և արդյունքների հրապարակայնությունը կարող են վերականգնել խաթարված վստահությունը։
Այս իրավիճակը ՔՊ-ի համար քաղաքական սկզբունքայնության լուրջ փորձություն է։ ՔՊ-ն պարտավոր է վերանայել իր տեղական կառույցների գործելակերպն ու կադրային քաղաքականությունը և բացառել վարչական լծակներով ընտրական առավելություն ստանալու ցանկացած փորձ։
Իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումը քաղաքականության հին հիվանդությունն է։ Դրա վերադարձը կանխելու միակ ճանապարհը իշխանության սահմանափակումն է, ազատ ընտրություններն ու օրենքի հավասար կիրառումը բոլորի նկատմամբ։
2018-ին Հայաստանի քաղաքացին մերժեց մի ամբողջ քաղաքական մշակույթ։ Այդ մշակույթի վերադարձը նոր կուսակցական դրոշի ներքո կլինի հեղափոխության ամենածանր պարտություններից մեկը։
Վարչապետի խոստման լրջությունը կերևա մարզերում՝ ազատ ընտրական մրցակցությունն ապահովելու և սեփական թիմի օրինախախտներին պատժելու իրական քայլերով։
2018-ի հեղափոխության արժեքներին հավատարիմ մնալու առաջին պայմանը քաղաքացուն հենց այսօրվա իշխանության կամայականություններից պաշտպանելն է։

Բաց մի թողեք
Երբեք չենք մոռանա, որ․․․ Թրամփը հիշաչա՞ր է
Եվրոպան թերագնահատում է ռուսական սպառնալիքը․ Մերց
Լավ տղայից՝ «ռագատկի քար» մեկ քայլ է