09/11/2026

EU – Armenia

Պուտինը, հնարավոր է, խաղաղություն չի ցանկանում. զգուշացնում է նորվեգացի առաջնորդը, ով զրուցել է նրա հետ

Lysefjorden i närheten av Stavanger i Norge. 2008-04-13

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն զգուշացնում է, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից որևէ էական բեկում չի ակնկալում։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն արդեն իսկ դուր չի գալիս Դոնալդ Թրամփին. վերջինս մեղադրում է Ստյորեի կառավարությանը նրան Խաղաղության Նոբելյան մրցանակ չշնորհելու մեջ, իսկ վերջերս էլ Նորվեգիան որակել է որպես «գարշելի երկիր» (shithouse country)։

Այժմ Ստյորեն կասկածի տակ է դնում ԱՄՆ նախագահի լավատեսական կանխատեսումը, թե իբր մոտ է «մեծ ու գեղեցիկ» խաղաղ համաձայնագրի ստորագրումը, որը վերջ կդնի Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ մղած գրեթե հինգամյա լայնամասշտաբ պատերազմին։

Աբու Դաբիում բանակցությունների վերսկսման նախաշեմին Ստյորեն իրատեսական գնահատական ​​է տվել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի տրամադրվածությանը և հրադադարի հաստատման հավանականությանը։

Մինչ Սպիտակ տունը հայտարարում է Եվրոպայում հաստատված անվտանգային կարգը վերանայելու ծրագրերի մասին, Ստյորեն կտրուկ զգուշացրել է, որ մայրցամաքի պաշտպանունակությունը չպետք է դառնա սակարկության առարկա՝ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու շուրջ բանակցություններում։

«Ես զգուշավոր կլինեի», – ասաց Ստյորեն՝ պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսված վերջին բանակցություններից։ «Աբու Դաբին միջանկյալ քայլ է, և դրա արդյունքներից մեկը պետք է լինի հաջորդող հանդիպման կազմակերպումը՝ բավականին շուտով»։

Ըստ Ստյորեի՝ Աբու Դաբիի օրակարգը, հավանաբար, կներառի քննարկումներ Սև ծովում հրադադարի շուրջ (որպեսզի հնարավոր լինի անվտանգ փոխադրել հացահատիկը), էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ հրադադարի, ռազմաճակատի գծի սառեցման, ինչպես նաև «վստահության ամրապնդման այլ միջոցառումների»՝ օրինակ՝ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ։ Նա նաև նշեց, որ աշխատանքներ են տարվում անվտանգության երաշխիքների ուղղությամբ՝ ապահովելու, որ Պուտինը կրկին չհարձակվի։

Նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում Մոսկվայի և Կիևի բանակցային խմբերը նախատեսում են հանդիպել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։ Սա կողմերի միջև փետրվարից ի վեր առաջին եռակողմ հանդիպումն է, որը տեղի է ունենում դիվանագիտական ​​ակտիվ ջանքերի մեկամսյա շրջանից և Թրամփի կողմից գործարքի կնքմանն ուղղված՝ գնալով ավելի անհամբեր պահանջներից հետո։

Այդ ընթացքում Նորվեգիայի ղեկավարը մեկ անգամ չէ, որ հայտնվել է իրադարձությունների կիզակետում։ Անցյալ ամիս, համագործակցելով իր մտերիմ ընկերոջ և տարածաշրջանային դաշնակցի՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ, Ստյորեն փորձեց փրկել խաղաղ գործընթացը, որը հայտնվել էր փակուղում։ Այդ նպատակով նա Օսլոյում կազմակերպեց հանդիպում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։

Այս քայլը թույլ տվեց Ուկրաինային և ԱՄՆ-ին կրկին համաձայնության գալ և հիմք նախապատրաստեց Աբու Դաբիում կայանալիք քննարկումների համար։ Սակայն Օսլոյի հանդիպումից ընդամենը մեկ օր անց Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում էր, որտեղ անձամբ Պուտինին անվանեց «հումանիտար գործիչ»։ Այս հայտարարությունը ցնցեց Ուկրաինայի եվրոպական դաշնակիցներից շատերին։

Ստյորեն նշեց, որ ինքը բավականաչափ դիվանագետ է՝ չբարձրաձայնելու, թե ինչ զգացողություններ է ունեցել այդ արտահայտությունը լսելիս։ Սակայն նա հավելեց. «Ես նման բառեր չէի օգտագործի»։

Հաշվի առնելով բանակցություններում Ուիթքոֆի առանցքային դերը, ինչպես նաև Թրամփի վերջերս արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանը Ուկրաինայում «նորմալ» է պահում իրեն՝ արդյո՞ք Ստյորեն վստահում է այս անձանց՝ որպես Ուկրաինայի համար արդար խաղաղ գործընթացի երաշխավորների։ Արդյո՞ք Եվրոպան պետք է վստահի նրանց, թե՞ ոչ։

Չնայած իր նրբանկատությանն ու արտաքին գործերի նախարարի պաշտոնում ձեռք բերած փորձին՝ 66-ամյա նորվեգացի քաղաքական գործչի պատասխանը միանշանակ «այո» չէր։ «Ես վստահում եմ, որ ԱՄՆ-ն փնտրում է այս պատերազմին վերջ դնելու ուղիներ», — ասաց նա։

Ուղիղ կապ Կրեմլի հետ

Հոկտեմբերի 27-ին Ստյորեն և Ստուբը նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին։ Փոխանակ սպասելու, թե երբ ԱՄՆ-ն Պուտինի հետ կհամաձայնեցնի մի գործարք, որը լայնածավալ հետևանքներ կունենար Եվրոպայի համար, նրանք հեռախոսը վերցրին և ուղղակիորեն զանգահարեցին Կրեմլ։

Սա Ուկրաինային աջակցող առաջնորդների կողմից Պուտինին ուղղված հազվադեպ քայլ էր. հիշեցնենք, որ 2022 թվականին Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր Եվրոպան մեկուսացրել է Պուտինին։ Նրանց 90-րոպեանոց հեռախոսազրույցը զարմացրեց և հիասթափեցրեց հյուսիսային երկրների որոշ հարևանների՝ մասնավորապես Դանիայում և Լատվիայում, որոնք կարծում են, թե Եվրոպան պետք է շարունակի մեկուսացված պահել ռուս ագրեսորին։

Ստյորեն մերժեց այդ մոտեցումը և պաշտպանեց Կրեմլի հետ ուղիղ կապ հաստատելու իրենց որոշումը։ «Եկեք անկեղծ լինենք. նա մեկուսացված չէ, — ասաց նա։ — Մոսկվա հասնող միակ ձայնը Վաշինգտոնից է»։

Թեև Նորվեգիան և Ֆինլանդիան լավ հարաբերություններ ունեն ամերիկացի բանակցողների հետ, պատերազմն, այնուամենայնիվ, ընթանում է Եվրոպայում, նշեց նա։ «Ապրել ամիս առ ամիս… և կարծել, թե պատերազմը կավարտվի նրանով, որ Եվրոպան չի խոսում Մոսկվայի հետ, ըստ իս, պատրանք է… Մենք կարծում ենք, որ Պուտինին պետք է հասնեն նաև եվրոպական ձայներ՝ հստակ ուղերձով, թե ինչու և ինչպես ենք մենք աջակցում Ուկրաինային»։

Ռացիոնալ, բայց ոչ խաղաղարար

Զրուցելով Պուտինի հետ՝ ինչպե՞ս կբնութագրեր Ստյորեն նրա մտավիճակը։ Արդյո՞ք նա ռացիոնալ էր թվում զրույցի ընթացքում։

«Ես այն կբնութագրեի որպես պրոֆեսիոնալ։ Կբնութագրեի որպես ռացիոնալ, — ասաց նա։ — Դա մի զրույց էր, որի ընթացքում մենք պայմանավորվեցինք սկզբունքների շուրջ. չընդհատել միմյանց և հավատարիմ մնալ մեր դիրքորոշումներին։ Նրա փաստարկները ներկայացված էին լիովին հստակ»։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Պուտինն այդ հեռախոսազրույցն օգտագործել է՝ սկանդինավյան երկու առաջնորդներին սլավոնական պատմության վերաբերյալ «դասախոսություն» կարդալու և դրանով պատերազմը հիմնավորելու համար։ Նորվեգացի գործիչը ցանկանում է շտկել այդ տպավորությունը. «Պարզապես պետք է ասեմ՝ ես ներկա էի, իսկ նա՝ ոչ»։

Արդյո՞ք Ստյորեն կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ուզում։ «Դե, եթե նա խաղաղություն ուզենար, ապա պատերազմն ի սկզբանե չէր լինի։ Եթե նա խաղաղություն ուզենար այս հինգ տարիների ընթացքում՝ տեսնելով, որ իր երկիրը հետընթաց է ապրում, հարևան երկրները դառնում են ՆԱՏՕ-ի անդամ, իր ժողովուրդը զոհվում է, և տեղի են ունենում այս բոլոր սարսափելի բաները, ապա պատերազմը կավարտվեր։ Այնպես որ, սա հարցի մի կողմն է»։

Միևնույն ժամանակ, սակայն, «այն փաստը, որ նա վերցնում է հեռախոսը»՝ զրուցելու համար, «կարծում եմ՝ վկայում է առնվազն բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին»։ Եվ թեև Ստյորեն «առայժմ» չի տեսել նշաններ, որ Պուտինն իսկապես պատրաստ է գործարքի գնալ, Աբու Դաբի թիմ ուղարկելն ու արդյունքում «ոչինչ չստանալը» նույնպես իր «գինն» ունի։

Այս շաբաթվա վերջին, Դուբլինում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, եվրոպացի առաջնորդները քննարկելու են, թե ով պետք է ներկայացնի իրենց Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հատկապես դժգոհ է այն հանգամանքից, որ ԵՄ-ին առայժմ չի հաջողվել մշակել ծրագիր՝ ապահովելու, որ որոշումներ կայացնելիս իր ձայնը լիարժեք լսելի լինի։

Ստյորեն նշեց, որ հետևել է այն բանավեճին, թե արդյոք Եվրոպայում պետք է լինի մեկը, ով «կխոսի ավելի մեծ խմբի անունից»․ «և ես կարծում եմ, որ պետք է լինի»։

Նրա խոսքով՝ դա կարող է լինել մեկ անձ կամ այլ ձևաչափ։ Կարևորն այն է, որ Եվրոպան որոշի իր հիմնական հավաքական ուղերձներն ու նպատակները, այնուհետև նշանակի մեկ կամ մի քանի անձի, ովքեր դրանք կփոխանցեն Թրամփին և Պուտինին։ Ստյորեն նշեց, որ ինքն ավելի ու ավելի է հակված այն մտքին, որ այս դերը կարող են ստանձնել այսպես կոչված «E3»-ի երկրները՝ Եվրոպայի երեք խոշորագույն տնտեսական տերությունները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։

Անկախ նրանից, թե ով հանդես կգա որպես եվրոպական շահերի խոսափող, տարածաշրջանի առջև ծառացած հրատապ խնդիրներից մեկն այն է, թե ինչպես կանխել Թրամփի և Պուտինի կողմից անվտանգության նոր ծրագրի մշակումը։ Սա Եվրոպայում մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ զորքերի ներկայության կրճատման կամ ՆԱՏՕ-ի դերի թուլացման վերաբերյալ, ինչը Ռուսաստանի ղեկավարի վաղեմի նպատակն է։

Անցյալ շաբաթ Թրամփը և նրա թիմը ակնարկեցին, որ ԱՄՆ-ն աշխատում է եվրոպական անվտանգության համակարգի հիմնարար վերափոխման ուղղությամբ, ինչը, ըստ նախագահի, կարող է ընդգրկել «ամբողջ Եվրոպան»։

Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարեց, որ նպատակը «գործնական պայմանավորվածությունների մշակումն է, որոնք կհասցեագրեն բոլոր կողմերի անվտանգային մտահոգությունները»։

Սակայն եվրոպական անվտանգության գործում Ամերիկայի դերի ապագան Ուկրաինա ռուսական ներխուժման դադարեցման շուրջ բանակցությունների հետ կապելն անընդունելի է Նորվեգիայի, ինչպես նաև, ըստ Ստյորեի, հյուսիսային և բալթյան այլ երկրների համար։

«Եվրոպական անվտանգային ճարտարապետությանը վերաբերող ցանկացած հարց պետք է քննարկվի պատերազմի ավարտից հետո, — ասաց Ստյորեն։ — Ռուսաստանը շարունակում է շրջանառության մեջ դնել 2021 թվականի վերջին հնչեցրած գաղափարներն այն մասին, թե որտեղ կարող է լինել ՆԱՏՕ-ն, իսկ որտեղ՝ ոչ։ Դա Ռուսաստանի որոշելիքը չէ։ Սա որևէ կապ չունի բանակցությունների ներկա փուլի հետ»։

Ոչ պաշտոնական զրույցներում որոշ եվրոպացի պաշտոնյաներ արդեն իսկ համակերպվել են այն մտքի հետ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հասցեին Թրամփի պարբերական քննադատությունն արդեն իսկ թուլացրել է դաշինքի՝ որպես ռուսական ագրեսիան զսպող ուժի արդյունավետությունը։

Ստյորեն, մինչդեռ, պնդում է, որ ՆԱՏՕ-ն լավ վիճակում է։ «Կարելի է քննարկել՝ արդյոք այս կամ այն ​​հայտարարությունը օգտակար է, թե ոչ, — ասաց նա։ — Կարծում եմ՝ երբեմն դժվար է ասել, որ դրանք իսկապես օգնում են»։