Լիբերալ հայացքներ ունեցող դատավորը նշել է, որ կցանկանար, որ Գերագույն դատարանի՝ նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը չեղարկվի իր կենդանության օրոք։
Շաբաթ օրը դատավոր Սոնյա Սոտոմայորը հայտարարեց, որ ԱՄՆ-ն օրենքի գերակայության և քաղաքացիական երկխոսության առումով «դժվարին շրջան» է ապրում, սակայն այն հնարավոր է հաղթահարել՝ ցուցաբերելով ավելի մեծ նվիրվածություն քաղաքակիրթ վարքագծին, հավասարությանը և երիտասարդներին Ամերիկայի հիմնարար արժեքների ուսուցանմանը։
«Կարծում եմ՝ մենք այժմ դժվարին շրջանում ենք։ Տարբեր մակարդակներում բազմաթիվ մարտահրավերներ կան։ Սա մեր պատմության մեջ իսկապես վճռորոշ պահ է, — ասաց Սոտոմայորը։ — Արդյոք այն կավարտվի՞ վաղը։ Ոչ»։
«Դա մեծ ջանքեր կպահանջի։ Չգիտեմ՝ որքան ժամանակ կպահանջվի իրավիճակը կայուն հուն վերադարձնելու համար, — ասաց Օբամայի կողմից նշանակված դատավորը Վիրջինիայում կայացած համաժողովի ժամանակ, որը նվիրված էր ամերիկյան ժողովրդավարության պատմությանն ու ապագային։ — Հուսով եմ, որ դա տեղի կունենա… իմ կենդանության օրոք։ Բայց նույնիսկ եթե իմ կյանքի ընթացքում դա տեղի չունենա, ես անկեղծորեն հավատում եմ, որ դա անպայման կլինի»։
Ջորջ Վաշինգտոնի «Մաունթ Վերնոն» կալվածքում տեղի ունեցած մեկժամյա հանդիպման ընթացքում Սոտոմայորը ուղղակիորեն չմեկնաբանեց այս շաբաթ կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, նա նշեց երեքշաբթի օրը գրանցված «ընտրողների մեծ ակտիվությունը»՝ որպես քաղաքացիական ներգրավվածության դրական նշան։ Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 49%․ ժամանակակից միջանկյալ ընտրությունների պատմության մեջ այս ցուցանիշը գերազանցվել է միայն 2018 թվականին։
Սոտոմայորը ափսոսանք հայտնեց այն կապակցությամբ, որ վերջին տարիներին ընտրական այլընտրանքները շատերի համար այնքան կտրուկ և հակադիր են թվացել, որ նրանք վախեցել են հնարավոր արդյունքներից։
«Այժմ յուրաքանչյուր ընտրություն մարդկանց համար իսկապես կարևոր է թվում, քանի որ դրանք իրականում այդպիսին են, և ես գիտեմ, որ վախի այդ զգացումը շատերի համար հարմարավետ չէ, — ասաց դատավորը։ — Կարծում եմ՝ մենք կհաղթահարենք սա»։
Սոտոմայորը նաև նշեց, որ քաղաքավարության ու հարգանքի նվազումը նպաստում է Ամերիկայում քաղաքացիական ներգրավվածության թուլացմանը։
«Այն, որ ինչ-որ մեկը չի համաձայնում ձեզ հետ, դեռ չի նշանակում, թե նա վատ մարդ է. սա մի բան է, որը մենք մոռացել ենք, — ասաց դատավորը։ — Այսօր մեր քաղաքականությունը վերածվել է անձնական վիրավորանքների ու պիտակավորումների, ինչը բոլորովին նման չէր նրան, ինչին ես սովոր էի իմ երիտասարդության տարիներին… Այն ժամանակ բանավեճերը միշտ վերաբերում էին գաղափարներին, այլ ոչ թե մարդկանց անձնական դրդապատճառներին, բնավորությանը կամ անձնական փոքրիկ թերություններին»։
Սոտոմայորը նշեց, որ կորսված որոշ նորմեր վերականգնելու համար հնարավոր է օրենսդրական կարգավորումներ պահանջվեն, սակայն մանրամասների մեջ չխորացավ։
«Քանի որ քաղաքական գործիչները փոխում են նորմերը, մենք՝ որպես հասարակության մի մաս, պետք է որոշենք, թե որ նորմերն էին կարևոր մեր ժողովրդավարության՝ մեր ակնկալած ձևով գործելու համար, — ասաց նա։ — Մենք այս իրավիճակից դուրս կգանք փոխված, և հնարավոր է՝ որոշ նորմեր ընդմիշտ կորցրած լինենք, բայց չեմ կարծում, թե որպես ժողովրդավարություն մենք կձախողենք»։
Սոտոմայորը, ով առաջատար դեր է ստանձնել հանգուցյալ դատավոր Սանդրա Դեյ Օ’Քոննորի հիմնած «iCivics» կրթական ծրագրում, ասաց, որ կարեկցում է ուսուցիչներին, ովքեր ստիպված են արձագանքել Գերագույն դատարանի իրավական մոտեցումների փոփոխություններին։
«Այժմ ես իսկապես կարեկցում եմ ուսուցիչներին, հատկապես սահմանադրական իրավունք դասավանդողներին, քանի որ իմ դատարանի իրավական պրակտիկայում որոշակի համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել, — ասաց Սոտոմայորը։ — Ի վերջո, ամեն ինչ կկարգավորվի։ Վստահ չեմ՝ երբ, բայց դա տեղի կունենա, և կհաստատվի մի նոր կարգ, որը մարդիկ կսկսեն հասկանալ… Հուսով եմ, որ դատարանը հետ կկանչի իր կատարած որոշ խելահեղ քայլեր։ Կատակում եմ… թեև, գուցե և՝ ոչ»։
Սոտոմայորը նշեց մեկ դատական որոշում, որը կցանկանար, որ դատարանը բեկանի. խոսքը 2024 թվականի այն որոշման մասին է, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել այնպիսի գործողությունների համար, որոնք կարող են դիտարկվել որպես նրա պաշտոնական պարտականությունների մաս։ Այս որոշումը պառակտեց դատարանը (հիմնականում 6-3 հարաբերակցությամբ), ընդ որում՝ Սոտոմայորը և դատարանի մյուս երկու լիբերալ անդամները դեմ արտահայտվեցին։
«Կան որոշ դատական կարծիքներ, որոնք, հուսով եմ, իմ կյանքի ընթացքում կբեկանվեն։ Անձեռնմխելիության վերաբերյալ գործը դրանցից մեկն է», — ասաց Սոտոմայորը։
Սոտոմայորը նաև նշեց, որ, իր կարծիքով, իր պահպանողական գործընկերների «մեծ մասը» իրեն ընկեր կհամարեր, և որ դատարանում ընդունված քաղաքավարի վարքագծի ավանդույթները կարող են օրինակ ծառայել ամբողջ երկրի համար։ Նա հիշեցրեց, որ դատարանի վաղ շրջանի անդամների՝ միասին ընթրելու (հաճախ նաև ալկոհոլի չարաշահմամբ ուղեկցվող) ավանդույթին փոխարինելու է եկել մի նոր՝ ժամանակակից ավանդույթ, որը ներդրել է Օ’Քոնորը. այժմ դատավորները միասին ճաշում են այն օրերին, երբ դատարանում լսումներ կամ խորհրդակցություններ են անցկացվում։
Այնուամենայնիվ, Սոտոմայորը հավելեց, որ դատավորները հրաժարվել են նախկին ավանդույթի մի տարրից։
«Մեր ճաշերի ժամանակ գինի չի մատուցվում», — ասաց նա, ինչին ի պատասխան՝ ներկաները ծիծաղեցին։


Բաց մի թողեք
Շվեդական Svekon-ը քաղաքացիական արդյունաբերությունը վերածում է պաշտպանական ներուժի
ԵՄ անձնակազմի պակասը խոչընդոտում է Չինաստանի առևտրային ճնշմանը արձագանքելը
ԵՄ երկրները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ արհեստական բանականության հարցում