5 գծապատկերից բաղկացած ուղեցույց՝ նվիրված մի խնդրի, որը կարող է հանգեցնել Իսպանիայի կառավարության անկմանը։
Չորեքշաբթի օրը Իսպանիայում կյանքը կկանգնի՝ վերջին 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլի պատճառով։ Սա տեղի է ունենում արտահերթ ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ։ Ե՛վ գործադուլի, և՛ ընտրությունների կենտրոնում մի խնդիր առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ բնակարանների անմատչելիությունը։
Ճգնաժամի հետ կապված դժգոհությունը սրվեց սեպտեմբերին, երբ Մադրիդում մի տարեց կնոջ վտարեցին այն տնից, որտեղ նա ապրում էր դեռևս 1956 թվականից։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ մասնակցելու համազգային բողոքի ակցիաներին։ Սա դրդեց վարչապետ Պեդրո Սանչեսին Իսպանիայի խորհրդարան ներկայացնել բնակարանային ոլորտին վերաբերող մի օրինագիծ, որի ընդունումը երկար ժամանակ ձգձգվում էր։ Երբ օրենսդիրները մերժեցին օրինագիծը, նա որոշեց արտահերթ ընտրություններ նշանակել։
«Յուրաքանչյուր սերունդ ունի իր պայքարը, — հայտարարեց Սանչեսը հանրահավաքի ժամանակ՝ արտահերթ ընտրություններ հայտարարելուց անմիջապես հետո։ — Մեր պայքարը բնակարանային խնդրի շուրջ է, և մենք կլուծենք այն՝ հենվելով ժողովրդի ուժի վրա»։
«Մենք պետք է նայենք վեր՝ դեպի նրանք, ովքեր բնակվում են շքեղ պենտհաուսներում, և նրանք, ովքեր կառավարում են «գիշատիչ» ֆոնդերը (vulture funds)՝ վերջ դնելով նրանց սպեկուլյատիվ գործելաոճին ու չարաշահումներին», — հավելեց նա՝ կոչ անելով ընտրողներին միավորվել՝ պաշտպանելու «փոքր սեփականատերերին և վարձակալներին»։
Զարմանալի չէ, որ Սանչեսը փորձում է օգտվել բնակարանային խնդրի թեմայից՝ վերընտրվելու նպատակով։ Բնակարանների բարձր գները ընտրողների ուշադրության կենտրոնում են. վերջին տվյալները ցույց են տալիս, որ բնակարանների գները կրկնակի բարձր են 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսպանացիները միջինում ծնողական տունը լքում են միայն 30 տարեկանից հետո, իսկ որոշ պատմական կենտրոններում զբոսաշրջիկների համար նախատեսված կացարանները կազմում են վարձակալության շուկայի 45%-ը։
Սակայն նրա համար մեծ մարտահրավեր է այն, որ նա կարող է մեղադրվել խնդրի սրման համար, որը տեղի է ունեցել իշխանության ղեկին նրա ավելի քան ութ տարի գտնվելու ընթացքում։ 2015-ից 2025 թվականներին Իսպանիայում բնակարանների միջին գներն աճել են 80%-ով, մինչդեռ աշխատավարձերն աճել են ընդամենը 30%-ով։ Խոստումը՝ օգտագործել «պետական բոլոր ռեսուրսները»՝ 184 000 հանրային և մատչելի վարձակալական բնակարաններ տրամադրելու համար, դժվար է իրականացնել։
Եվ այնուամենայնիվ, ըստ բազմաթիվ ցուցանիշների՝ Իսպանիայում բնակարանային ոլորտի խնդիրները Եվրոպայում ամենավատը չեն։ Եվրամիության տարածքում վարձավճարների և բնակարանների գների աճը դժգոհություն է առաջացնում՝ հիմք ստեղծելով, որ բնակարանների մատչելիության հարցը դառնա առանցքային թեմա հաջորդ տարի սպասվող մի շարք ընտրություններում։
Ըստ Eurostat-ի՝ բնակարանների գների ինդեքսի, 2015-ից 2025 թվականներին Իսպանիայում բնակարանների գներն աճել են 80%-ով։ 2026 թվականի առաջին կիսամյակն էլ ավելի ցայտուն դարձրեց այս պատկերը. ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում գները մոտավորապես կրկնակի բարձր էին, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում։
Երկրում բարձրացել են նաև վարձավճարները, ընդ որում՝ վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ աճը գրանցվել է քաղաքային շրջաններում և զբոսաշրջային հայտնի վայրերում։
Մասնագետները Իսպանիայի բնակարանային ճգնաժամի արմատները կապում են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքների հետ. մինչ շարքային գնորդները դժվարությամբ էին հիփոթեքային վարկեր ստանում, խոշոր ներդրողները սկսեցին զանգվածաբար գնել անշարժ գույք՝ զբաղվելով սպեկուլյացիայով և հանգեցնելով գների բարձրացման։
«Դրամական միջոցները շուկայից չեն անհետացել, դրանք պարզապես հայտնվել են ներդրողների ձեռքում, — նշում է Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի՝ բնակարանային հարցերով փորձագետ Խավիեր Գիլը։ — Այն, ինչ տեսնում ենք Իսպանիայում, նոր ցիկլ է, որը պայմանավորված է ոչ թե բնակության նպատակով, այլ շահույթ ստանալու ակնկալիքով (սպեկուլյատիվ) պահանջարկով»։
Եթե սրան ավելացնենք խոշոր քաղաքներում բնակչության աճը, սոցիալական բնակֆոնդի հետ կապված խնդիրները, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով օգտագործվող բնակարանները (որոնք, ըստ ազգային բանկի գնահատականների, կազմում են վարձակալության շուկայի՝ առանց այն էլ փոքր ծավալի մոտ 10%-ը), ապա պարզ կդառնա, թե ինչու են իսպանացիները լրջորեն զգում այս իրավիճակի ծանրությունը։
Երիտասարդներն այն հիմնական խմբերից են, որոնք դժվարանում են իրենց տեղը գտնել Իսպանիայի բնակարանային շուկայում։ 2025 թվականին 18-ից 34 տարեկանների 67%-ը դեռևս ապրում էր ծնողների հետ, իսկ այս տարիքային խմբում (26-34 տարեկան) գտնվողների գրեթե կեսը որպես իրենց կենսակերպի հիմնական պատճառ նշել է բնակարան վարձելու կամ գնելու ֆինանսական հնարավորության բացակայությունը։
«Գները անընդհատ աճում են, իսկ տանտերերն օգտվում են համակարգից՝ շահագործելու վարձակալներին», — ասում է 26-ամյա Խորխե Կոլյադոն, ով մասնակցել է Մադրիդի կենտրոնական «Պուերտա դել Սոլ» հրապարակում բնակարանային խնդիրներով մտահոգ ցուցարարների կազմակերպած զանգվածային բողոքի ակցիային՝ ճամբար հիմնելով հրապարակում։
Ուսանողը պատմեց, որ ստիպված է եղել վերադառնալ ծնողների տուն այն բանից հետո, երբ իր նախկին տանտերը կտրուկ բարձրացրել է ամսական վարձավճարը՝ ի պատասխան օրինական վարձակալության պայմանագիր կնքելու իր խնդրանքի։ «Մենք հոգնել ենք այս իրավիճակից, իսկ քաղաքական գործիչները ոչինչ չեն անում այն լուծելու համար»։
Թեև Իսպանիայում բնակարանների գների աճը զգալի է, այնուամենայնիվ, այն ամենաբարձրը չէ Եվրոպայում։ Այս մասին զգուշացնում է «Housing Europe»-ի հետազոտությունների գծով տնօրեն Ալիս Պիտինին՝ մատնանշելով Արևելյան Եվրոպայի երկրները, որտեղ վերջին տարիներին գրանցվել է գների «հսկայական աճ»։
Նմանապես, 2025 թվականից մինչև ընթացիկ տարվա առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում ԵՄ բոլոր անդամ երկրներում բնակարանների վարձավճարներն աճել են։ Ըստ էության, եթե հաշվի առնենք ազգային միջին ցուցանիշները, ապա այդ ընթացքում Իսպանիայում վարձավճարների աճը համեմատաբար չափավոր է եղել՝ ԵՄ այլ երկրների մեծ մասի համեմատ։
Թեև Սանչեսը հույս է դրել նրա վրա, որ բնակարանային խնդիրների պատճառով հանրության շրջանում առաջացած զայրույթը կվերածի իր կուսակցության օգտին տրվող ձայների, սակայն դա հեշտ չի լինի իրականացնել՝ հաշվի առնելով գների աճը նրա պաշտոնավարման ընթացքում։
«Բնակարանային քաղաքականության փոփոխությունների դեպքում դրանց ազդեցությունը սովորաբար ի հայտ է գալիս շատ ավելի ուշ։ Ուստի, կարծում եմ, քաղաքական գործիչների համար սա միշտ էլ բարդ ոլորտ է», — նշում է Պիտինին։
Հաշվի առնելով, որ բնակարանային խնդիրը սուր բնույթ է կրում նաև եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև այն, որ այն արդեն իսկ առանցքային տեղ է զբաղեցրել Բեռլինի տեղական և Նիդերլանդների համապետական ընտրություններում, կարելի է ենթադրել, որ այն կմնա օրակարգի կենտրոնում՝ մինչ եվրոպացիների մեծ մասը պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել ընտրություններին։


Բաց մի թողեք
ԵՄ-ն ակնկալում է, որ Իսրայելի հաջորդ կառավարությունը կլինի «ավելի քիչ ագրեսիվ»
Շվեդիան վերանայում է պաշտպանական գնումների գործընթացը՝ նոր սպառնալիքների պայմաններում արագություն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված
Թուրքիա – Հունաստան ծովային վեճը սպառնում է ներթափանցել ԵՄ գագաթնաժողով