15/01/2025

Եթե Ալիեւը ԼՂՀ նախկին նախագահների «դատավարությունը» միջազգայինորեն «մարսի» …

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարել է, որ Արցախի նախկին պաշտոնյաների «քրեական գործով» նախաքննությունն ավարտվել է, նյութերը մոտ ժամանակներս կուղարկվեն դատարան:

Հասկացվում է, որ Արցախի նախկին պաշտոնյաները «դատվում են» մեկ քրեական վարույթով: Դա արդեն իսկ նոնսենս է. անձը պատասխանատու է կոնկրետ իր գործողությունների համար: Բայց Ադրբեջանում ամեն ինչ հնարավոր է:

Արտառոցը Ստեփանակերտի քար, գերեզմանային լռությունն է: Մինչդեռ եթե Իլհամ Ալիեւին հաջողվի կազմակերպել ԼՂՀ նախկին նախագահների դատավարությունը, լեգիտիմացնել կայացված դատավճիռը, ապա Արցախի էջը վերջնականապես, անդառնալիորեն կփակվի:

Ի՞նչ է պետք անել: Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանն ինքնակոչ-ուզուրպատոր չեն: ԼՂՀ-ում «տեղական իշխանություն» ունենալու իրավունքը միջազգայինորեն ճանաչված է. 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԽ նախարարական կոմիտեն կոնսենսուսային որոշմամբ ճանաչել է ԼՂ ընտրված ներկայացուցիչների լեգիտիմությունը: Այդ որոշումը կայացվել է, որքան էլ արտառոց չհնչի, Ադրբեջանի նախաձեռնությամբ եւ համաձայնությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա ինստիտուտների լուծարման խնդիրը Ալիեւը բարձրացնում է նաեւ ԼՂՀ նախագահների «դատավարությունը» միջազգայինորեն օրինականացնելու նպատակով. չկա Մինսկի խումբ, ուժը կորցնում են նաեւ ԼՂ վերաբերյալ ԵԱՀԿ կայացրած բոլոր, այդ թվում եւ նրա ընտրված ներկայացուցիչներին լեգիտիմ ճանաչելու մասին որոշումները:

Ալիեւյան «դատավարության» շուրջ միջազգային ուշադրություն հրավիրելու եւ քաղաքական արդարությունը պաշտպանելու համար՝ այս մասին տողերիս հեղինակը ֆեյսբուքյան երկու գրառում է արել,— առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդից մինչեւ վեցերորդ գումարման Արցախի Ազգային ժողով՝ բոլոր պատգամավորներս, ավելի քան երեսուն տարի գործադիր իշխանությունում բարձր պաշտոն զբաղեցրածները պարտավոր ենք դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որպեսզի Ստեփանակերտ մեր ներկայանալու հնարավորություն ստեղծի եւ տեղում մեղադրանք առաջադրի եւ ձերբակալի:

Երեւանում փողոցային մի վեճ, ոստիկան-պարեկի մի անհարգալի քայլ փաստաբանական հայտնի թիմի կողմից արժանանում է վայրկենական արձագանքի: Լրանում է ԼՂՀ նախկին նախագահների, մյուս պաշտոնյաների առեւանգման, գերեվարման տարին, բայց հայ ոչ մի փաստաբան նրանց շահերը պաշտպանելու պատրաստակամություն չի հայտնել:

Շատ հավանական է՝ նրանք իրենց կապերով միջազգային լոբբինգ իրականացնում են: Խոսքն Իլհամ Ալիեւին անհարմարություն պատճառելու մասին է: Թվում է, միջազգային արձագանքն այլ կլիներ, եթե հայ փաստաբանների մի խումբ հրապարակային դիմեր Ադրբեջանի նախագահին եւ պահանջեր, որ կոնկրետ մեկ «մեղադրյալի» շահերի պաշտպանության հնարավորություն ստեղծի:

Ալիեւի կազմակերպած «դատավարության» քաղաքական մեղադրյալը ոչ Արկադի Ղուկասյանն է, որ Բակո Սահակյանը կամ Արայիկ Հարությունյանը: Ոչ էլ՝ Հայաստանի նախկին նախագահները: Խոսքը Հայաստանի Հանրապետությունը դատապարտելու մասին է: Այս հարցում նախկին-ներկա, թիմակից-ոչ թիմակից կամ «իմ եւ քո մարդ» չկա:

Չպետք է լինի: Հայաստանի բանակցային դիրքերն առանց այդ էլ «մի բան չեն»: Եթե Ալիեւը ԼՂՀ նախկին նախագահների «դատավարությունը» միջազգայինորեն «մարսի», իսկ նրա իդեա-ֆիքսը դա է. հայ-ադրբեջանական կարգավորման Բաքվի նախապայմանները կտրուկ փոխվելու են: