08/06/2025

Ռուս – ուկրաինական պատերազմում կհաղթի Թուրքիան, կպարտվի՝ Հայաստանը

Քաղաքագիտության դոկտոր, Թուրքիայի Քըրքլափելի համալսարանի պրոֆեսոր Մուհառեմ Էքշինը ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով վերլուծություն է հեղինակել, որ տեղ է գտել «Անադոլու» պետական լրատվական գործակալության կայքում:

Հեղինակը հատուկ կարևորություն է տվել Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի հատուկ ծառայությունների իրականացրած «Սարդոստայն» գործողությանը, որը, նրա կարծիքով, վկայում է, որ պատերազմը «թևակոխել է նոր փուլ»:

Թուրք քաղաքագետը գնահատում է, որ նման ծավալի հատուկ գործողությունը միայն մարտավարական նպատակ չի հետապնդում, իրականացված հարձակման ծավալները «գերազանցում են նման նպատակը»:

Այդ գրոհը «ծանր հարված է հասցրել Ռուսաստանի հոգեբանական գերակայությանը, որ ստեղծվել է Ուկրաինայի ռազմական աջակցությունը կրճատելու մասին Թրամփի որոշումից և այն տպավորությունից հետո, որ Եվրոպան և Ուկրաինան կմնան առանց ԱՄՆ աջակցության»:

Թուրք քաղաքագետի ընկալմամբ՝ Ուկրաինայի իրականացրած հատուկ գործողությունից հետո գլխավոր հարցը մեկն է՝ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պատասխանը, կհետևի՞ ոչ համաչափ հարված:

Նա գտնում է, որ եթե Ուկրաինան իրոք Ռուսաստանին ռազմավարական նշանակության կորուստներ է պատճառել, ապա «բացառված չէ, որ օրակարգ վերադառնա տակտիկական միջուկային զենքի կիրառման հարցը, ինչի մասին հակամարտության ողջ ընթացքում բազմիցս հայտարարել է Ռուսաստանը»:

Մուհառեմ Էքշինը համարում է, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի իրականացրած «Սարդոստայն» հատուկ գործողությունը Ստամբուլի «տեխնիկական բանակցությունները վերածել են պարզ ձևականության»:

Նա գտնում է, որ բանակցությունների երկրորդ փուլի «մթնոլորտն ավելի ծանր էր, քան առաջին հանդիպման ընթացքում» և դա բացատրում նախօրեին Ռուսաստանի «ստացած ծանր հարվածների ազդեցությամբ»:

Որպես ստեղծված իրավիճակից օպտիմալ ելք՝ թուրք քաղաքագետը գտնում է, որ նախագահ Էրդողանը պետք է արտգործնախարար Ֆիդանից «վերցնի միջնորդության նախաձեռնությունը և աշխատի առաջնորդների գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ»:

Նա, սակայն, համոզված է, որ նախապես պետք է հաղթահարվեն Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի տարաձայնությունները, որից հետո Էրդողանը պետք է բանակցություններ սկսի Պուտինի հետ:

Եթե այս եզրահանգումը գնահատելու լինենք խորքով, ապա պետք է ասենք, որ այդ Թուրքիայի չափազանց հավակնոտ արտաքին քաղաքականության անոնսավորում կամ փորձագիտական խորհրդատվություն է:

Ըստ էության՝ Էրդողանին վերապահվում է այնպիսի դերակատարություն, որ կհարթի Ուկրաինայի հարցում ԱՄՆ-Եվրոպա տարաձայնությունները, Ռուսաստանի նախագահին կբերի բանակցունակության դաշտ, ինչին կհետևի Թրամփ-Պուտին-Էրդողան գագաթաժողովը, որտեղ էլ կգտնվի ուկրաինական կարգավորման մոդուսը:

Ռուս-ուկրաինական կարգավորման նկատմամբ Թուրքիայի բացառիկ շահագրգռվածությունը հայտնի է: Անկարան ձգտում է հաստատուն ներկայություն ունենալ Սև ծովում և առափնյա երկրներում, ինչը նրան հնարավորություն կտա դիրքային առավելություն ստանալ Բալկաններում և Արևելյան Եվրապայում և միաժամանակ ազդեցություն տարածել Ռուսաստանի հարավում: Այդ դեպքում Թուրքիան «կտիրանա» նաև Հարավային Կովկասին:

Բայց մի՞թե Ռուսաստանը միջազգային իրավունքը, համաշխարհային կարծիքը ոտնահարում, արյունակից Ուկրաինայի հետ դաժան պատերազմ է մղում, որպեսզի վերջնարդյունքում հաղթի Թուրքիան կամ Միացյալ Նահանգներն Ուկրաինային և Եվրոպային «լքել է», որպեսզի Էրդողանի նեոօսմանականությունը հասնի «Վիեննայի դարպասներին»՝ ինչպես պատմության մեջ եղել է:

Տպավորություն է, որ Թուրքիան հավակնում է մտնել չափազանց բարդ և վտանգներով հղի գործընթացի մեջ: Ռուսաստանն, ինչ խոսք, ֆորմալ առումով «թանկ է գնահատում» բանակցությունների ստամբուլյան հարթակը, բայց դա ավելի շատ դիվանագիտական այլասացություն է, արդեն ավելի քան երկու տարի է՝ Անկարայում սպասում են Վլադիմիր Պուտինին, իսկ նա խոստանում, բայց այդպես էլ Էրդողանի հետ դեմ առ դեմ հանդիպման չի գնում:

Դա թափանցիկ ակնարկ է, որ Մոսկվան ուկրաինական «քաղցրաբլիթից» Թուրքիային բաժին հանելու մտադրություն չունի: Վերջին շրջանում այդ անվստահությանը գումարվել է Բաքվի հակառուսաստանյան բացահայտումը, որ, անկասկած, Թուրքիայի հրահանգավորմամբ է տեղի ունենում:

Ըստ երևույթին, Թուրքիան փորձելու է Մոսկվա-Բաքու լարվածությունը սրել: Նման սցենարը Հայաստանի համար մարտահրավերային է: