09/06/2025

Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ․ Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ուրեմն, ՆԳՆ-ի հրապարակած «հերքող» տեսանյութը հետևյալի մասին էր. Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հերթական անգամ երթևեկում է սահմանված 100 կիլոմետր ժամը գերազանցող արագությամբ, առջևից ընթացող պարեկային ծառայության ավտոմեքենան այդ սարսափելի ընթացքը «խանգարող» բոլոր վարորդներին ագրեսիվ կերպով ստիպում է աջ քաշել-կանգնել՝ այդպիսով նեղացնելով ճանապարհը։

Նիսսան ավտոմեքենան ստիպված կայանում է, ապա հետևից մոտենում է պարեկային ծառայության մեկ այլ կարգախումբ՝ վարորդին «ակտավորելու» նպատակով, քանի որ իրենց շեֆին խանգարել է։ Նման վարչական իրավախախտում իհարկե գոյություն չունի, բայց միշտ այդպես են վարվում՝ արհեստական մի բան գրում են (արագություն, հեռախոս, ամրագոտի և այլն), նույնիսկ մեկ անգամ Սևանի մայրուղում փորձել էին վարորդի վրա այնպիսի իրավախախտում գրել, որը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում։

Իսկ մնացածը պարզ երևում է՝ նեղացված ճանապարհով երթևեկության արդյունքում Հոնդա մեքենայի դիմաց շրջադարձով կտրում է ՎԱԶ 2106-ի վարորդը և տեղի է ունենում վթարը։ Այսինքն, որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ բարեբախտաբար այս անգամ մարմնական վնասվածքներով ավարտված վթարի հետ։

Այսպես է լինելու, քանի դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել նույն շարասյան կողմից, նույն սցենարով ու արագությամբ երեք տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով։ Այս մարդիկ խնդիր չունեն՝ եթե մեկն էլ նույնիսկ մահանար, շարասյան ավտոմեքենաների ռադիոկապի ձայնագրությունները հերթական անգամ կոչնչացնեին ու … վերջ։