19/08/2025

Դավիթ Ղազինյանը երեկ դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ՝ օգոստոսի 18-ին, դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ։

Դավիթ Ղազինյանը, ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025 թվականի հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։

Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Միքայելյանին։

Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի վերաբերյալ հարցին, ընդգծել էր՝ «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին հասցնողներից մեկը այդ նույն պաշտոնյան է»: