24/12/2024

ՊՈՒ-ականը «քաղբանտարկյալ» «կոչումը» շփոթել է իր կուսղեկի օրոք բաժանված կոչում-մեդալների հետ և ում ուզում՝ բաշխում է

Տպավորություն է, թե ընդդիմությունը շունչը պահած սպասում է, թե իր շարքերից, աջակից-համակիրներից ո՞ր մեկի դուռը կթակեն իրավապահները, ո՞ր մեկին կկալանավորեն, որ աճապարի վերջինիս ճակատին դաջել այդքա՜ն հեշտալի «քաղբանտարկյալ» պիտակը։

Քաղբանտարկյալի կարգավիճակը, ընդդիմության ընկալմամբ, երաշխավորված է, եթե որևէ իքս «աջարակից» կամ նախկին պաշտոնյա իր գործած հանցանք-զանցանքի, եթե կուզեք՝ «ղալաթի» համար ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ժամանակին, օրինակ, «37 թվի ռեպրեսիոն» կանոններով հետապնդվողի՝ «քաղբանտարկյալի» տիտղոսը կրում էր «Մարտի 1-ի գործով» սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրված Ռոբերտ Քոչարյանը։

Ընդ որում, նրա այդ կարգավիճակի մասին առանձնակի ուժգնությամբ աղաղակվում էր այն ժամանակահատվածներում, երբ դատարանը հերթական անգամ քննում էր վերջինիս կալանքի վերացման կամ երկարաձգման միջնորդությունը։ «Մարտի 1-ի գործ»-ի արյունից դատարաններով «մաքրված» (առժամանակ) Քոչարանի անունը հոլովելիս, նկատենք, վերջինիս «քաղբանտարկյալ» եղած լինելը կհիշեն և կհիշատակեն թերևս միայն նրանք, որոնց մոտ «պո ժիզնի» տապալված է բարոյականության «սահմանադրական կարգը»։ Ինչևէ, խոսենք այսօրվա մասին։

Հանրային տրանսպորտում ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարք թույլ տված Սամվել Վարդանյանն էլ, պարզվում է, բոլոր տվյալներն ունի քաղբանտարկյալների շարքում «սրբադասվելու» համար։ Նա, դատելով ՊՈՒ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանի դրած ախտորոշումից, այժմ քաղհալածյալ է, մի ստադիա էլ ու… «Սամվե՛լ, քաղբանտարկյալ»։

«Սամվել» ասացինք, հիշեցինք՝ Րաֆֆու «Սամվել»-ի նույնանուն հերոսին. փաստորեն, ելնելով «քաղբանտարկյալ» համարվելու ՀՀԿ-ի առաջարկած «ստանդարտներից» ՝ եթե մեր օրերում ապրեր, ապա հաստատ ՀՀԿ-ի ագիտպրոպի կողմից, այսպես ասած, կքաղբանտարկյալացվեր, քանի որ «այն սուրը, որը սպանեց դավաճան հորը…»։ Լավ, չշեղվենք, վերադառնանք մերօրյա Սամվելին, ավելի ճիշտ՝ նրա վերաբերյալ Աննա Մկրտչյանի հայտարարությանը: «…Սամվելը մենակ չէ։ Նա արդեն դարձել է քաղաքական հալածյալ ու որոշ ժամանակ անց ամենայն հավանականությամբ կդառնա նաև քաղաքական բանտարկյալ»,- երեկ, մինչ դատարանը կքններ Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը, ազդարարել է տիկինը։

Անկեղծ ասած, ամեն անգամ ապշում ենք, երբ խորհրդային տարիների դիսիդենտ՝ քաղբանտարկյալ, իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորված, 12 տարի կալանավայրերում անցկացրած, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, Աշոտ Նավասարդյանի հիմնադրած կուսակցության անդամները այդպես անփութորեն, ամեն անարժանի շռայլում են իրենց հոգեհարազատ դարձած այդ ստատուսը։ Բառ, որից, ի դեպ, դիվոտում էին, երբ իշխանություն էին, երբ «մեխն էլ էր իրենց ձեռքը, չագուճն էլ», ու խաչակնքելով հավաստիացնում էին՝ Հայաստանի բանտերում չկան քաղաքական բանտարկյալներ, կան հանցագործներ։

Այժմ, փաստորեն, գիտակցության տրանսֆորմացիա է տեղի ունեցել. ում «էշին» իշխանությունը «չոշ» է ասում, քաղբանտարկյալ է հռչակվում։ Այս պրակտիկան, նկատենք, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և բառիս իսկական իմաստով՝ «դասական քաղբանտարկյալների» հիշատակի և անցած ուղու նկատմամբ մեծագույն անարգանք է, երբ խուլիգանության, փողերի լվացման, յուրացման կամ այլ՝ ՔՕ-ով նկարագրված հանցակազմ պարունակող գործողություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք հավասարեցվում են նրանց։

ՀՀԿ գաղափարական հանձնաժողվում տեսնես այս մասին ի՞նչ են մտածում։

Աննա Մկրտչյանին և նրա արժեհամակարգի կրող մյուս ՀՀԿ-ականներին երևի թվում է, թե «քաղբանտարկյալ» կոչումը իրենց կուսղեկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների պես ամեն արժանավոր-անարժանին շնորհված կոչում-շքանշանների պես մի բան է։ Կարելի է, օրինակ, նորամուծություն անել՝ «ժողովրդական» և «վաստակավոր» քաղհալածյալի, քաղբանտարկյալի կոչում սահմանել կոչումների ցանկում։

Ասենք՝ Արմեն Աշոտյանին շնորհել «ժողովրդական քաղբանտարկյալ»-ի կոչումը, իշխանությանը «քֆրտած» Նարեկ Սամսոնյանին, Նարեկ Մալյանին և այլևս հայտնի դարձած «ժեխ» Սամվելին» էլ՝ «վաստակավոր քաղհալածյալ»-ի՝ քաղբանտարկյալի հեռանկարով։ Այս մարդիկ, իրոք, արժանի են նման մեծարանքի, քանի որ վաստակել են ժողովրդի որոշ (եթե չասենք՝ մեծ) մասի… խորշանքն ու գարշանքը։

Կարելի է սահմանել նաև «սերժաքոչարյանական ընդդիմությանը մատուցած ծառայությունների համար», նույն ընդդիմությանը մատուցած «բացառիկ ծառայությունների համար» մեդալ, «Պատվո շքանշանի» կողքին էլ ունենալ «Պատիվ ունեմ» շքանշան։ Այս կոչում-մեդալները կրելու արժանի թեկնածուներ հաստատ կգտնվեն ընդդիմության շարքերում։