Վրաստանում բնակվող ազերիները, ըստ մեր աղբյուրի, արդեն 3 շաբաթ է՝ անխոչընդոտ անցնում են Հայաստանի սահմանը:
Հրապարակ թերթը գրել է․ Ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանի Շուլավեր վրացական գյուղից ադրբեջանցի մի բլոգեր Տիկտոկում տեսանյութ է տեղադրել եւ կոչ արել իր հայրենակիցներին, որ Հայաստանի սահմանը բաց է` գնացեք:
Տեսանյութից երեւում է անցումը` փշալարերով պատած միջանցքով, տարածքը նման է Բագրատաշենի անցակետին:
Հասկանալի է, որ «սահմանը բաց է»-ն ինքնին չի կարող նշանակել, թե սահմանային հսկողություն չկա: Պաշտոնական որեւէ հայտարարություն չկա այն մասին, որ Շուլավերի մոտակայքում բացվել է ազատ անցում` հետիոտնի համար:
Եվ վրաստանաբնակ ադրբեջանցիներն էլ տեսականորեն կարող են ժամանել որպես Վրաստանի քաղաքացիներ: Փորձեցինք Շուլավերին առավել մոտ հայկական գյուղերի բնակիչներից պարզել, թե ինչի մասին է խոսքը: Բագրատաշենը Շուլավերից մոտ 30 կմ է հեռու:
Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը, լսելով մեր հարցը, ասաց, որ նման բան անհնար է: «Մինիմում հիմարություն է»,- ասաց նա` տեսանյութն ուսումնասիրելուց հետո: Տեսանյութում Բագրատաշենի նորակառույց կամուրջն է, որի վրայով անցնում են մարդիկ, սահմանային հսկողության ժամանակ:
Այդ կադրերը չեն նշանակում, որ հսկողություն չկա: Ասաց, որ սահմանն այս հատվածում սահմանապահների կողմից նորմալ հսկվում է, եւ իրենք ամեն օր սահմանապահների հետ կապի մեջ են: «Հավանաբար, պրովոկացիա է:
Անգամ եթե ես մոտենում եմ իմ գյուղից` Բագրատաշենից, ասենք, գետի հետ կապված հարց ունեմ կամ այլ խնդրով, ես զանգում եմ իրենց ղեկավարին, հարցնում եմ՝ կա՞ խնդիր, թե՞ ոչ, եթե ես անցնեմ»,- ասում է Սարգիս Անտոնյանը:
Դեբեդավան գյուղը Շուլավերին ավելի մոտ է՝ 20 կիլոմետրից քիչ ավելի: Գեւորգ Սարգսյանը` Դեբեդավանի վարչական ղեկավարը, նշում է. «Մոտ ենք, բայց, այսպես ասած, օդով: Շուլավեր հասնելու համար մենք ոչ թե ուղիղ ճանապարհով ենք գնում, այլ հետ ենք դառնում Բագրատաշեն, անցնում անցակետով, նոր գնում»:
Նա եւս անհնարին համարեց ազատ անցումը Բագրատաշենի նորակառույց կամրջով: Հարցին, թե ինչ-որ շրջանցիկ ճանապարհ կա՞, պատասխանեց. «Մեր մոտով չեն կարող անցնել, այստեղ սահման չկա: Ես առաջին անգամ եմ նման բան լսում: Բայց դե, ազատ, անկախ Հայաստան է, ով ինչ ուզում է, տարածում է ինտերնետով»:






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են