Մոտ 10 օր առաջ ԶԼՄ-ները գրեցին գիշերը Դավթաշենում հնչած կրակոցների մասին, որի հետեւանքով մահացել էր 33-ամյա բլոգեր Շմավոն Աթոյանը: Գործ հարուցեցին, մարդ ձերբակալեցին՝ 30-ամյա մի երիտասարդի։
Հրապարակ թերթը գրել է․ Եվ ահա, երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե այդ երիտասարդն ընդամենը զոհ է, եւ Շմավոն Աթոյանն է այլ անձանց հետ մոտեցել նրան ու ծեծի ենթարկել, նա էլ ինքնապաշտպանվել է՝ կրակոցներ է արձակել հարձակվողների ուղղությամբ:
Երեկ համացանցում իշխանական ԶԼՄ-ները նյութեր էին տարածում՝ փորձելով կատարվածին քաղաքական երանգ հաղորդել, շեշտում էին, որ ՔՊ-ական Աթոյանն իր ելույթներում ակտիվ քննադատում էր «Մեր ձեւով» շարժումը:
Ակնարկն ուղղված էր Սամվել Կարապետյանի շարժմանը, որը, փաստորեն, ըստ այդ հրապարակումների, նաեւ մարդկանց հետ է հաշվեհարդար տեսնում` քննադատության համար:
Թե ով ում վրա է հարձակվել, եւ վարկածներից որն է մոտ իրականությանը, Քննչական կոմիտեից հրաժարվում են մեկնաբանել՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը: «Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին: Սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը», – փոխանցեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Զրուցեցինք նաեւ սպանության մեջ մեղադրվող կալանավորված երիտասարդի պաշտպանի՝ Հայկ Ալումյանի հետ, որը կտրականապես բացառեց քաղաքական ենթատեքստը: «Ով որ քաղաքական ենթատեքստ է գտնում, չարաչար սխալվում է»,- ասաց նա: Ճի՞շտ է, որ անձնական հողի վրա է եղել սպանությունը, ինչ-որ աղջկա պատճառով:
«Ես շատ բան չեմ կարող ասել: Նախաքննական գաղտնիքն այնքան լայն հասկացություն է, որ մարդ աշխատում է մի քիչ քիչ ասի, քան մի քիչ ավելին: Բայց այն մարդիկ, ովքեր այս գործի մեջ որեւիցե քաղաքական ենթատեքստ են փնտրում, երեւի ուրիշ զբաղմունք չունեն: Որեւէ կապ չունի ո՛չ այդ շարժման հետ, ո՛չ այդ տղայի բլոգեր լինելու կամ քաղաքական որեւէ թեմայի հետ կապ չունի: Շուտով այնպիսի մանրամասներ հայտնի կդառնան այս գործից, որ որեւէ մեկի մոտ կասկած չի մնա, որ քաղաքական ենթատեքստ չկա: Ուղղակի հիմա ժամանակից շուտ եմ համարում այդ մասին ավելի մանրամասն տվյալներ ներկայացնելը, քանի որ նախաքննական գաղտնիքի խնդիր կա»:
Հայկ Ալումյանը հաստատեց՝ այո, իր պաշտպանյալը գործել է ինքնապաշտպանությունից ելնելով: «Դրանում չկա որեւէ կասկած, եւ շուտով կլինեն այնպիսի նյութեր, որ ոչ մեկի մոտ այդ առումով կասկած չի մնա»,- ասաց պաշտպանը:
Ուսումնասիրեցինք Շմավոն Աթոյանի ֆեյսբուքյան էջը եւ գտանք բավականին ագրեսիվ գրառումներ՝ հասցեագրված քաղաքական հակառակորդներին, նաեւ՝ Ամենայն հայոց կաթողիկոսին, որին անվանել էր սրբապիղծ: Բայց դա մեզ որեւէ հիմք չի տալիս ենթադրելու, որ նրա քննադատության թիրախներն են սպանության հետեւում կանգնած:







Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի