07/11/2025

Փաշինյանը իրական աջակցության կարիք ունի, որը դեռևս չի ստանում, ու պարզ էլ չի երբևէ կստանա՞

Այս կիրակի նոյեմբերի 9-ին Փաշինյանն ու իրեն հավատարմության երդում տված որոշ ՔՊ-ականներ, որոնցից շատերը տերունական աղոթքը որպես շուտասելուկ են ընկալում, կգնան Թալին մասնակցելու Տեր Թադե քահանայի մատուցած Սուրբ և Անմահ պատարագին:

Իսկ ինչո՞ւ հենց Թալին ու հենց Տեր Թադեի մատուցած պատարագին, քանի որ նա եզակի հոգևորականներից է, որ դեմ գնաց Մայր Աթոռի որոշմանը, որ մասնակցեց կարգալույծ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին, որ հաշտ է Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետ, որ պատրաստ է իրեն օծած Վեհափառ Հայրապետին դեմ գնալ:

Ուստի, առաջին հայացքից սովորական պայմաններում անցկացվելիք պատարագն այս դեպքում ավելի շատ քաղաքական երանգ ունի, քան հոգևոր: Փաշինյանն այսօր գնում է Թալին, վաղը կգնա Սևան, մյուս օրը, գուցե Գյումրի… ու սա ոչ նրա համար, որ ցանկանում է Սուրբ և Անմահ պատարագի մասնակցել, ու ոչ էլ այն պատճառով, որ դարձել է իրական հավատացյալ, այլ մի շատ պարզ պատճառով. նա ուզում է շոշափել, ստուգել նախ հոգևորականների, ապա նաև հանրության տրամադրությունն ու սպասելիքները:

Ինչպես նաև մարդկանց քանակն է հետաքրքիր նրան, թե ամեն հավաքից հետո, ինչքան մարդ կավելանա կամ կպակասի, ինչքան էլ, որ վարչական ռեսուրսը դեր է խաղում։ Իրեն հետաքրքիր է, թե որ հոգևորականներն իրեն կընդունեն որպես հասարակ քաղաքացու, որպես իրենց հոտի անդամի, ովքեր իրեն կընդունեն որպես կուռքի և ովքեր կհրաժարվեն սեղմել նրա ձեռքը: Ի դեպ, նշված բոլոր դեպքերն էլ իրենց նախադեպն ունեցել են արդեն. եթե 2020-ին Սիսիանի եկեղեցու հովիվը հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը, ապա արդեն 2025-ին մեկ այլ հոգևորական ծափեր է ընծայում Նիկոլ Փաշինյանին…

Եվ հիմա, երբ ինքը որոշել է եկեղեցին հարմարեցնել իր ցանկություններին ու պատկերացումներին, երբ խոստացել է Վաղարշապատի կենտրոնական հրապարակից գնալ Մայր Աթոռ ու Վեհարանն «ազատագրել», Փաշինյանը կարիք ունի իր հնարավորությունները գնահատելու: Ըստ էության, սա այն դեպքերից է, երբ ինքն իրական աջակցության կարիք ունի, որը դեռևս չի ստանում, ու պարզ էլ չի երբևէ կստանա՞:

Թերևս սա է պատճառներից մեկը, որ Նիկոլ Փաշինյանը «եկեղեցու դռներն է ընկել»:

Բացի այդ, 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը կարիք ունի հասկանալու` հանրության աջակցությունն ունի՞, թե սոցհարցումներն իսկապես ճիշտ են, և իր վարկանիշն իրոք սրընթաց անկում է ապրել: Իսկ եկեղեցին լացագույն վայրերից է հանրությանը հանդիպելու և նրա վերաբերմունքն ընկալելու համար: Եթե աղանդավորների, ԼԳԲՏ համայնքի, բլոգինգով հետաքրքրվող ու իր առավոտյան սրտիկները «քյութ» համարող որոշ երիտասարդների աջակցությունն ունի ինքը, ու դա պարզ է դառնում սոցցանցերը փոքր-ինչ մոնիթորինգ անելուց հետո, ապա Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների դեպքում այդ աջակցությունը չկա. և որպես քաղաքացու հոգեբանությունը բավականին լավ ընկալող քաղաքական գործիչ, Փաշինյանը հիմա կարիք ունի այդ քաղաքացուն հանդիպելու. այս դեպքում խոսքը իրական հավատացյալների մասին է, որոնց էլ դեմ առ դեմ հանդիպելու է գնում:

Փաստացի, այս փուլում երկու խնդիր է փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը, որքանո՞վ արդյունավետ կլինի ընթացքը, ցույց կտա ժամանակը: