Շատ զավեշտական է այս իշխանության ներկայացուցիչների անզուսպ հրճվանքը՝ Էջմիածնի ընտրությունների կապակցությամբ։ Տպավորություն է, թե Ադրբեջանին են հաղթել պատերազմում, կամ՝ մեր գերիներին ու Արցախն են հետ բերել, կամ ստիպել են, որ թշնամու զորքը նահանջի մեր տարածքից։
Հրապարակ թերթը գրել է․ Գոնե առնվազն` թոշակներն են բարձրացրել, կամ սպառողական գներն են կտրուկ իջեցրել… ընդամենը մի համայնքում՝ տիտանական ջանքերով, լիքը օրինախախտումներով, վարչական տեռորով ու բազում խորամանկություններով մի 15 հազար քվե են ստացել եւ մե հրճվանք, մե ուրախություն, մե ցնծություն․․․
Եկեք մի քիչ հետ գնանք․ 7-8 տարում բոլոր հնարավոր ուղղություններով պետական կառավարումը ձախողածների խմբակը 2018-ին Վաղարշապատի համայնքապետ դարձրեց Դիանա Գասպարյանին, ով պաշտոնավարեց 7 տարի, ապա 25-ի մայիսին կոռուպցիոն սկանդալով հեռացվեց պաշտոնից, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց։
Գործը, ճիշտ է՝ սառեցված է, որովհետեւ 7 տարի պաշտոնավարած ՔՊ-ականին դատելը վատ մեսիջ կլինի հանրությանը եւ Գասպարյանը հաստատ ամենավատ պաշտոնյան չի այս թիմի, բայց փաստ է եւ նման գործեր կարող են հարուցվել իրենց յուրաքանչյուր պաշտոնյայի նկատմամբ․․․
Հետո՝ գցեցին-բռնեցին, թե ոնց անեն, որ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում հաղթեն, պարզ էր, որ Գյումրիից ու Փարաքարից հետո դա հեշտ չէր լինելու եւ ինչ որ մեկի հանճարեղ ուղեղում ծագեց Վաղարշապատ խոշորացված համայնքը կրկին խոշորացնելու գաղափարը, այս անգամ՝ Խոյ խոշորացված համայնքի հետ, որպեսզի այնտեղ աշխատած Արգիշտի Մեխակյանը մի քանի քվե էլ Խոյից «քերի»․․․
Դե քանի որ սրանք ամոթ-աբուռ չունեն եւ հանուն իշխանության ամեն ինչի ընդունակ են՝ նման քայլն «ամենաանմեղ» խորամանկությունը համարվեց եւ ազդեցություն չունեցավ ընտրողների տրամադրությունների վրա:
Հետո սկսվեց ընտրություններ կազմակերպելու էպոպեան` ողջ պետական ապարատը, բարձրաստիճան պաշտոնյաների ամբողջ բույլը լծվեց այդ գործին. էլ ասֆալտի վրա նորից ասֆալտ անել, էլ նորոգված դպրոցները նորից նորոգել, էլ անհատ քաղաքացիների տանիքներ սարքել, էլ ՔՊ-ին չընդունողներին ու ընդդիմադիրների քարոզարշավին պատահաբար երեւացած անձանց ապօրինաբար աշխատանքից ազատել… մի խոսքով` ՀՀԿ-ի ժամանակների արած ու չարած բոլոր ընտրախախտումներն` իրենց ողջ պերճանքով…
Ու հետն էլ մանր-մունր խորամանկություններ` Նիկոլը չի գնում քարոզարշավին, ՔՊ-ի անունը պաստառների վրա աննկատ է, Մեխակյանը խուսափում է խոսել եկեղեցու դեմ արվող քայլերից եւ այլն: Ու այսքան տեռորից, խոստումներից, Խուդաթյան-Պապոյան «ծանր հրետանին» Վաղարշապատում ամիսներով աշխատեցնելուց հետո ընդամենը 15 հազար ձայն, որի մեծ մասը Խոյի եւ գյուղերի ձայներն են, որտեղ մարդիկ համայնքապետերից կախված են ու նրանց հորդորներին ենթակա:
Իսկ Էջմիածին քաղաքը մերժել է ՔՊ-ին, ընդդիմությունը քաղաքում հաղթել է:
ՔՊ-ի փոխարեն նորմալ իշխանություն լիներ ամոթից կմեռներ նման պյուռոսյան հաղթանակից, կլռեր, կփորձեր գիտակցել, որ այսքան լծակ, փող, իշխանություն գործադրելուց հետո նման արդյունքը մի բան է նշանակում` ժողովուրդն իրենց մերժում է…
Բայց դե այդքան բարոյականություն ու խելք որտեղի՞ց սրանց: Այնպես որ մի նեղվեք ու մի սադրվեք սրանց անհեթեթ «ուռռա-հաղթել ենք» տեսարաններից: Էդ ցինիզմին ու անխելքությանը ըմբռնումով վերաբերվեք… ու փորձեք էս երեւութական պարտության մեջ տեսնել ողջ իրականությունը…
Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն առաջատարն է՝ 15296 ձայնով, նրա գլխավոր մրցակից Սեւակ Խաչատրյանի «Հաղթանակ» դաշինքը ստացել է 10․051 ձայն։
Ուշագրավ է, որ Սեւակ Խաչատրյանը քաղաք Էջմիածնում հաղթել է Արգիշտի Մեխակյանին՝ ստանալով իր ձայների 70 տոկոսը՝ 7064 ձայն, իսկ Մեխակյանն ընդամենը՝ 6812։ Իշխանությունը թերեւս նախապես հաշվարկել էր, այդ պատճառով էլ ընտրություններից ամիսներ առաջ Խոյ համայնքը, որի ղեկավարն էր եղել Մեխակյանը, միավորեց Էջմիածնին, որ այստեղ ստացած ձայներով կոմպենսացնի Էջմիածնում պարտությունը։
Խոյ համայնքն ընդգրկում էր հետևյալ 16 բնակավայրերը՝ Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան։ Նշենք, որ Արգիշտի Մեխակյանն էլ Արագած համայնքից է։






Բաց մի թողեք
ՔՊ-ն հասկացավ, որ 2026-ին էլ վարչական ռեսուրս օգտագործելով կարող է հաղթել
Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը
«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը