Հիսուս Քրիստոսի, նրա աշակերտների, մարգարեների, Պապ թագավորի հետ համեմատվելու՝ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի մեծամտական մոլուցքն օրերս կանգ առավ Կոնրադ Ադենաուերի վրա։
Տարածաշրջանային համագործակցության թեմայով Ադենաուերի անվան հիմնադրամի քննարկմանն ունեցած ելույթում նա փորձեց արդարացնել իր խայտառակ քաղաքական ուղեգիծը՝ այդ նպատակով օգտագործելով Ադենաուերի անունը։ Ասաց՝ գերմանացիները հպարտանում են Ադենաուերի որդեգրած ռազմավարությամբ, այն համարում «իրենց պետական եւ ազգային ինքնության կարեւոր մաս», բայց ժամանակին այն անվանում էին «խայտառակության ռազմավարություն»։
Համաշխարհային մասշտաբի պետական գործչի հետ «ոտք մեկնելն» անհամեստություն է։ Կոնրադ Ադենաուերը Գերմանիայի վերածննդի ճարտարապետն ու առաջնորդն է, նոր որակի պետականության խորհրդանիշը, եվրաինտեգրման հիմնադիրներից։
Ուստի նման համեմատությունն առաջին իսկ հայացքից փլուզվում է, որովհետեւ չափորոշիչները, որոնց հիման վրա կառուցվել են նրա որոշումները, որեւէ աղերս չունեն Փաշինյանի քաղաքական վարքագծի հետ։
Ադենաուերի ղեկավարությամբ Գերմանիան վերածնվեց պատերազմի մոխիրներից եւ դա արեց արժանապատվորեն՝ առանց հոխորտանքի, անորոշության եւ բռնաճնշումների։
Փաշինյանի կառավարումը պարտությունների չընդհատվող շարան է, երկիրն ու մարդիկ հայտնվել են խոցելի անվտանգության, ապատիայի, ապագայի նկատմամբ անվստահության մեջ։ Քաղաքական պատասխանատվության փոխարեն նա հանրությանը մատուցում է անցյալ սխալների անբովանդակ հիշատակումներ ու վերացական արդարացումներ։
Ադենաուերը համարում էր, որ պետության արժանապատվությունը սկսվում է քաղաքացիներից, ուստի կարեւորում էր մարդկային իրավունքներն ու ազատությունները։ Թեւավոր խոսք են դարձել նրա ասույթները․ «Պետությունը գոյություն ունի մարդուն պաշտպանելու, ոչ թե ճնշելու համար», «Մեզ համար գոյություն ունի միայն իրավական պետություն, ժողովրդավարական պետություն»։
Հայաստանի կառավարչի խոսքը մեղադրանք է, պիտակավորում, ծաղր, վիրավորանք, հայհոյանք։ Այսկերպ դեռ ոչ մի պետություն չի պահպանել իր արժանապատվությունը։
Ադենաուեր՝ «Ինքնիշխանությունը մեզ համար բարձր արժեք է + պատրաստ ենք մեր ինքնիշխանությունը ներդնել ավելի մեծ եվրոպական միության մեջ»։
Նա համոզված էր, որ ազգային պետությունը եւ եվրոպական համագործակցությունը չեն հակադրվում, այլ լրացնում են մեկը մյուսին։
Ադենաուերի խոսքը հատու էր․ «Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին», «Հավատի ազատությունը ազատ հասարակության հիմնական պայմանն է»։ Ի տարբերություն նացիստների՝ նա չի հետապնդել եկեղեցականներին եւ պաշտպանել է եկեղեցիների ազատությունը, ավելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերություններն ինքը վերականգնեց։
Նա կաթոլիկ էր եւ քրիստոնեական արժեքները համարում էր Գերմանիայի վերակառուցման հիմքը։
Հայաստանի կառավարիչը գլխավորում է Եկեղեցին վատաբանելու եւ պառակտելու արշավը, եկեղեցական կառույցների դեմ հարձակումները դարձրել է քաղաքական օրակարգ։ Նա չի թաքցնում Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն հաստատելու իր մոլեռանդ ձգտումը։
Ադենաուերը պնդում էր․ «Ազատ մամուլը ժողովրդավարության օրգանն է»։ Նրա իշխանության տարիներին մամուլը գործում էր անարգել․ քննադատում էր իշխանությանը, բայց երբեք չէր ենթարկվում հետապնդումների։ Ճիշտ է, նա երբեմն վիճել է «չափազանց քննադատորեն տրամադրված» լրագրողների հետ, բայց՝ ոչ ավելին։ Նա հավատարիմ էր իր սկզբունքին․ «Մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է», «Ազատ մամուլ չունեցող ժողովուրդը չի կարող ազատ լինել»։
Հայաստանում լրագրողների ու լրատվամիջոցների վարկաբեկումը, անպատկառ լեզվակռիվը, դատական վեճերը իշխանության հիմնական զբաղմունքն են դարձել։
Ադենաուերը փլատակներից վեր բարձրացրեց նոր Գերմանիայի տնտեսությունը, իսկ Փաշինյանը կուտակեց 8 մլրդ դոլարի ճիտին պարտք։ Ադենաուերը Գերմանիան վերածեց ներդրումների կենտրոնի, տնտեսական աճի շարժիչը դարձրեց արդյունաբերությունը եւ ֆինանսական կարգապահությունը։ Նա «գերմանական տնտեսական հրաշքի» հեղինակն է։
Հայաստանում տնտեսական քաղաքականության էությունը հարկերի ավելացումն է, հարկահավաքությունը, պետական ապարատի ընդլայնման ու սնուցման նպատակով նոր պարտքերի կուտակումը։ Տնտեսական աննշան իրադարձությունները՝ ճանապարհաշինությունը, ընթացիկ վերանորոգումները, համայնքային սուբվենցիոն ծրագրերի ավարտը, ծառայեցվում են «հաջողության քարոզչությանը»։
Ադենաուերը պատմության մեջ մնաց որպես տնտեսություն վերականգնող, ազատություններ երաշխավորող, ազգային արժանապատվությունը պաշտպանող առաջնորդ, Փաշինյանը՝ միջազգային ասպարեզում թույլ, նահանջող, ընդդիմախոսներին «պադվալներ լցնող», ազատ խոսքն ու ազգային Եկեղեցին հալածող։
Ադենաուերի հիմնական շեշտադրումներն էին՝ Գերմանիան պետք է ճանաչի անցյալի մեղքերը, բայց չպետք է ընկնի նվաստացման կոմպլեքսի մեջ։ Փաշինյանը քարոզում է խաղաղություն՝ ի գին պետական տարածքներից, ազգային հիշողությունից ու արժեքներից հրաժարման։ Ադենաուերը շատ է անդրադարձել նացիստների թողած ծանր ժառանգությանը, նրանց գործած սխալներին։
Նա զգայուն եւ զգոն վերաբերմունք էր ցուցաբերում նացիստական ռեժիմի զոհերի, հանցագործությունների եւ պատերազմից հետո Գերմանիայի պատասխանատվության հարցերում։ Հանդես էր գալիս թե՛ որպես առաքյալ՝ ազնվությամբ ընդունելով ու խոսելով անցյալի մասին, թե՛ որպես պետության վերականգնման առաջնորդ՝ չլղոզելով պատմությունը: Բունդեստագում իր ելույթներից մեկում նա խոսել է «նացիստ հասարակության» համար պատասխանատվության մասին, ասել, որ պետք է հաշվի առնել՝ «երկրում հանցագործություններ են կատարվել» նացիստների կողմից, եւ ջանք գործադրել, որպեսզի հրեաների նկատմամբ գործած անիրավության դիմաց հնարավորինս արդար փոխհատուցում լինի։
Պաշտպանել է իր ժողովրդին հախուռն հարձակումներից եւ ի լուր աշխարհի հայտարարել՝ ավելի շատ են եղել այն գերմանացիները, ովքեր չեն մասնակցել նացիստական հանցագործություններին։ Նա «պատմության լրիվ մաքրագործման» կամ մեղավորներին անխնա պատժելու կողմնակից չի եղել։ Ադենաուերը ցանկանում էր արագ առաջ տանել Գերմանիայի վերակառուցումը։
Նրան քննադատել են այն պատճառով, որ «նախկին նացիստներին թույլ է տվել՝ ներգրավվել պետական կառույցներում», եւ որ «ոչ բոլոր մեղավորներն են ենթարկվել խիստ պատժի»։ Որպես պետական առաջնորդ, Ադենաուերը ստեղծել է նոր Գերմանիա՝ կառուցված ոչ թե նացիզմի խորտակման, այլ ժողովրդավարության եւ օրենքի վրա։
Փաշինյանն անցյալի հետ «աշխատում» է մտասեւեռումներով եւ ունակ չէ գիտակցելու, որ մեր անցյալի սխալների հիմքում ոչ միայն համակարգային խնդիրներն ու գաղափարներն են եղել, այլեւ անհատական եւ հասարակական մակարդակներում բարոյական ու հոգեբանական խոցելիությունը, արժեքային սխալ ընտրությունը։
Արա Սահակյան






Բաց մի թողեք
Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից. Արագածոտնի թեմի առաջնորդի խոսքը կալանավայրից
Հերթական ձնագունդը դեռ չգլորած և չմեծացաց ևս փշրվել է․ Մարտիրոսյան
Բնակչության 0.2 տոկոսը կազմող քաղաքական այս հոսանքը փորձում է իրագործել դարակազմիկ ծրագրեր