02/02/2026

Պուտինյան Ռուսաստանում Ստալինն անհամեմատ բարձր վարկանիշ ունի, քան՝ Ելցինը

Փետրվարի 1-ը Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի ծննդյան օրն է, լրանում է նրա 95 ամյակը:

Այդ առթիվ, ինչպես ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ելցինի այրու՝ Նաինա Ելցինայի հետ: Այդ հեռախոսազրույցի մասին Պուտինի մամուլի քարտուղարը որևէ մանրամասնություն չի հայտնել:

Բորիս Ելցինը նախագահի պաշտոնը վաղաժամ թողել է 1999թ. վերջին օրը և իշխանությունը փոխանցել Վլադիմիր Պուտինին: Մինչ այդ նա զբաղեցրել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի, նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՌԴ վարչապետի պաշտոնը:

Պուտինի քաղաքական կարիերան սկսվել է Լենինգրադում, երբ քաղաքապետ Սոբչակը նրան օգնական է նշանակել: Բաց աղբյուրներից հայտնի է, որ Պուտինը որպես ՊԱԿ-ի աշխատակից ծառայել է Արևելյան Գերմանիայում:

Դժվար է, իհարկե, Բորիս Ելցինին անվանել ժողովրդավար, գիտակցական կյանքի մեծ մասը նա ացնկացրել է որպես կոմունիստական-խորհրդային պաշտոնյա:

Այդուհանդերձ, Ելիցինի հետ է կապված երկու կարևորագույն իրադարձություն. 1990թ. հունիսի 12-ին ՌԽՍԴՀ Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը նրա նախաձեռնությամբ ընդունել է «Պետական ինքնիշխանության մասին» հռչակագիր, որով Ռուսաստանը ճանաչում էր միութենական բոլոր հանրապետությունների ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը:

Ելցինի երկրորդ կարևարագույն ծառայությունը 1991թ. օգոստոսի 19-ի պետական հեղաշրջման փորձի կանխումն է: Այդ առթիվ, իհարկե, տեսակետ կա, որ «ամեն ինչ նախապես ծրագրել էր Գորբաչովը», բայց եթե անգամ այդպես է, միևնույն է՝ միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ նա մնացել է որպես ժողովրդավարության և քաղաքացիական ազատությունների պաշտպան:

Ի՞նչ և ինչպե՞ս է Պուտինը խոսել Ելցինի 94-ամյա այրու հետ, էական չէ: Նման դեպքերում սիրալիրությունների համար «ձեռքը գրպան չեն տանում»: Նաինա Ելցինայի, նրա ժառանգների, Ռուսաստանի հարյուր քառասուն միլիոն բնակչության համար ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինի նախագահության տասնամյակներին Բորիս Ելցինի հանդեպ պետական քաղաքականությունը հասել է գրեթե մերժողականության սահմանին:

Այնքան, որ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը բարձրացրել է Եկատերինբուրգում «Ելցին կենտրոնը» փակելու հարցը:

Ռուսաստանի միջին վիճակագրական քաղաքացին այսօր Ելցինին գիտի որպես Խորհրդային Միության «գերեզմանափորի և Արևմուտքի գործակալի», որի իշխանության տարիներին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Ռուսաստանը «ծնկի են իջեցրել»:

Քարոզչական այս մատրիցան ներդրվում է, որպեսզի ընդգծի Պուտինի՝ որպես Ռուսաստանը «ոտքի կանգնեցնող, ռուսական հողերը միավորող ուժեղ առաջնորդի» կերպարը: Պուտինյան Ռուսաստանում խորհրդային բռնապետ Ստալինն անհամեմատ բարձր վարկանիշ ունի, քան՝ առաջին նախագահ Ելցինինը:

Ելցինի 95-ամյակի օրով մի էական հարց դեռ պատասխան չունի, նա իշխանությունը կամավո՞ր է հանձնել Պուտինին, թե՞ հարկադրաբար: Դա միայն Ռուսաստանի խնդիրը չէ, այլև՝ հետխորհրդային երկրների: