Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ
– Շաբաթ-կիրակի օրերին համապետական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեցիք: Չնայած հայտարարում եք, թե ներկուսակցական քարոզարշավ եք անում, բայց պարզ դարձավ, որ ձեր արածը դասական նախընտրական քարոզարշավ է։ Մի կողմից, խոշորացույցի տակ եք վերցրել ընդդիմադիրներին, մյուս կողմից, ինքներդ թե՛ վարչական ռեսուրսն եք կիրառում, թե՛ պետական բյուջեի հաշվին խոստումներ եք տալիս, պարզ ասած՝ օրենք եք խախտում՝ ոչ պաշտոնական քարոզչությամբ։
– Մենք որեւէ օրենք չենք խախտել, ներկուսակցական քարոզարշավ ենք անում՝ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակի կազմավորման երկրորդ փուլի նախօրեին։ Իհարկե, մարզային այցելությունների ընթացքում նաեւ չնախատեսված հանդիպումներ ենք ունեցել քաղաքացիների հետ, կանգառներ ենք արել։
– Բայց լավ էլ պլանավորված հանդիպումներ էին, Փաշինյանն ավտոբուսից տեղեկացնում է, թե ուր եք գնում, քաղաքացիների հետ եք հանդիպում, վերջում միայն կուսակցական հավաքի եք մասնակցում։
– Կուսակցական հավաքները, այո, կազմակերպում ենք նախօրոք, բայց բնակավայրերում կանգառները՝ չենք կարող ասել որտեղ ինչքան կկանգնենք։ Հաճախ մեր բնակիչներն են պահանջում, որ կանգնենք։ Օրինակ, երեկ Նոյեմբերյանում էլ մարդիկ հավաքվել եւ պահանջում էին, որ կանգնեինք, մենք տեսանք ավտոբուսից, որ շատ մարդիկ են հավաքված, հետեւաբար՝ պետք էր կանգնել։
– Մարդիկ ո՞նց են իմանում ձեր երթուղին, որ գալիս կանգնում են` ձեր ճանապարհը կտրում։
– Երեւի օնլայն տեսահարթակներից տեսել են, որ մենք գտնվում ենք իրենց բնակավայրերում, եւ խնդրում են, որ հանդիպենք։ Նաեւ արձանագրեցինք մի փաստ, որ այդ հանդիպումները, ժողովրդի մեծ պահանջով, պետք է շարունակական լինեն, եւ պետք է ինչ-որ ֆորմատ գտնենք՝ դրանք շարունակելու համար։
– Ինչո՞ւ են ուզում հանդիպել, խոստումնե՞ր եք տալիս իրենց։
– Մարդիկ պարզապես ուզում են տեսնել վարչապետին, շփվել, իրենց տպավորությունները կիսել, նաեւ՝ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրենց ընկալումների մասին բարձրաձայնել։
– Բարեգործական ֆոնդերի գործունեությունը՝ ընտրությունների օրը հայտարարելու օրվանից պահանջում եք դադարեցնել, ձեր արածը նույնը չէ՞, նրանք իրենց միջոցներով են օգնում մարդկանց, դուք՝ բյուջեի։
– Մենք ոչ մի խոստում չենք տալիս, եթե հետեւեք վարչապետի լայվը, կտեսնեք։
– Ընտրությունից 3 ամիս առաջ թոշակ եք բարձրացնում՝ այն պարագայում, որ դրանից շաբաթներ առաջ Փաշինյանն ասում էր՝ չկա դրա անհրաժեշտությունը։
– Լավ ենք արել, դա բարեգործություն չի։
– Այո, դա բյուջեի հաշվին ընտրակաշառք է։
– Մեր հաշվին չի, չէ՞, բյուջեի հաշվին է, չի կարելի նման բան ասել։ Կառավարության ծրագիր կա հաստատված, թե 5 տարվա մեջ ինչ պետք է անենք։
– Այդ ծրագիրը 5 տարում պետք է անեիք, այնտեղ այնքան խոստումներ կային, որոնց մասով հակառակն եք արել, բացի դա, տարեվերջին բյուջե եք հաստատել` թոշակ չբարձրացրիք, հասցրիք ընտրությունների շեմին, որ մարդկանց «կաշառեք»։
– Ինչը հաստատել ենք, արել ենք ու անելու ենք, ուրեմն հիմա էր պետք, որ հիմա ենք արել, եւ լավ ենք արել ու ընտրություններից առաջ էլի լավ բաներ ենք անելու, ինչը հնարավոր է մեր երկրի ու մեր ժողովրդի համար։
– Քարոզչական այդ տրյուկներով, կարծում եք, մարդկանց կարո՞ղ եք ձեր էլեկտորատը դարձնել։
– Դա տրյուկ չէ, եւ մարդկանց էլ խաբում են լրատվամիջոցներն ու հիբրիդային պատերազմ մղողները։ Մեր ժողովուրդը ռեալ տեսնում է, որ քաղաքները ծաղկել են, շնչում են, փողոցները կառուցվել են, բունկերները սարքվել են, զենքը եկել է, աշխատավարձը բարձրանում է։
– Ձեր «ֆիշկան» ասֆալտն էր, բայց տեսանք, որ մարդաբոյ խրամատներ են հայտնվել Երեւանի փողոցներում, այսինքն՝ ասֆալտն անգամ լավ չեք անում, ուր մնաց՝ թվարկվածները։
– Ոչինչ, հայտնվել են փոսեր, էլի կծածկենք, խնդիր չկա։ Մենք ամեն ինչն էլ լավ ենք անում, բանակում բարեփոխումներ են, արտաքին հարաբերությունները լավ են, Հայաստանը գորշ ճահճից դուրս է եկել եւ լուսավոր ճանապարհի վրա է։
– Ձեր հանդիպումների ժամանակ ձեր ճանապարհին հայտնված այդ մի քանի քաղաքացինե՞րն են ասել, որ դրախտ երկիր եք կառուցել։
– Այո, մեր հանդիպումները շատ ջերմ էին, դրական, ամեն ինչ շատ լավ էր, չնայած եղանակային եւ ժամային վատ պայմաններին, կիրակի էր, բոլորը տներում էին, մենք գոհ ենք։
– Առաջ Փաշինյանի մասնակցությամբ բազմամարդ հավաքներ էին լինում, մենք տեսանք հաշված քաղաքացիներ․․․
– Մենք կարիք չունենք բազմամարդ հավաքների, մենք երկար չենք կանգնել, որովհետեւ դրա ժամանակը չունեինք․ երկու մարզ մեկ օրվա մեջ պետք է անցնեինք։ Բայց հստակ արձանագրեցինք մի բան, որ ժողովուրդը կարիք ունի նման՝ ավելի երկարատեւ հանդիպումների։
– Մինչ մեր բնական դաշնակցի երկրում պատերազմ է, տարածաշրջանը եռում է, դուք գնացել՝ պերաշկի ու կուկուռուզ էիք ուտում՝ մեր հարեւանությամբ մեկնարկած պատերազմին հստակ գնահատականներ հնչեցնելու փոխարեն, Իշխանությունն անգամ հերթապահ հայտարարություն չտարածեց, որ իր պետության քաղաքացին հասկանա` պետություն կա, հետեւում է իրադարձություններին։
– Ի՞նչ անեինք, գնայինք կռվեի՞նք, զենքերը վերցնեինք` փողոց դուրս գայինք ու օդ կրակեի՞նք, հերիք չի՞։
– Անգամ ասում են՝ վախեցաք ցավակցական հայտարարություն տարածել, որ ԱՄՆ-ին չնեղացնեք, բայց դա արհամարհանք է հարեւան պետության հանդեպ։
– Բայց ինչո՞ւ եք ուզում նեղացնենք ԱՄՆ-ին։
– Մենք չենք ուզում, բայց հայ ժողովուրդը պիտի տեսնի, որ պետություն կա իր գլխին, որը հետեւում է, արձանագրում է։
– Մեր ժողովուրդն ուզում է, որ Հայաստանում խաղաղություն լինի, եւ կա։ Եկեք շատ ուրիշ երկրների մասին չմտածենք, առաջինը մտածենք մեր երկրի մասին։ Վստահեցնում եմ՝ ինչն անհրաժեշտ է, օգտակար է մեր երկրին, դա էլ անելու ենք։ Կցավակցենք, չենք ցավակցի` դա մեր երկրի շահերով է պայմանավորված։ Ռուբինյան Ռուբենը շատ լավ նկարագրեց պերաշկի ուտելու խնդիրը, ասաց, որ բոլոր ժամանակներում եղել են պատերազմներ, եւ Հայաստանը մշտապես եղել է այդ պատերազմի մեջ՝ առաջին համաշխարհայինը, երկրորդը, 90-ականներ, մենք միշտ զոհեր ենք տվել, աշխարհում ինչքան ցնցումներ եղել են, հայ ժողովուրդը միշտ ներգրավված է եղել որոշակի առումով աշխարհաքաղաքական ցնցումներին, առաջին անգամն է, որ, այո, շատ անհանգիստ է Միջին Արեւելքը, ամբողջ աշխարհը, բայց մենք պերաշկի ենք ուտում, որովհետեւ մեր խաղաղությունը շատ ամուր է, որ մենք կարողանում ենք պերաշկի ուտենք, ոչ թե զենքը վերցնենք՝ գնանք կռվենք։

Բաց մի թողեք
Հին «բախման» նոր նրբերանգները
Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ
Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը