Ռուսաստանյան թելեգրամ-ալիքները հայտնել են, որ միլիարդատեր Արազ Աղալարովը, որ վերջերս է նշել ծննդյան 70-ամյակը, ամուսնալուծվել է: Նրա նոր ընտրյալը Ալյոնա Աղալարովան է: Վերջինիս մասին հրապարակային տեղեկություններ չկան:
Հայտնի է, որ Արազ Աղալարովը նրա հետ կապված էր վաղուց և «վերջապես օրինականացրել է դստեր ծնունդը»: Տարեսկզբից ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Մոսկվայում «առաջացած խնդիրների պատճառով Արազ Աղալարովը տեղափոխվել» է Բաքու:
Ուշագրավ է, որ Աղալարովի ամուսնալուծության մասին տեղեկությունը հաջորդել է ռուսաստանցի գործարարների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը պահանջել է, որպեսզի նրանք Ուկրաինայի դեմ պատերազմի համար «կամավոր նվիրատվություններ անեն»:
Մասնակցե՞լ է, արդյոք, այդ հանդիպմանը Արազ Աղալարովը, հայտնի չէ, բայց փաստ է, որ նա ազդեցիկ գործարար է և չի կարող «ուշադրությունից դուրս մնալ»:
Արազ Աղալարովի դեպքում իրավիճակը չափազանց «նուրբ» է: Ադրբեջանական անկախ աղբյուրները բազմիցս նշել են, որ նրա որդու՝ Էմինինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլայի, ամուսնալուծությունը «կայացել է գործարքի սկզբունքով»:
Այսինքն, Աղալարովի ունեցվածքի մի զգալի մասը բաժին է ընկել Լեյլա Ալիևային: Մի շարք աղբյուրներ ռուս-ադրբեջանական լարվածության շրջանում գրել են Ռուսաստանում Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների ունեցած անշարժ գույքերի մասին:
Փաստացի Ալիևների ընտանիքը ռուսաստանյան օլիգարխայի մաս է կազմում: Այս առումով «կուլակաթափության» վտանգը կարող է սպառնալ ոչ միայն Արազ Աղալարովին, այլև Լեյլա Ալիևային:
Աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Ռուսաստանում ձեռնարկատիրական լայն գործունեություն է իրականացնում նաև «Փաշա հոլդինգ» ընկերությունը, որի հիմնադիրը Մեհրիբան Ալիևայի հայրն է՝ Արիֆ Փաշաևը:
Ըստ տեղեկությունների, վերջերս նա իր «բիզնես-կայսրությունը» բաժանել է դստրերի՝ Մեհրիբան Ալիևայի և Նարգիզ Փաշաևայի միջև: Վերջինս, ի դեպ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորն է:
Բաքվի քարոզչությունը շարունակում է դժգոհել, որ Ռուսաստանում ծագումով ադրբեջանցի գործարարները «ենթարկվում են հետապնդումների»: Որևէ փաստ առայժմ չի վկայակոչվել: Տպավորություն է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը ձգտում է ծագումով ադրբեջանցի գործարարներին դուրս բերել Իլհամ Ալիևի ազդեցությունից:
Դա միայն քաղաքակա՞ն, թե՞ նա ֆինանսա-տնտեսական «վերաենթարկեցում» է, առայժմ պարզ չէ: Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանական վերնախավը փոխկապակցված է բազմաթիվ գործարար ընդհանրություններով:
Խնդիր է, թե Վլադիմիր Պուտինը ի՞նչ որոշում կընդունի. ծագումով ադրբեջանցի միլիարդատերերն, ամենայն հավանականությամբ, կենթարկվեն «խաղի նոր կանոններին»: Ալիևների և Փաշաևների ռուսաստանյան «գանձարանը» կմնա անձեռնմխելի՞, թե՞ Իլհամ Ալիևը ստիպված կլինի «անձամբ մուծվել»:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի