Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Ալ-ջազիրա» հեռուստաընկերությանը հարցազրույցում ոչ միայն կրկնել է եվրոպական երկրներից դժգոհությունը, այլև բավական թափանցիկ ակնարկել, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո Վաշինգտոնը կարող է քննարկել ՆԱՏՕ-ին իր անդամության հարցը:
Մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նկատի ունենալով եվրոպական երկրներին, սոցիալական անձնական հարթակում այսպիսի գրառում է կատարել. «Դուք պետք է կարողանաք ինքներդ պաշտպանել ձեզ: ԱՄՆ-ը այլևս ձեր կողքին չի լինի, որպեսզի պաշտպանի ձեզ, ինչպես որ դուք նրա կողքին չէիք»:
Դոնալդ Թրամփը դժգոհ է, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները չեն միացել Իրանի դեմ պատերազմին, հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման ռազմագործողությանը:
Վերլուծաբանները, սակայն, մատնանշում են ակնհայտ իրողությունը: ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփը մշտապես քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին և կշտամբել, որ իրենց անվտանգությունը ապահովում են Միացյալ Նահանգների հաշվին, այդպես «չի կարող շարունակվել»:
ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների հեռացումն, անկասկած, կնշանակի Հյուսիս-ատլանտյան դաշինքի փլուզում: Այս ֆոնին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եվրոպական երկրներին մեղադրել է իրենց օդային տարածքը ուկրաինական ԱԹՍ-երի առջև բացելու մեջ և «զգուշացրել», որ եթե զինվորական մասնագետների եզրակացությամբ «այդ փաստերը վերջնական հաստատում ստանան, ապա Մոսկվան համապատասխան քայլեր կձեռնարկի»:
«Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը ձևակերպել է, որ եթե ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն, ապա «փաստացի կկատարվի 2021թ. Ռուսաստանի պահանջը, քանի որ Դաշինքը ոչ միայն ընդլայնվել, այլև սեփական գոյությունը չի կարող պահել, քանի որ բազմաթիվ հարցերում կախված է Միացյալ Նահանգներից»:
Ուշագրավ է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի նոր հրամանատարական կենտրոն ստեղծելու մասին տարածված տեղեկությունները:
Ավելի վաղ Թուրքիան ռազմական համագործակցության մասին պայմանագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի հետ:
ԱՄՆ-ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներ լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական անձնական հարթակում գրառում է կատարել և անոնսավորել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի Միացյալ Նահանգներ պաշտոնական այցը, որ տեղի կունենա ապրիլի 27-30-ին:
Դոնալդ Թրամփն այդ այցը կարևորել է նրանով, որ այս տարի ԱՄՆ-ը տոնում է Բրիտանիայից անկախության 250-ամյակը: Ակնարկը, կարծես, այն մասին է, որ Վաշինգտոնը Լոնդոնի ազդեցությանը չի ենթարկվի:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի