01/05/2026

EU – Armenia

Օդանավակայանը չի շահագործվել և այսօր լիովին անխաթար վիճակում անցել է Ադրբեջանին

Բռնատեղահանված փաստաբան Էրիկ Բեգլարյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է քառոսունչորսօրյա պատերազմից հետո Արցախին խոշոր գումարներ հատկացնելու, շինարարական «բում» կազմակերպելու և այդ ամենը Ադրբեջանին «թողնելու ծրագիր իրականացնելու» մեջ:

Նա նույնիսկ համարել է, որ արցախցիներին տրվող բնակարանային հավաստագրերը «շինարարական անվճար աշխատանքի մասնակի փոխհատուցում» է:

Ֆեյսբուքյան այդ գրառման բուն նպատակը, կարծես, մեկն է, ցրել բռնատեղահանվածների շրջանում իշխող կարծիքը, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարության կողմից Արցախին հատկացված հսկայական գումարները փոշիացվել-վերնախավի կողմից յուրացվել են:

Իրականում գումարներ հատկացվել են, Արցախի կառավարությունը մշակել է Հադրութից, Շուշիից և օկուպացված այլ տարածքներից բռնատեղահանված բնակչության բնակապահովության ծրագիր, անգամ այդ բնագավառում պետական կառավարման մարմին է ստեղծել, բայց ամեն ինչ հիմնականում մնացել է թղթի վրա:

Որևէ մեկը չի կարող վկայակոչել բանակարանաշինության մի ծրագիր, որ այդ տարիներին սկսվել և հասցվել է ավարտին: Իհարկե, խանգարել են նաև հանգամանքները: Բայց մարդիկ նաև գիտեն, թե ովքեր էին բնակարանաշինության պետական ծրագրի կապալառու կազմակերպությունները: Անունները, ինքնությունը հայտնի են:

Նրանցից ոմանք այսօր լայնածավալ շինարարություն են իրականացնում Երևանում, Աբովյանում, Հայաստանի այլ քաղաքներում և մարզերում:

Այնպես որ, անիմաստ է հանրությանը մանիպուլացնել, թե Հայաստանից քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախին հատկացված գումարները «մինչև վերջին լուման ծախսվել են, իրականացվել է մեծ կառուցապատում, որպեսզի թողնվի Ադրբեջանին»:

Այդ գումարների առյուծի բաժինը յուրացրել են գործող և նախկին իշխանությունների ներկայացուցիչները, նրանց և Հայաստանի նախկին իշխանությունների հետ փոխկապակցված հայտնի անձինք:

Ինչ վերաբերում է «Ադրբեջանին թողնելու նպատակով իրականացված շինարարությանը», ապա դասական օրինակը Ստեփանակերտի օդանավակայանն է, որ կառուցվել և շահագործման է հանձնվել, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ անգամ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր չէր:

Եվ հարց է, եթե Երևանը այն շահագործելու քաջություն չէր ունենալու, ապա ի՞նչ իմաստ ուներ տասնյակ միլիոնավոր դոլարի ծախս կատարել, Ստեփանակերտում ստեղծել Քաղաքացիական ավիացիայի վարչություն, նշանակել օդանավակայանի պետ, կազմավոր անվտանգության ծառայություն, բյուջեից վարձատրել մի քանի տասնյակ մարդու:

Հիշվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ռուսաստանյան Regnum-ի կազմակերպած հանդիպումը, որի ընթացքում նրան այսպիսի հարց է ուղղվել. «Եթե Սիրիայում իրավիճակով պայմանավորված՝ Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանի կարիքը զգա, դուք այն կտրամադրե՞ք ՌԴ ռազմաօդային ուժերին»: Նման կարիք, երևի, չի զգացվել:

Օդանավակայանը չի շահագործվել և այսօր լիովին անխաթար վիճակում անցել է Ադրբեջանին: Իսկ գուցե այդպե՞ս է սկսվել քառասունչորսօրյա պատերազմը: