Գաբալայում Ուկրաինայի նախագահի հետ փակ բանակցություններից հետո Իլհամ Ալիևը մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ կողմերը ռազմական արդյունաբերության ոլորտը զարգացնում են, և համատեղ արտադրության հոյակապ հնարավորություններ կան։
Ալիևը հավելել է, որ Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները կառուցված են քաղաքական ամուր հիմքի վրա։
Վլադիմիր Զելենսկին իր հերթին Ադրբեջանին երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության սատարելու համար։
Նա հրապարակայնացրել է, որ այցի արդյունքներով Ուկրաինան և Ադրբեջանը ստորագրել են տարբեր ոլորտներում խորացված համագործակցության մասին վեց համաձայնագրեր։
Ուկրաինայի նախագահը միաժամանակ տեղեկացրել է, որ քննարկումները շարունակվում են, մոտ ապագայում կստորագրվեն նոր համաձայնագրեր։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինա – Ադրբեջան «համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի» մասին է, որի շուրջ բանակցությունների մասին դեռևս անցյալ տարի ակնարկել է Բաքվում Ուկրաինայի դեսպանը։
Զելենսկի-Ալիև հանդիպումը կանխատեսելի էր, ինչպես նաև ռազմական ոլորտում փաստացի ձևավորված համաձայնության հրապարակայնացումը։ Ուշագրավ է Գաբալայի բանակցությունների համատեքստը։ ԱՄՆ-ը, ըստ էության, դադարեցրել է ուկրաինական կարգավորման միջնորդությունը։
Նախօրեին Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային իննսուն միլիարդ եվրո վարկի տրամադրումը։ Զուգահեռաբար Ուկրաինան ներգրավվել է հակաիրանական դաշինքին։
Ադրբեջանը հյուսիսում սահմանակից է Ռուսաստանին, հարավում՝ Իրանին, միաժամանակ շարունակում է Իսրայելի հետ ռազմավարական գործընկերությունը, իսկ Թուրքիայի հետ կապված է ռազմական փոխադարձ օգնության պայմանագրով։
Ադրբեջանը ռազմավարական համագործքակցության մասին պայմանագիր ունի Պակիստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ։
Իլհամ Ալիևը չափազանց հաշվենկատ և զգուշավոր գործիչ է։ Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումը Գաբալայի բանակցություններով մտնում է գործնական ռազմավարական նշանակության հուն, որի հետ կապված ռիսկերը, երևում է, Ադրբեջանի նախագահին հաջողվել է չեզոքացնել կամ այդ առումով հստակ երաշխիքներ ունի։
Սա պետք է լրջագույն դաս լինի Հայաստանի ընդդիմության համար, որ ձգտում է Ռուսաստանի հետ խորացված կապակցվածության՝ համարելով, որ դա «անվտանգային կայուն երաշխիք» է։
Ուկրաինայի հետ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության ֆորմալացումը հստակ ազդակ է, որ Բաքուն Մոսկվայից «որևէ անակնկալի զգուշավորություն այլևս չունի»։ Մեծ հաշվով, իհարկե, դա Հայաստանի համար դրական «ցուցիչ» չէ, բայց երկրի ապագան Ռուսաստանի «աշխարհաքաղաքականռազմերթով» պայմանավորելը բացահայտ սպառնալիք է։

Բաց մի թողեք
Տավրոս Սափեյանը ոչ միայն Քաղաքացու օրվա «աստղն է», այլ հակաեկեղեցական պայքարի առաջամարտիկը
Ալիևի նկրտումները արդյոք վաշինգտոնյան պայմանավորվածություններով արգելափակված են
Զելենսկու այցի հետ կապված՝ Մոսկվայից Բաքու լուրջ ազդակ է հղվել