Հութիները վերջերս զորավարժություններ են անցկացրել, և Բաբ էլ-Մանդեպի նեղուցը փակելու նախապատրաստությունը փաստացի ավարտված է։
Ինչպես տեղեկագրել է Turkiye իշխանամետ պարբերականը, այդ մասին նախօրեին պետական հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Ալի Հազրիանը։
Բաբ էլ-Մանդեպի նեղուցը Կարմիր ծովը Ադենի ծոցով կապում է Սուեզի ջրանցքին, որի արգելափակումը համաշխարհային ապրանքաշրջանառության համար, ինչպես փորձագետներն են միանշանակ պնդում, «պարզապես աղետ կլինի»։
Թուրքական պարբերականի գնահատմամբ՝ «Հորմուզի և Բաբ էլ-Մանդեպի նեղուցների շուրջ իրավիճակը ստիպում է ցամաքային հաղորդակցության նոր միջանցնքներ ստեղծել»։ Թուրքիան ունի «Զարգացման ճանապարհ» տրանսպորտային միջանցքի ծրագիր։
Ըստ նախատեսվածի, այն պետք է իրաքյան Բասրա նավահանգիստը կապի թուրքական Ջեյհանին՝ անցնելով Իրաքի և Իրաքյան Քրդստանի ցամաքային տարածքով։ Իսրայելական նախագիծը ենթադրում է Պարսից ծոցից երկաթուղային հաղորդակցություն մինչև միջերկրածովյան Էլյաթ և Հայֆա նավահանգիստներ։
Բաքվի իշխանական minval politika-ն «Տրանսկասպյան միջազգային տրանպորտային միջանցքը» անվանել է «ցամաքային Սուեզ»։ ՏԱՍՍ-ին ապրիլի 2-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը միանշանակորեն հավաստիացրել է, որ Չինաստանից և Ռուսաստանից դեպի Եվրոպա ցամաքային ապրանքաշրջանառությունը «կիրականացվի Իրանի տարածքով»։
Երկու շաբաթ հետո Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը գումարվել է Զանգելանում, որտեղ Ադրբեջանը և Իրանը Արաքս գետի վրայով կամուրջ են կառուցել։ Իրանը և Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել են, որ Աղբենդի կամուրջը կարող է ծառայել նաև երկաթուղային հաղորդակցությանը։
Ռուսաստանի փոխվարչապետը TRIPP-ի հանդեպ Մոսկվայի նախնական հանդուրժողականությունը կապել է Անքորիջի Թրամփ-Պուտին համաձայնությունների հետ։ Վերջին օրերին ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցները ակնարկում են «Անքորիջի ոգու վերականգնման» մասին։
Տեսականորեն ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային պարտադրել «կարգավորման» Ռուսաստանի պայմանները, բայց Ռուսաստանը կարո՞ղ է Իրանին պարտադրել, որ ընդունի ամերիկյան կապիտուլյացիան։

Բաց մի թողեք
Արցախի հարցում չեն կարող օգտակար լինել, քանի դեռ Արցախը իր դժբախտությունը չի հասցեագրի Ռուսաստանին
Զելենսկու Երևան այցը հայ-ուկրաինական սառնության տիրույթից դուրս է
Ալիևը տեսակապով փորձեց Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան հիմնավորել