Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկերը՝ Էմանուել Մակրոնը, որը բոլորիս սիրելի Ֆրանսիայի ղեկավարն է, մոռանում է, որ Ֆրանսիան եւ Հայաստանը բարեկամներ են եղել միշտ, անգամ թավշյա հեղափոխությունից շատ առաջ։ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդն ընդունել են, այցելել են, շփվել են, համագործակցել են Հայաստանի հետ, արտահայտել են Հայաստանի իրական շահերը բանակցային ռաունդների ժամանակ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
Հրապարակ թերթը գրել է․ Ֆրանսիային ազգովի բազմիցս շնորհակալ ենք եղել եւ գնահատել ենք այդ բարեկամությունը նաեւ Մակրոնից առաջ, ու այդպես է լինելու նաեւ ու հատկապես իրենից հետո։ Ինչո՞ւ է նա շեշտում մեր երկրների բարեկամական կապերի մասին՝ դա կապելով հեղափոխության հետ, որից հետո իր անձնական բարեխոսությամբ եւ օրհնությամբ Հայաստանը համաձայնեց հրաժարվել հայրենիքի մի մասից՝ իր զավակներին թողնելով անտուն, անտեղ ու անտեր։
Եվ այսպես, Մակրոնը բառացիորեն ասաց․ «Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ»: Կարելի է զարմանալ այս հայտարարությունների վրա, առաջին հերթին՝ այն պատճառով, որ այն պարունակում է կոնկրետ փաստացի սխալներ եւ չի համապատասխանում իրականությանը։ Բայց, մյուս կողմից, երբ Մակրոնը շեշտում է Եվրոպայի ինքնիշխանությունն ավելացնելու անհրաժեշտության մասին, հասկանալի է դառնում, որ շատ խորանալ նրա հայտարարությունների մեջ՝ ուղղակի չարժե։ 8 տարի առաջվա Հայաստանը քննադատելով եւ այսօրվանը գովելով՝ նա պարզապես մասնակցում է Փաշինյանի նախընտրական քարոզչությանը եւ հանուն դրա կասկածի տակ է առնում անգամ Եվրոպայի ինքնիշխանությունը։ Ինչեւէ…
Այնպես որ, հանգիստ կարելի է չհամաձայնել Մակրոնի հայտարարությունների հետ, առանց դրանց մեծ կարեւորություն տալու։
«Եվրոպան առաջնորդվում է, ցավոք, երկակի ստանդարտներով»,- ասաց գագաթնաժողովի հեռակա մասնակից Ալիեւը՝ իր ելույթում։ Եվ, այ, դրա հետ չհամաձայնելը դժվար է։ Անկախ նրանից, թե ինչ նկատի ունի Ալիեւը, եվրոպական երկակի ստանդարտների փայլուն օրինակը մենք տեսնում ենք՝ կողք-կողքի կանգնած տրամագծորեն հակառակ երկուսը՝ Փաշինյանն ու Զելենսկին։
Մի դեպքում Եվրոպան ողջունում է Զելենսկու համարձակությունը, մարտունակությունը, իրենից հզոր ու մեծ թշնամուն դիմակայելու խիզախությունը, որն այդ դեպքում կոչվում է հայրենասիրություն։ Այդ պատերազմում աջակցում է նրան եւ դրդում նորանոր հերոսությունների՝ հայրենիքը թշնամուն ոչ մի թիզով չզիջելու համար։ Պերճաշուք ինքնասիրությունն այս դեպքում գովերգվում է՝ հանուն հայրենասիրության։
Կողքին կանգնածը դրա հակառակ կերպարն է՝ Նիկոլ Փաշինյանն է․ անխոհեմ հայտարարություններով ձախողել է եվրոպացիների մասնակցությամբ բանակցային գործընթացը, պատերազմ է բերել, դա վարել է ապաշնորհ եւ պարտվել՝ խայտառակությամբ։ Հողին է հանձնել ու հաշմանդամ դարձել մի ամբողջ սերունդ, հազարավոր հերոս երիտասարդների ու այդ ամենի համար այսօր Եվրոպայի հովանու ներքո շնորհակալություն է հայտնում հային սպանողին, ծափահարում է նրա հեռակա ելույթին, որտեղ խաղաղասիրություն չկա, բայց կա իր նախընտրական քարոզը։ Այս դեպքում Եվրոպան գովերգում է թշվառ անինքնասիրությունը՝ հանուն խաղաղության։
Որտե՞ղ են համընկնում Փաշինյանի եւ Զելենսկու ղեկավարների կերպարները, ինչո՞վ են նրանք նման։ Իհարկե, երկուսն էլ աղետ ու կորուստներ են բերել իրենց երկրներին, բայց տարբերություն կա։ Մեկն ամեն գնով որոշել է պայքարել հայրենիքի քարտեզը չփոքրացնելու համար։ Մյուսը փոքրացրել է քարտեզը, հանձնել Արցախը եւ մահից մազապուրծ, ունեզրկված ու կոտրված հայրենակիցներին անվանել «փախածներ»։
Իսկ Եվրոպան ողջունում է նրանց՝ երկուսին էլ, երկուսին էլ համարում է քաջ եւ հայրենասեր ղեկավարներ։ Սա հենց Եվրոպայի երկակի ստանդարտն է․ նույն իրավիճակում տարբեր գնահատականներ կարող են լինել Զելենսկու եւ Փաշինյանի հայրենասիրության վերաբերյալ՝ մեկին ողջունելու են ոչմիթիզական լինելու, մյուսին՝ ամբողջապես հանձնող լինելու համար, որովհետեւ իրենց այդպես է պետք։
Եվ, ուրեմն, այս երկուսի դեպքում, տրամագծորեն տարբեր այս երկու պատմությունների տակ մի ընդհանուր բան կա, որոնք են Եվրոպայի պլանները Ռուսաստանի նկատմամբ։ Հայի կամ ուկրաինացու կյանքը, մահը, հայրենիքը, երազանքներն ու իղձերը գրեթե կապ չունեն։ Միակ նպատակը Ռուսաստանին նեղություն տալն է, Ռուսաստանին թուլացնելը, նրան տարածաշրջանից վռնդելը, նրան հաղթելը։ Եվ ամեն ինչ պարզ է․ մի դեպքում դրա համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան կռվի մինչեւ վերջ՝ լինի ոչմիթիզական, մյուս դեպքերում նույն նպատակի համար անհրաժեշտ է, որ հայն ընդունի Ալմա-Աթայի քարտեզն ու հռչակագիրը եւ լինի անինքնասեր, այդ քարտեզը փակցնի դոշին ու աներեսությամբ ասի, թե սա է մեզ հասնում, սրանից դուրս մենք իրավունքներ չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու, ուրեմն չունենք նաեւ Ռոսաստանի աջակցության կամ բարեկամության կարիքը։ Այս դեպքում անհրաժեշտ է, որ հայը լինի սեւերես եւ ուրացող, հեռանա՝ թողնելով իր տունը, հազարամյա հայրենիքը, իր գերեզմանները, հեռանա ընդմիշտ՝ իր հայրերի արյունով պահած հողը, կարելի է ասել՝ ստերիլ եւ մաքուր, առանց մի հայի, անպրոբլեմ հանձնելով թշնամուն։ Եվ խաղաղության երաշխավորներ այլեւս պետք չեն լինի, քանի որ այդ երաշխավորը կլինի հենց «նախկին» թշնամին։ Այո, արդեն հայտնել են՝ Ադրբեջանը կլինի այս խաղաղության երաշխավորը։
Մի դեպքում եվրոպացի առաջնորդները բացատրում են, որ ամենակարեւորը խաղաղությունն է, զոհեր չունենալը, ամենակարեւորը մարդու կյանքն է, ու չկա դրանից ավելի թանկ բան․ պետք է հարգել սովետի որոշումները եւ տարածքը, որտեղ դարերով գլխավորապես հայեր են ապրել, որը երբեք չի եղել ինքնիշխան Ադրբեջանի կազմում, վերջապես տալ Ադրբեջանին, ոչինչ չպահանջել դրա դիմաց ու կատարել բոլոր պահանջները, հաստատել խաղաղություն, քանի որ թշնամին ավելի մեծ է եւ ավելի ուժեղ։ Մյուս դեպքում՝ ճիշտ հակառակը։
Իսկ ուկրաինացու կյանքը մի՞թե թանկ չէ, մի՞թե չարժե կատարել Ռուսաստանի բոլոր պահանջները եւ խաղաղություն հաստատել, որպեսզի այլեւս զոհեր չլինեն, հարեւանների միջեւ թշնամությունը դադարի, մրցանակներ ստանան, հատկապես որ այս դեպքում էլ Ռուսաստանը մեծ է եւ ավելի ուժեղ, եւ, ուրեմն, ռուսներն էլ կլինեն այդ խաղաղության երաշխավորը։ Ո՞չ։ Ինչո՞ւ՝ ոչ:
Ինչո՞ւ նույն «բարի խաղաղությունը» չի հաստատում Զելենսկին, ինչո՞ւ է Եվրոպան քաջալերում նրան՝ չհամաձայնել անգամ Թրամփի առաջարկներին ու չընդունել վնասներով խաղաղությունը․ ո՞վ կտա այդ հարցի պատասխանը։
Դա, ընդ որում, միակ հարցն է, որ այս ամբողջ գագաթնաժողովի ընթացքում իրականում հետաքրքիր է․ մնացածը հայտարարություններ են, մոտավորապես այնպիսին, որոնցում առանձնապես խորանալ չարժե, քանի որ դրանք ոչինչ չեն տալու պատմությանը եւ ունեն կարճաժամկետ նշանակություն՝ մինչեւ հունիսի 7-ը, լիովին տեղավորվելով նախընտրական քարոզարշավի շրջանակում։ Թեեւ, նկատի ունենանք նաեւ, որ իրականում այս գագաթնաժողովը մեծ ազդեցություն չի ունենալու ընտրազանգվածի տրամադրությունների վրա, համենայնդեպս՝ ոչ ավելի, քան 10 հազարով թոշակի բարձրացումը։

Բաց մի թողեք
Քննիչները որոշել են, որ ոչ թե 2 միլիոն դրամ աշխատավարձ, այլ ընտրակաշառք են տվել
Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն
Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր