Իլհամ Ալիևը ընդունել է Սլովակիայի Ազգային ժողովի նախագահ Ռիխարդ Ռաշիին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Ռաշին Ադրբեջան է այցելել ներկայանալի պատվիրակության ուղեկցությամբ։
Հանդիպման ընթացքում նա հիշեցրել է, որ 2022թ․-ին այցելել է Շուշի և տեղեկացրել, որ ծրագրում է լինել «Ղարաբաղում և ծանոթանալ սլովակիական ընկերությունների կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին»։
Նա մտադիր է օկուպացված Ստեփանակերտում «ծանոթանալ Ղարաբաղի համալսրանում» ուսումնական գործընթացների կազմակերպմանը»։
Մայիսի 10-ին, Մոսկվայից հայրենիք վերադարձի ճանապարհին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ինքնաթիռից տեսաուղերձ է հղել և գովել Ադրբեջանի «ինքնիշխան արտաքին քաղաքականությունը»՝ նկատի ունենալով Եվրոպական համայնքի Երևան գագաթաժողովին հեռավար ելույթում Ալիևի կողմից Եվրահանձնաժողովի հասցեին հնչեցված քննադատությունը։
Ֆիցոն Երևանում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։ Կրեմլի մամուլի խոսնակ Պեսկովը Մոսկվա նրա այցի նախօրեին հավանական է համարել, որ Սլովակիայի վարչապետը Զելենսկուց Պուտինին «կարող է ուղերձ փոխանցել»։ Ֆիցոյի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ նա «ոչ մի ուղերձ չի փոխանցել»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է Ադրբեջան։ Իլհամ Ալիևը նրան ընդունել է Ռուսաստանի հետ սահմանամերձ Գաբալայում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են նաև «ռազմաարդյունաբերական համատեղ ձեռնարկություն հիմնադրելու» հեռանկարը։ Երկու օր հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Մուստաֆաևը «հրավիրվել» է ՌԴ ԱԳՆ։ Նրան ընդունել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Մայիսի 12-ին վերջինս հեռավար մասնակցել է «Վալդայ» ակումբի քննարկումներին և հայտարարել, որ Ռուսաստանը «կովկասյան տերություն է, և Հարավային Կովկասում նրա շահերը անձեռնմխելի» են։ Սլովակիայի Ազգային ժողովի նախագահի Բաքու այցը, ըստ երեւույթին, ավելին է, քան ներկայացվել է։
Իլհամ Ալիևը Երևանում ներկա գտնված եվրոպական առաջնորդներին «դատարկախոս» է անվանել։ Սլովակիան թեև Եվրամիության անդամ, բայց Ուկրաինայի հարցում հիմնականում սատարում է Ռուսաստանի դիրքորոշմանը։
Խիստ ուշագրավ է, որ Ազգային ժողովի նախագահի Բաքու այցի օրը Սլովակիայի կառավարությունը «ելնելով անվտանգության նկատառումներից» փակել է Ուկրաինայի հետ բոլոր սահմանային անցակետերը։
Երևանում Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆիցոն ասել է, որ «չնայած տարաձայնություններին, Սլովակիան և Ուկրաինան մնում են հարեւան երկրներ» և անգամ չի բացառել, որ կայցելի Կիև։
Անցած օրերին, ըստ երևույթին, Ուկրաինայի շուրջ իրավիճակի «սկզբունքային փոփոխություն է եղել»։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն առաջին անգամ խոսել է «պատերազմի պատրաստ լինելու» մասին, իսկ Գերմանիայի պաշտպանության նախարարը Կիև չհայտարարված այց է կատարել։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Դոնեցկից ուկրաինական զորքերը դուրս բերելու հարցում Պուտինի հետ «համաձայնություն չունի»։ Ադրբեջանի նախագահի վարքը հուշում է, որ նա Ուկրաինայի հետ մերձեցումն առնվազն առկախել է։ Այդ դիրքորոշումը զգաստացնող է։

Բաց մի թողեք
Պետք է չսպասե՞լ Ռուսաստանի տնտեսության «ապոկալիպսիսին»
Կենտրոնական Ասիայում Թուրքիան այլևս աշխարհաքաղաքական դերակատար է
Մոսկվան վերաձևակերպել է Ուկրաինայի պետականության ոչնչացման ծրագիրը