Միջազգային մամուլը հրապարակել է իրանա-ամերիկյան համաձայնության առթիվ Իսլամական հեղափոխության առաջնորդ Մոջթաբա Խամենիի պաշտոնական ուղերձը, որով նա հաստատել է ԱՄՆ և Իրանի նախագահների կողմից փաստաթղթի ստորագրումը։
Խամենեին ընդգծել է, որ Իրանը բանագնացները «հանուն համաձայնության զգալի ջանքեր են գործադրել», մինչդեռ ամերիկյան կողմը «քաղաքական անզորությունից դրդված է գործարքի գնացել»։
Իսլամական հանրապետության առաջնորդը բացահայտել է, որ նախապես այդ հարցում «այլ դիրքորոշում է ունեցել» և համաձայնագիր ստորագրելու թույլտվություն տվել է միայն «երկրի նախագահի անձնական երաշխիքներն ստանալուց հետո»։
Ըստ Խամենեիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանը « կատարյալ պատասխանատվություն է ստանձնել որպես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ և խոստացել, որ կպաշտպանի իրանական ժողովրդի Դիմադրության ճակատի իրավունքները»։
Փեզեշքիանը հոգևոր առաջնորդին նաև վստահեցրել է, որ հաստատակամություն կցուցաբերի, եթե Վաշինգտոնը «փորձի չափից դուրս պահանջներ ներկայացնել»։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձից պարզ է դառնում, որ աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներին հաջողվել է առնվազն մարտավարական հաջողության հասնել և սահմանափակել Մոջթաբա Խամենեիի նկատմամբ ԻՀՊԿ հրամանատար Վահիդիի ազդեցությունը։ Հրապարակայնացնելով այդ իրողությունը, Խամենեին իր հերթին հնարավոր ֆորս-մաժորի համար ամբողջ պատասխանատվությունը հասցեագրել է նախագահ Փեզեշքիանին։
Պետք է ենթադրել, որ ԱՄՆ հետ ձեռք բերված համաձայնությունների կատարման համար պատասխանատվություն ստանձնելով՝ Փեզեշքիանը ձգտելու է կառավարման նոր լծակների տիրապետել։ Իսկ դա կարող է ներվերնախավային նոր մրցակցության պատճառ դառնալ և սրել գործադիր իշխանության և օրենսդիր մարմնի հակասությունները։ Իրանում իշխանական համակարգը բարդ է, իսկ ԱՄՆ հետ բանակցությունները չափազանց բարդ են լինելու։
Առավել ուշագրավ է, որ նախագահ Փեզեշքիանը հոգևոր առաջնորդին խոստացել է պաշտպանել նաև Դիմադրության ճակատի շահերը։ Խոսքը Մերձավոր Արևելքում «շիադավան աղեղի» մասին է, որ ներառնում է Իրաքը, Սիրիան և Լիբանանը, ինչպես նաեւ Եմենի ապստամբական ուժերին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման ողջ ընթացքում Լիբանանյան «Հըզբալա»-ն և Եմենի հութիները հանդես են եկել որպես Իսլամական հանրապետության «պահեստազոր»։
Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը, այսպիսով, Իրանի պատմության «նոր էջ» է բացել, երկրի աշխարհիկ իշխանությունը ստացել է ճակատագրական որոշում կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու իրավունք։
Պետք է ենթադրել, որ նախագահ Փեզեշքիանի լիազորությունները տարածվում են Իրանի արտաքին քաղաքականությանը առհասարակ։ ԱՄՆ-ի հետ համաձայնության կատարումը, բայց հատկապես հետագա բանակցությունների արդյունավետությունը զգալի չափով կախված է լինելու հարևան երկրների, ռազմավարական դաշնակիցների հետ բազմաբնույթ քննարկումներից։
Այլ բան է, թե Փեզեշքիանը ինչպե՞ս է հաղթահարելու այդ չափազանց բարդ փորձությունը։

Բաց մի թողեք
ՌԴ քաղաքացիների համար կսահմանեն վիզային ռեժիմ
Վենսը Զելենսկուց պահանջել է դադարեցնել հարձակումները
Ինչ է սպասվում ՌԴ-ին Պետդումայի ընտրություններից հետո․ Զելենսկու կանխատեսումը