Նոր ձեւավորվող խորհրդարանի անդրանիկ նիստին ընդառաջ «Քաղպայմանագիրը» կրկին որոշել է` ըստ նպատակահարմարության փոխել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, ավելի ճիշտ՝ հետողորմեա անել չորս տարի առաջ իրենց իսկ ընդունած փոփոխությունները, որով կանոնակարգ-օրենքն, ըստ էության, իրենց հագով էին ձեւել։
Հրապարակ թերթը գրել է․ Խոսքն այն մասին է, որ ըստ օրենքի` ԱԺ մեկ փոխնախագահի եւ մշտական հանձնաժողովների մի քանի նախագահի պաշտոնները տրվում են ընդդիմությանը: 2021 թվականի ընտրություններից եւ ընդդիմության՝ մշտական հանձնաժողովի նախագահների եւ փոխնախագահների, ինչպես նաեւ ԱԺ փոխնախագահի պաշտոններից հրաժարվելուց հետո ՔՊ-ն օրենքը վերաձեւեց այնպես, որ այդ պաշտոններում առաջադրելու իրավունքն անցնի ամենամեծ խմբակցությանը, այսինքն՝ իրենց։
Որքան էլ տարօրինակ է, բայց ՔՊ-ն հիմա որոշել է ընդդիմությանը վերադարձնել օրենքով իրենց հասանելիք պաշտոնները: ԱԺ կանոնակարգ օրենքից ուզում են հանել այն վերապահումը, որ եթե ընդդիմությունը հրաժարվի պաշտոններից` այդ քվոտան կանցնի իշխանությանը։ Ուզում են ասել` այս խորհրդարանում ձեզ հասանելիք պաշտոնները ՔՊ-ականները չեն զբաղեցնելու, այլ դուք: Ավելին, այնպիսի փոփոխություն է առաջարկում, որպեսզի ընդդիմադիրները եթե ի սկզբանե հակված լինեն բոյկոտելու այդ պաշտոնները, ապա ինչ-որ պահից փոշմանելու դեպքում կարողանան դրանք համալրել։
Հայտնի է, որ գործող կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ նախագահի, տեղակալների, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումն ավարտվելուց հետո է միայն Ազգային ժողովն անցնում օրակարգով նախատեսված հաջորդ հարցերի քննարկմանը: Այդ նպատակով օրենքը նախատեսում է ամենօրյա նիստերի անցկացում մինչեւ համապատասխան պաշտոնների համալրումը:
Եւս մի փոփոխություն. «Այսպիսով, գործող կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ առանձին քաղաքական ուժի վարքագծից կախված դառնա Ազգային ժողովի ամբողջ գործունեության բնականոն կազմակերպումը», ուստի առաջին նստաշրջանի շարունակական եւ արդյունավետ աշխատանքը շարունակելու նպատակով առաջարկվում է՝ բացառել այն դեպքերը, երբ առանձին պաշտոններում թեկնածու չառաջադրելու հետեւանքով անհիմն ձգձգվում է առաջին նստաշրջանի ընթացքը: «Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե համապատասխան պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը օրենքով սահմանված ժամկետում չի առաջադրում թեկնածու, ապա Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը՝ միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության՝ հետագայում օրենքով սահմանված կարգով թեկնածու առաջադրելու իրավունքը»:
Հիմա ամենաաբսուրդը՝ չնայած, ինչպես նշեցինք, ՔՊ-ականները դեռեւս 2022-ին իրենք են ընդունել ընդդիմության հասանելիք պաշտոնները օրենքով խլելու փոփոխությունները կանոնակարգ օրենքում եւ Սահմանադրական դատարանն էլ այդ փոփոխությայն վերաբերյալ դիրքորոշում է հայտնել՝ այն, ըստ էության, համարելով ոչ իրավաչափ, սակայն Արթուր Հովհաննիսյանի հեղինակած նախագծի հիմնավորումներում վկայակոչվում է ՍԴ որոշումը՝ էլ ավելի ամրապնդելու համար իրենց հետողորմեան․ «Սահմանադրական դատարանը 19.12.2023 թվականի ՍԴՈ-1708 որոշմամբ արձանագրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահի եւ նրա տեղակալի պաշտոններում թեկնածուների առաջադրումը համապատասխան խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը: Որոշման մեջ նշվում է նաեւ, որ առհասարակ հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրությամբ ամրագրում ստացած նորմերով սահմանված պարտադիր պահանջների կենսագործումն ապահովող օրենսդրական կառուցակարգերը չեն կարող հիմնվել բացարձակ հայեցողական լիազորությունների վրա՝ անտեսելով այդպիսի լիազորություններով Սահմանադրությամբ նախանշված շրջանակի նկատմամբ հետեւանքային ազդեցությունը:
Հանրային իշխանության մարմինների լիազորությունները բխում են վերջիններիս սահմանադրական գործառույթներից եւ ուղղված են դրանց իրականացմանը, հետեւաբար՝ հանրային իշխանության մարմինների գործառույթների իրականացման ապահովմանն ուղղված լիազորությունները չեն կարող մեկնաբանվել այնպես, որ խաթարվի բուն սահմանադրական գործառույթի էությունն ու դրա կենսագործման նպատակը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրային իշխանության մարմնի սահմանադրական գործառույթի կենսագործումը չի կարող կախված լինել հանրային իշխանության որեւէ մարմնի բացարձակ հայեցողությունից: Անգամ այն դեպքերում, երբ օրենսդրական ձեւակերպումներն այնպիսին են, որ հանրային իշխանության մարմնին` օրենքով վերապահված լիազորությունները կարող են մեկնաբանվել որպես հայեցողական, դրանք պետք է ընկալվեն որպես համապատասխան մարմնի սահմանադրական գործառույթների եւ առաքելության իրականացման նպատակով իրացվող պարտադիր լիազորություններ եւ իրացվեն այդ մարմնի սահմանադրական գործառույթների ոգուն համահունչ»:
Պարզ ասած` ընդդիմությանը պարտադրում են վերցնել պաշտոնները եւ մտնել խորհրդարան:

Բաց մի թողեք
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ
«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը»
Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը