13/07/2026

EU – Armenia

ԼՀԿ-ում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․ Խաժակյան

«21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:

Դավիթ Խաժակյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին։

Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:

Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։

Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:

«Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…»․ Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ։

Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում, նշված է տեքստում։