21/07/2026

EU – Armenia

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ

Զանգվածային բախումներ են տեղի ունեցել Գերմանիայի Վերին Բավարիայի շրջանի Էգլինգ քաղաքում՝ երեկույթի ժամանակ։

Համաձայն տեղի մամուլի հրապարակումների, տասնվեցամյա մեկ դեռահաս ստացել է խորը դանակի վնասվածք։ Հարձակումն իրականացնողը կարողացել է փախուստի դիմել եւ թաքնվել։ Նախնական վարկածի համաձայն, հանցագործության իրականացնողը հարվածել է մի քսանչորսամյա տղայի գլխին։

Վերջինս ընկել է ներքեւ, բայց հասցրել է տեսնել, թե ինչպես է դանակահարում տասնվեցամյա դեռահասին, որն իր մտերիմն է եղել։ Բախման հետեւանքով ընդհանուր առմամբ բուժօգնության կարիք է ունեցել ութ մարդ։

Ոստիկանները պարզում են դեպքի մանրամասները։ Հայտնի է, որ երեկույթին մասնակցել է մոտ յոթ հարյուր մարդ։ Կան նաեւ մի քանի ձերբակալվածներ։ Հետաքննություն է իրականացվում դեպքի հետ կապված։