23/12/2024

Լուլուն անապահո՞վ է, թե՞ վետերան

ՔՊ-ականները փորձում են առավելագույնս օգտվել պետական լծակներից` տարբեր հարցեր լուծել, արտոնություններ ստանալ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մենք տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը` Լուլուն, ով մասնագիտությամբ պատմաբան է, մի քանի տարի առաջ որոշել է նոր մասնագիտություն յուրացնել եւ 2021-ին դիմել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետ, որտեղ, որպես կանոն, դիմում են առողջապահության ոլորտի ղեկավարները` ԲԿ-ների տնօրեններ, բաժնի պետեր:

Սովորելը, իհարկե, լավ բան է, բայց Լուլուն որոշել է դա անել առանց ուսման վարձ վճարելու, որը 1 միլիոն դրամ է կազմել: Նրա մտերիմը` ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, գրավոր դիմել է ԵՊԲՀ ղեկավարությանը` խնդրելով զեղչել ուսման վարձը: Բժշկական համալսարանն էլ ընդառաջել է, եւ բարձր եկամուտ ունեցող պատգամավոր Լուլուն շուրջ մեկ տարի անվճար ուսանել է համալսարանում, հավանաբար, որպես անապահով խավի ներկայացուցիչ կամ պատերազմի վետերան:

Նման փաստը բոլոր քաղաքակիրթ երկրներում կոռուպցիա են անվանում եւ դրա համար վարույթ են սկսում, ինչը պետք է անի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մեր լուրը ԵՊԲՀ-ից հաստատեցին. «Յուրաքանչյուր տարի, որոշ թվով անձանց տրամադրվում են որոշակի արտոնություններ՝ նպատակ ունենալով խթանել առողջապահական ոլորտի զարգացումը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լուսինե Բադալյանը գործունեություն է ծավալում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում եւ մասնակցում է առողջապահական ոլորտի օրենքների մշակման գործում, եւ հիմք ունենալով տվյալ հանձնաժողովի գրությունը, 3 տարի առաջ Լուսինե Բադալյանին տրվել է որոշակի արտոնություն՝ ուսման վարձի փոխհատուցման ձեւով»։