27/07/2024

Ինչ մեղադրանք է ներկայացվել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին․ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:

Միջնորդությունը բավարարվել է։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը: