«Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»։ Նիկոլ Փաշինյանի այս նախադասությունը, հնչած Արմեն Գրիգորյանի՝ 2018-ի հեղափոխության մասին գրքի շնորհանդեսին, շատ ավելի կարևոր է, քան առաջին հայացքից թվում է, որովհետև 2018-ին հեշտ էր պատասխանել՝ հեղափոխությունն ում դեմ էր։ 2026-ին շատ ավելի դժվար է պատասխանել՝ հաջորդ հեղափոխությունն ում դեմ պիտի լինի։
Ութ տարի առաջ փողոցում կանգնած էր իշխանություն, որը երկարատև կառավարումից հետո սկսել էր պետությունը շփոթել սեփական վերարտադրության հետ։ Հասարակության մեծ հատվածը համոզված էր, որ ընտրությունը կորցրել է իշխանություն փոխելու իրական կարողությունը։
Այդ պատճառով փողոցը դարձավ այն, ինչ պիտի լիներ ընտրական համակարգը՝ իշխանության փոփոխության գործիք։ 2018-ի մեծագույն նվաճումը Սերժ Սարգսյանի հեռացումը չէր՝ դա քաղաքացիների վերադարձն էր քաղաքականություն։
Այս իմաստով Փաշինյանը ճիշտ է՝ հեղափոխությունը հնարավորություն էր, բայց հեղափոխությունների ճակատագիրը որոշվում է ոչ թե այն պահին, երբ հրապարակը հաղթում է, այլ տարիներ անց, երբ հաղթողները նստում են այն աշխատասենյակներում, որոնց դռները ժամանակին պահանջում էին բացել։ Այստեղ է սկսվում ամենադժվար փորձությունը։
Ֆրանսիական հեղափոխությունը տապալեց միապետությունը, բայց չկարողացավ անմիջապես կառուցել ազատ հանրապետություն։ Ռուսական հեղափոխությունը խոստացավ ազատագրել մարդուն և ստեղծեց ավելի կոշտ բռնապետություն։ Արևելյան Եվրոպայի հաջող անցումները տարբերվեցին հատկապես այնտեղ, որտեղ հեղափոխական լեգիտիմությունը ժամանակի ընթացքում փոխարինվեց ինստիտուտների լեգիտիմությամբ։
Հեղափոխության հասունությունը չափվում է նրանով, թե արդյոք այն կարողանում է վերջում իրեն դարձնել ավելորդ։ Հայաստանի հարցը հենց սա է։
Եթե երկիրը յուրաքանչյուր տասնամյակ նոր հեղափոխության կարիք ունի, նշանակում է՝ նախորդ հեղափոխությունը չի ստեղծել այն մեխանիզմները, որոնց միջոցով հասարակությունը կարող է առանց հեղափոխության փոխել իշխանությունը, վերացնել արտոնությունը, պատժել կոռուպցիան և ուղղել պետության սխալները։
Ուստի Փաշինյանի «մեզ էլի հեղափոխություն է պետք» միտքը կարելի է ընդունել, բայց մեկ կարևոր լրացմամբ՝ այդ հեղափոխությունը այլեւս չի կարող լինել միայն ուրիշների դեմ։
Այն պետք է ուղղված լինի նաև 2018-ից հետո առաջացած ինքնագոհության, իշխանական փակ շրջանակների, պետական համակարգի դանդաղկոտության, անպատասխանատվության և այն գայթակղության դեմ, որը յուրաքանչյուր երկար կառավարող ուժի ստիպում է պետությունն աստիճանաբար նույնացնել սեփական իշխանության հետ։
Հեղափոխության ամենավտանգավոր պահը գալիս է այն ժամանակ, երբ նախկին ապստամբը սկսում է հավատալ, որ պատմությունն իրեն բացառիկ իրավունք է տվել կառավարելու։
Չի տվել։ 2018-ի հեղափոխության մանդատը հավերժական սեփականության վկայական չէր։ Այն պարտավորություն էր կառուցելու մի պետություն, որտեղ այլևս ոչ մի առաջնորդի հեռացնելու համար հարյուր հազարավոր մարդիկ ստիպված չեն լինի փակել փողոցները։
Հենց սա կարող է լինել Փաշինյանի հիշատակած «զրոյական կետը»։ Զրոյական կետ վերադարձը Սերժ Սարգսյանի վերադարձը չէ։ Դա շատ ավելի խոր երևույթ է՝ երբ փոխվում են մարդիկ, բայց վերադառնում են իշխանության հին բնազդները. յուրայինների պաշտպանությունը, քննադատության նկատմամբ անհանդուրժողականությունը, պետական ու կուսակցական շահերի սահմանների ջնջումը, առաջնորդի շուրջ համակարգի կառուցումը։
Հեղափոխությունը հաղթել է միայն այն ժամանակ, երբ այդ ամենը այլևս հնարավոր չէ՝ անկախ նրանից, թե ով է վարչապետը: Ուստի Արմեն Գրիգորյանի գիրքը միայն անցյալի տարեգրություն չէ։ Այն իշխանության համար կարող է լինել հայելի։ 2018-ին հարցն էր՝ ինչպե՞ս փոխել իշխանությունը։ 2026-ին հարցը շատ ավելի հասուն է՝ ինչպե՞ս կառուցել պետություն, որը կարող է փոխվել առանց հեղափոխության։
Եթե Հայաստանին իսկապես «էլի հեղափոխություն է պետք», ապա հաջորդը պետք է տեղի ունենա ոչ թե միայն հրապարակում, այլ դատարանում, դպրոցում, պետական ծառայությունում, տնտեսության մեջ և հենց իշխանության ներսում։
Այն պետք է լինի ինստիտուտների հեղափոխություն, որովհետև հաջող հեղափոխության վերջնական հաղթանակը նոր հեղափոխությունը չէ։ Այն պետությունն է, որտեղ հաջորդ հեղափոխությունն այլեւս անհրաժեշտ չէ։

Բաց մի թողեք
Արդարադատությունը չի կարող ունենալ երկու պատասխանատվության չափանիշ մեկը
Yandex-ը Հայաստանում վաղուց միայն տաքսի պատվիրելու հավելված չէ
Երևանում այդ «ուղղիչ մեքենան» դեռ ամբողջությամբ չկա