27/07/2024

Գեբելսի հոգեզավակները կամ՝ ինչ են որոճում և ինչ խնդիր են լուծում «ՊՈԱԿ-ի տիկոները»

Նախկին իշխանության քարոզչամեքենայի ներկայացուցիչներն այն աստիճան են ոգեշնչված Տավուշի չորս գյուղերը «տալու» թեմայից, որ իրենց հանրային խոսքում ընդհուպ դիմում են ստի ու ապատեղեկատվության գործիքին՝ հանրությանը ապակողմնորոշելով ու թյուրիմացության մեջ գցելով։

«Հողատվության» նարատիվը գեներացնելով՝ «խոսող գլուխները» ակնհայտորեն մեկ նպատակ են հետապնդում՝ ժողովրդին, այսպես ասած, «թասիբի գցել» ու ոտքի հանել՝ թույլ չտալու, որ «Ղարաբաղը հանձնած Նիկոլը հիմա էլ Հայաստանի մյուս մարզերը ճանաչի Ադրբեջանի մաս»։

Ցավով պետք է արձանագրել, որ այս որակի քարոզիչների թվում են նաև նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից մեկն էլ պատգամավորի մանդատ ունի ու հարկատուների վճարած գումարներից աշխատավարձ է ստանում, փաստորեն, նույն այդ հարկատուներին ստով ու կեղծիքով կերակրելու համար։ Խոսքը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, նախքան պատգամավոր դառնալը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական աշխատած, շատերի կողմից որպես «ՊՈԱԿ-ի Տիկո» հայտնի Տիգրան Աբրահամյանի մասին է։

Պարոն Աբրահամյանը, ինչպես նրա կենսագրականն է վկայում, իր մասնագիտական կարիերայի մեծագույն մասը նվիրել է կառավարական կաբինետներում նստելուն և այդ կաբինետից տեղեկատվական հոսքերը կառավարելուն, այդ թվում՝ հասարակական գիտակցության մշակմանը՝ ուղեղների լվացում, ըստ անհրաժեշտության՝ այդ ուղեղների հետ նաև այլ գործողությունների կատարում՝ հանրային վարքագիծը կառավարելի դարձնելու ու կոնտրոլի տակ պահելու նպատակով։ (Նա 2009-2012թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ, 2012-2014թթ.՝ տնօրենի խորհրդական: 2014-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրեն):

Նա հենց այդ ընթացքում էլ, ենթադրում ենք, յուրացրել է քարոզչական՝ ընդհուպ կեղտոտ տեխնոլոգիաները, որոնց կիրառումը հատուկ էր Նացիստական Գերմանիայի ագիտպրոպին՝ տխրահռչակ պրոպագանդիստ Պաուլ Յոզեֆ Գեբելսի դիրիժորությամբ։ Արդ, ինչո՞ւ է պարոն Աբրահամյանը զբաղված մի բանով, որը կպատշաճեր «ֆյուրերի կծող շանը»։

Դեռ 2011-ին Կազանում ԼՂ յոթ շրջանները հանձնելուն պատրաստ Սերժ Սարգսյանի երիտկուսակիցը, որը, հիշեցնենք, շաբաթներ առաջ ԱԺ բարձր ամբիոնից գուժեց Հայաստանի «ընկնելու» մասին (դժվար է ասել՝ սա անձամբ Աբրահամյանի՞, թե՞ նրա արտաքին թելադրիչների պլանն ու երազանքն է), վերջին շաբաթներին էլ ամենօրյա ռեժիմով տիրաժավորում է «Տավուշի հայկական չորս գյուղերի հանձնման» թեման (նկատենք՝ նա, լինելով խորամանակ պրոպագանդիստ, չի հստակեցնում, որ դրանք հայկական գյուղեր չեն, նման անուններով գյուղեր ՀՀ Տավուշի մարզում չկան, և որ այդ գյուղերը հայկական գյուղերին հարակից ադրբեջանական գյուղեր են)։

Զգալով, որ «հանձնման» թեման ռեզոնանսներ է ունենում հանրության մեջ ու որոշակի դիմակայություն է առաջ բերում, պարոն Աբրահամյանը որոշել է զարգացնել այն՝ կիրառելով գեբելսյան հայտնի տրյուկը՝ արդեն իսկ հանձնված, զիջված համարելով ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատածներ։ Հիշեցնենք Գեբելսի մտքի արգասիքը՝ «սուտը անընդհատ կրկնելու դեպքում կարելի է ճշմարտության տեղ անցկացնել»։ «Իշխանությունն իր քարոզչական ողջ ռեսուրսը դրել է ապացուցելու, որ Ադրբեջանին հանձնվող գյուղերը հայկական չեն, իսկ իրենք պայքարում են բացառապես ՀՀ տարածքների համար:

Իսկ Սոթքի, Ջերմուկի, Սև Լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի ու ՀՀ մյուս հատվածները հայկակա՞ն են, թե՞ ոչ: Եթե այո, ապա դա ինչու զիջեցիք, դա էլ, ըստ ձեզ, ՀՀ ինքնիշխան տարածքն էր: Հայաստանում ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր համայնքը, տունը կարող է հռչակել ադրբեջանական ու հանձնել թշնամուն»,- գրել է երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը, կրկնում ենք, հարկատուների գումարներից աշխատավարձ է ստանում ու նրանց առաջ ստում։

Տիգրան Աբրահամյանը եթե պարկեշտության ու ընդհանրապես բարոյականության հետ կապված խնդիրներ չունի, ապա պետք է մի ստատուս գրի ու հրապարակի այն անառարկելի ապացույցներն ու փաստերը, որոնց հիման վրա արել է իր վերոհիշյալ պնդումը։ Մասնավորապես՝ հրապարակի ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ստորագրված այն փաստաթուղթը, որով ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սոթքի, Ջերմուկի և վերոթվարկյալ մյուս տարածքները «զիջված» են կամ «հանձնված»։ Իսկ եթե ոչ՝ ներողություն խնդրի իր ընտրողներից՝ էժանագին սուտ ու զրպարտություն տարածելու համար։ Էդուարդ Շարմազանովը լիներ, այս դեպքում հաստատ կհակադարձեր՝ «բարոյականությունը քաղաքական կատեգորիա չի», ու այսպիսով իր կուսակից ընկերջը կփորձեր փրկել ոչ այնքան բարոյական մարդուն տրվող տերմինով կոչվելուց։

Նշենք, որ ՀՀ-ն դիվանագիտական բոլոր մակարդակներում մշտապես բարձրացնում է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի հետքաշման հարցը և պնդում է սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչպես օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել սահմանազատում՝ նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային Միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա:

Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի և մյուս՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները, եթե Աբրահամյանի վերլուծական կարողությունները բավականացնում են ընկալել, ՀՀ սահմաններից ներս են, այսինքն՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի, դուրս գա այդ տարածքներից ու կանգնի իր՝ Խորհրդային Միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմաններին։

Haben Sie verstanden?