27/07/2024

Գյուղ տվողը դառնում է հանցագործ, մենք սկսում ենք պետական սահմանի իրավական ձևավորման գործընթաց․ Քոչարյան

Բոլոր զինատեսակները գնահատել մահաբեր և ոչ մահաբեր սխալ է, պաշտպանական և ոչ պաշտպանական բնույթի զինատեսակների մասին է խոսքը:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե ԵՄ-ն քննարկո՞ւմ է հնարավորությունը խաղաղության մեխանիզմի միջոցով ռազմական օգնության՝ ոչ մահաբեր զինատեսակներ տրամադրելու մասով:

«Բնականաբար, մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա լինի ինժեներական բնույթի, թե հակաօդային պաշտպանության, և ընդհանրեպես հակա բառը մեր պաշտպանական բոլոր խնդիրների հիմքում է: Մեր ձեռքբերած զինատեսակները միտված են տարածաշրջանում բալանսի վերականգնմանը, որովհետև դրա խախտումն էր, որ տվեց հակառակորդին հնարավորություն անցնել ռազմական գործողությունների մեկ անգամ 2016 թվականին, իսկ լայնամասշտաբ՝ 2020 թվականին»,- ասաց Քոչարյանը:

Վերջինս, դիմելով լրագրողներին, ասաց՝ ափսոս չունեիք հնարավորություն մասնակցելու 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը, որտեղ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց ոչ միայն սպասվելիք պայմանագրերի կատարումը, այլ նաև արդեն կնքված պայմանագրերի կատարված լինելը, որի արդյունքում նաև մեր ընդդիմադիր գործընկերնեից մեկ-երկուսը դուրս եկան և ձեր ներկայությամբ ասացին, որ իրենք հուզվել են, և իրենց լացը եկել է. «Ես պատասխանեցի, որ կարելի էր հուզվել այդ աշխատանքի ծավալը լսելուց հետո»:

Քոչարյանը նաև նշեց. «Բայց այնքան ուրախացա, որ վերջերս ադրբեջանցիները ինչ-որ դիրքից նկարել էին մեր ինժեներական դիրքերը, և ինչ-որ մեկը՝ ձեր բոգեր ընկերներից որևէ մեկը, շատ լավ համեմատության մեջ երկու նկար էր դրել՝ Սերյան Օհանյանի «բանկա-բութուլկեքը» և 2018 թվականից հետո մեր ինժեներական կառույցների տարբերությունը: Մինչև լայնածավալ պատերազմը սկսելը Ղարաբաղում մի այդպիսի դիրք էինք կահավորել, որտեղ ոչ միայն զոհ չունեցանք, այլև վիրավորներ էլ չունեցանք: Ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդի ցնակությունները և նպատակները, բայց ուզում եմ՝ մենք՝ բոլորս, գիտակցենք, որ մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստանի պետության ձեռքում՝ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության շնորհիվ»:

Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական ամբողջ «ներկապնակը» գտնվում է Տավուշի մարզում։

«Ընդ որում՝ խոսում են բաներ, որը չի համապատասխանում իրականությանը։ Գնում են, ծառերի տակ նկարվում են, ասում են՝ Հայաստանը գյուղերը տվեց։ Գյուղերը չենք տալիս, անհնար է, գյուղ տվողը դառնում է հանցագործ։ Մենք սկսում ենք պետական սահմանի իրավական ձևավորման գործընթաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ երբ սահմանագիծը հաստատվեց, պաշտպանելը դառնում է շատ հեշտ․ «Դրանից հետո կանգնում են այն ուժերը, որոնք պատասխանատու են դրա չխախտման համար՝ սահմանապահ զորքերը»։

Հարցին՝ Տավուշի մարզի՞ց է սկսվելու սահմանազատումը, նա արձագանքեց. «Պարզ է, չէ՞, որ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու գտել է այդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»,- ասաց նա: