27/07/2024

Գագիկ Մելքոնյանը կպատասխանի «ծիկին» Զախարովային

Հնարավո՞ր է՝ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ:

Հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այս կրակոցների արդյունքում՝ չէ, քառօրյա պատերազմի, 44-օրյայի ընթացքում որևէ պատժամիջոց չի եղել Ադրբեջանի նկատմամբ։ Վերջին հաշվով, իրավական որոշումները կարող են անտեսվել, բայց ինչ-որ պահի դրանք շատ լավ աշխատում են, եթե դու կարողանում ես օգտվել այդ իրավական միջամտությունից»,- նկատեց նա:

Արձագանքելով ԵՄ դիտորդների նկատմամբ ընդդիմության քննադատություններին՝ Քոչարյանն ասաց․ «Մոռանում են, որ արձանագրումները մնայուն փաստեր են, և ցանկացած պահի, երբ կունենանք այդ գոհունակությունները, կօգտագործենք այդ արձանագրումները։ Ժամանակին, երբ ՄԱԿ-ի բանաձևերը ընդունվում էին, ասում էինք՝ հետո, բայց 44–օրյա պատերազմից հետո պարզ դարձավ, որ մեզ այդ աջակիցները չկան, որովհետև գոյություն ունեն այդ բանաձևերը։ Երբ ասում ենք՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները պետք է լինեն անխոչընդոտ, նշանակում է, որ այդ արձանագրումները անելու են իրենց գործը, երբ սեղանի շուրջ նստելուց կասեն՝ մշտադիտարկող ԵՄ 209-ից ավելի դիտորդներ կան և կարող են ավելանալ, և այդ ավելացման պարագայում ամեն մի արձանագրում ունի իր արժեքը»։

Դիտարկմանը՝ ՌԴ-ն հայտարարում է, որ ԵՄ դիտորդները վերածվում են ՆԱՏՕ-ական ուժերի Հայաստանում, պատգամավորը նկատեց․ «Ծիկին Զախարովա՞ն է ասել, կարծում եմ՝ Գագիկ Մելքոնյանը այդ հարցին կպատասխանի»։