10/10/2024

Գեղարքունիքում ավտոպահեստամասերի խանութ են հրկիզել, պատճառել 2 մլն դրամի վնաս. հայտնի է, թե ով է կատարողը

Ապրիլի 8-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրյան փողոց 128/4 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։ Այն նախ մեկուսացվել է, ապա՝ մարվել: Այրվել է խանութի պատուհանը և մասամբ ջերմահարվել առաստաղը:

Ըստ աղբյուրի՝ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ տեղի ունեցածը հրկիզում է։

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 17։50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հ. Սարգսյանը դիտավորյալ կոտրել է ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին և բենզինի միջոցով այրել խանութ սրահը ու սրահում գտնվող ավտոպահեստամասերի մի մասը, որի հետևանքով խանութին պատճառել է մոտ 2 մլն ՀՀ դրամի նյութական վնաս։

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքի փաստվ նախաձեռնվել է քրեական վարույթ։