27/07/2024

ՌԴ-ն չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց շուկա, բայց իրենցը գալիս է մեզ մոտ․ Գաբրիելյան

«Մենք ստեղծո՞ւմ ենք մարմին, որը, անկախ ԵԱՏՄ սահմանած չափանիշներից, կարող է թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանք ներմուծի Հայաստան»:

Այս մասին Ազգային ժողովում՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, հետաքրքրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ բանն այն է, որ Ռուսաստանը չի թողնում հայաստանյան կաթնամթերքը մուտք գործի իրենց շուկա, բայց իրենց կաթնամթերքը գալիս է Հայաստան․ «Արդյոք այս նախագծով այդ հարցը կկարգավորվի՞, թե՞ մենք շարունակելու ենք այդ շուկան մեր հայ արտադրողի համար փակենք, բայց իրենց ապրանքը մեր խանութներում անխոչընդոտ վաճառվի»:

Արձագանքելով պատգամավորին՝ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը նշեց․ «Այս նախագծով խոսքը կերային հավելումների մասին է, կարգավորվում է իրավական դաշտը, և ԵԱՏՄ կանոնակարգով 317 որոշմամբ պետք է անդամ պետություններում գրանցված լինի տվյալ արտադրանքը, որպեսզի թույլատրվի ներմուծել: Տվյալ պահին բեռները կանգնած են սահմանին, այս նախագծով կարգավորվում է այդ հարցը, կաթի հետ կապված կարգավորումը այս նախագծով չի սահմանվում»:

Գաբրիելյանն իր հերթին փոխնախարարին խնդրեց ուշադիր լինել բարձրաձայնված հարցի շուրջ․ «Վեց ամիս առաջ նամակ էին գրել նախարարություն, հանդիպումներ եղել են, բայց խնդրում եմ այս գործին ընթացք տալ, որովհետև ամեն օր մտնում ենք խանութներ ու տեսնում, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, բայց այդ շուկայի ապրանքը մեր վաճառասեղաններին դրված է»: