27/07/2024

ԲՏԱ նախարարը չի բացառում ռուսական հեռուստաալիքներին առնչվող համաձայնագրի միակողմանի խզումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը Մոսկվայում խորհրդակցություն է անցկացրել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության ներկայացուցիչների հետ Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այդ խոհրդակցությունները կայացել են, և ցավով պետք է արձանագրեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը։ Համենայնդեպս, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետևանքն էր Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի կողմից երկու հաղորդումների եթերազրկումը»,- ասաց նա:

Հայրապետյանի խոսքով՝ այս ամենը չի նշանակում, որ այդ հարցի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։

«Մենք առաջիկայում, եթե ոչ այս շաբաթ, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթը ուղարկել ռուս գործընկերներին առ այն, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այս հարցում շատ կառուցողական են տրամադրված և նպատակն է ոչ թե իրավիճակի սրումը, այլ ընդհակառակը՝ ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի։

Մխիթար Հայրապետյանը նկատեց՝ Հայաստանի նպատակն է վերախմբագրել համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ռուսական հեռուստաալիքների հաղորդումներում խախտումներ հայտնաբերելու պարագայում կիրառել վարչական վարույթ և պատժամիջոցներ։

«Մենք հավատով ենք մոտենում այս գործընթացին և հույս ունենք, որ միջկառավարական համաձայնագրի վերախմբագրման վերաբերյալ մեր առաջարկները կընդունվեն։ Եթե դրանք չընդունվեն, ապա չեմ բացառում հավանականություն, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- եզրափակեց Հայրապետյանը։