27/07/2024

Մեզ սպառնում են պատերազմով գրեթե ամենօրյա ռեժիմով․ Վահագն Ալեքսանյան

Վտարանդիր կառավարություն տեսականորեն չի կարող լինել այն կառավարությունը, որն ինքն է ստորագրել իր պետությունը լուծարելու մասին հրամանագիրը։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Եղել են պատմության մեջ դեպքեր, երբ ինչ-որ ղեկավար, միապետ և այլն փախել են կոնկրետ տարածքից, ոչինչ չեն ստորագրել, ասել են՝ ես հիմա վտարանդիր կառավարություն եմ և այլն, չկա, աշխարհում էլ նման դեպք տեսականորեն չկա»,- ասաց նա:

Վերջինս կրկին փաստեց՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հանրապետություն։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե ԼՂ ներկայացուցիչները հետ են կանգնել պետությունը լուծարելու մասին հրամանագրի փաստաթղթից, Ալեքսանյանը դա մեկնաբանեց մեկ բառով․ «Ֆանտաստիկ է»։

«ՀՀ իշխանությունները օրենքով ու Սահմանադրությամբ պարտավորված են պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ցանկացած գործողություն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ենթադրում է քրեաիրավական հետապնդում այդ իշխանությունների նկատմամբ»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ մտահոգություններին:

Վերջինս շեշտեց՝ ՀՀ իշխանությունները չեն կարող տալ ՀՀ-ի ինչ-որ մի տարածք․ «Պետք է ճիշտ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Երբ որ ասում ենք, որ պետք է տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, թեկուզ Տավուշի մարզի և ադրբեջանական 4 գյուղերի այդ հատվածում, այդտեղ խոսքը նրա մասին է, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո այդ մարտական դիրքերը, որտեղ որ զորքերը կանգնած են համապատասխան սպառազինությամբ, զորատեսակներով, զինատեսակներով, հրետանային միջոցներով, պետք է փոխարինվեն սահմանապահ ծառայությամբ: Պետական սահմանի ռեժիմի պետք է անցնի բուն սահմանի պահպանության իրականացումը, ինչը ենթադրում է ոչ թե անվտանգության նվազեցում, այլ բարձրացում»։

Հարցին՝ եթե երկկողմանի պրոցես ու սահմանազատում է տեղի ունենալու, ինչո՞ւ է վարչապետը հայտարարում պատերազմի վտանգի մասին, Ալեքսանյանը նկատեց. «Բոլորիդ աչքի առաջ մեզ սպառնում են պատերազմով գրեթե ամենօրյա ռեժիմով: Ադրբեջանի քաղաքականությունն ակնհայտորեն տանում է նրան, որ իրենք հասնեն էսկալացիայի»։

Նրա խոսքով՝ սահմանազատումը և սահմանագծումը սկսելը ու դա անելը հիմնավորված է իրավական փաստաթղթերով, բխում է ՀՀ շահերից: Իսկ հնարավոր ռազմական էսկալացիայի ռիսկերը կառավարելու ուղղությամբ ՀՀ կառավարությունն ու իշխանությունն իրականացնում են քայլեր:

Անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու հարցին՝ Ալեքսանյանն ասաց. «Իսկ արդյո՞ք մենք տեսնում ենք Ադրբեջանի պատրաստակամությունը առհասարակ այդ պրոցեսը սկսելու: Այս հարցի պատասխանը չունեմ»։

Խոսելով Ադրբեջանի հետ բանակցություններից՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Բանակցություններն ընթանում են: Թույլ տվեք կոնկրետ հանձնաժողովների աշխատանքի մասին հանրային չխոսեմ: Բանակցությունները՝ բանակցություններ, բայց հանրային տիրույթում էլ կա խոսույթ, ու այստեղ պետք է կարևոր մի բան հասկանալ, որ Ադրբեջանի ցանկությունը, գուցե ինչ-որ այլ ուժի դրդմամբ, այն է, որ հասնի էսկալացիայի, ու մեր խնդիրը՝ որպես ՀՀ իշխանություն, դա թույլ չտալն է, կառավարելն է այդ ռիսկը։ Ես չեմ կարող ասել՝ սահամանազատում սկսելու պատրաստակամությունի ունի կամ չունի Ադրբեջանը, շատ լավ կլինի, եթե հայտարարի, որ ունի այդ պատրաստակամությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։