Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հրավերով, մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին:
Համաժողովին ներկայացվել են աշխատաշուկայում կանանց առաջխաղացման ռազմավարական մոտեցումները, որին հաջորդել են պանելային քննարկումներ՝ «Կանայք կառավարման համակարգում» և «Կանայք բիզնեսում» թեմաներով:
Պանելային առաջին քննարկման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է կրթության առաջնահերթությանը, Դատախազությունում կանանց ներգրավվածությանը, առաջխաղացման հնարավորություններին, ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության կարևորությանը և այլն:
Այս համատեքստում Աննա Վարդապետյանը նշել է, որ ղեկավար պաշտոններում կանանց բացակայության խնդրին բախվել է իր պաշտոնավարման հենց առաջին օրը։
«Բազմաթիվ կանայք՝ քաղաքացիական ծառայության ոլորտում, ոչ մեծ թվով կանայք՝ դատախազի պաշտոնում ու հատուկենտ կանայք՝ Դատախազության ղեկավար պաշտոններում: Խնդրի լուծման նպատակով մենք սկսեցինք մեր աշխատակազմում ներգրավել խելացի, աշխատասեր, պրոֆեսիոնալ կանանց: Նման որակներով կանանց մենք սկսեցինք փնտրել ինչպես Դատախազության համակարգի ներսում, այնպես էլ գիտակրթական ոլորտներում: Այսօր գործող մոտ 400 դատախազներից 100-ը կին է: Իմ 5 տեղակալներից 2-ը կին են: Աճել է ծառայողական առաջխաղացման կարգով պաշտոնի նշանակված կին դատախազների թիվը: Եթե 2017-2021 թվականներին՝ այսինքն՝ 5 տարիների ընթացքում, ծառայողական առաջխաղացման կարգով պաշտոնի էր նշանակվել 15 կին դատախազ, ապա միայն 2023 թվականին այդ թիվը 11-ն է»,- ասել նա:
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ իր ճանապարհը հաղթահարման ճանապարհ է և ոչ՝ հակադրման ու անդրադարձել տարբեր ժամանակաշրջանների ու ոլորտների կանանց՝ ովքեր համարձակություն են ունեցել ճանաչել այն իրականությունը, որում ծնվել են, չհաշտվել այդ իրականության հետ, չձուլվել իրենց ծնունդ տված միջավայրի հետ և իրենց գոյությամբ դառնալ այդ իրականության ու միջավայրի փոփոխության հույսը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Բաց մի թողեք
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. պատասխանում է փորձագետը
Քաղաքական գլխիկներն ասում են՝ գնանք նոր ընտրությունների, միևնույն է, մնալու եք Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ. Խաչատրյան
Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան