Պարզվել են Ալավերդի համայնքի 39-ամյա բնակչի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ։
ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ 2024 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի կտրած-ծակած բազմակի վնասվածքներ ախտորոշմամբ» Ալավերդու բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել նույն քաղաքի 39–ամյա բնակիչը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության հանցափորձ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987թ․։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024թ․ ապրիլի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նույն քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող, 39–ամյա տղամարդու կողմից օգտագործվող ավտոտնակում 36–ամյա տղամարդը մոտեցել է վերջինիս, հերթական անգամ մեղադրելով նրան իրեն ձայնագրելու մեջ, վիճել է նրա հետ։ Վիճաբանության ընթացքում 39–ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած դանակով 36–ամյա տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել համաքաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև փորձել է դանակով կտրել նրա կոկորդը, սակայն վերջինիս հարազատների ու հարևանների միջամտության արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Բաց մի թողեք
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր
Վիճաբանություն ու կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են